Գլխավոր Լրահոս

Գլադիատորական մարտեր

Նախագահական ընտրություններին ընդառաջ սկսվել է թեկնածուների առաջադրման շքերթը: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց իր թեկնածության մասին հայտարարել ոչ թե կուսակիցների միջոցով, այլ անձամբ: Թեկնածուների շքերթին միացել են նաև մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Վերջին երկուսը հասարակական ընկալման մեջ դեռ էկզոտիկ թեկնածուների շարքում են, որոնք մասնակցում են օլիմպիական սկզբունքով:

Թեև նախագահ դառնալ ցանկացողների թիվն օրեցօր շատանում է, սակայն գաղափարների և քաղաքական օրակարգի առումով քաղաքական դաշտում դատարկություն է: Նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած ուժերից չկա մեկը, որ ներկայացնի հստակ քաղաքական օրակարգ, գործողությունների հաջորդականություն և պետության զարգացման հեռանկարային տեսլական:

Հայաստանում հատկապես նախագահական ընտրություններն արդեն ավանդույթի պես ընթանում են կոնկրետ անձերի միջև պայքարի տրամաբանության շրջանակում, որտեղ իշխանություն չունեցող կողմը փորձում է ամեն գնով գրավել նախագահի աթոռը՝ կարգախոսով, որ իր գալուց հետո «լավ կլինի»: Պատմությունը ցույց է տալիս, որ նախագահական ընտրությունների ժամանակ ինչ-որ մեկը միշտ դուրս է գալիս մյուսի դեմ. 1996թ. Վազգենը՝ Լևոնի, 1999թ. Կարենը՝ Ռոբերտի, 2003թ. Ստեփանը՝ Ռոբերտի, 2008թ. Լևոնը՝ Սերժի: Սրանք ավելի շուտ հիշեցրել են գլադիատորական մարտեր, քան քաղաքական պայքար:

Հայկական «գլադիատորական» մարտերում մինչ այսօր հաղթել է իշխանության «ընտրյալը», որովհետև մարտի այդ տեսակում նրա թուրը շատ ավելի սուր է:

Կարելի է միանշանակ պնդել, որ իշխանավորներից շատերի համար իշխանությունը ծառայում է որպես հարստացման աղբյուր: Ուստի նրանց ձեռքից իշխանությունը վերցնելու կամ խլելու յուրաքանչյուր փորձ գնահատվում է որպես ոտնձգություն սեփականության նկատմամբ, և համապատասխան կոշտ քայլեր են ձեռնարկվում: Ինչպես հողերն են արյան գնով պահվում, այնպես էլ «սեփականությունը»:

Եթե Հայաստանում կա իրական փոփոխություններ ցանկացող ուժ, ապա նա պետք է այնպիսի օրակարգ ձևավորի, որ մեծ ցանկության դեպքում անգամ իշխանությունների կողմից այն չընկալվի որպես սեփականություն խլելու փորձ: Այս ընկալումը հատկապես կարևոր է հասցնել ժողովրդական լայն զանգվածներին, որոնք այդպիսի քաղաքական օրակարգի դեպքում մոբիլիզացվելու մեծ պոտենցիալ ունեն: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում