Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագիրը կսկսի գործել փետրվարի 7-ից

Կառավարության որոշման համաձայն՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագիրը կսկսի գործել փետրվարի 7-ից: Միասնական սոցիալական ծառայությունն ամեն օր կազմելու է շահառուների ցուցակ և ուղարկելու է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ օգնելու վարկային խնդիրներ ունեցող քաղաքացիներին:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ցուցակը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կսահմանի նոր՝ 20% բռնագանձման չափ, նախկին 50%-ի փոխարեն: Սա կվերաբերի ինչպես աշխատավարձին, այնպես էլ պայմանագրային եկամուտներին: Սակայն եթե օրենքով կամ այլ ակտով նախատեսված է ավելի ցածր տոկոս, ապա կգործի այդ ավելի ցածր տոկոսը:
Աշխատավարձից 20% պահումը կսկսի գործել ցուցակում ընդգրկվելուն հաջորդող ամսվա 1-ից և կշարունակվի 2 տարի:
Ծրագրից օգտվելու պայմանները.
1. Դիմումի ներկայացում
- Ժամկետ՝ 2025թ. փետրվարի 1-ից մինչև 2026թ. հունվարի 31-ը
- Դիմել կարելի է միայն մեկ անգամ
- Դիմելու տարբերակներ՝
* Առցանց՝ www.e-social.am կայքով
* Անձամբ՝ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած գրասենյակում
2. Վարկի պայմանները
- Վարկը պետք է լինի անհուսալի՝ առնվազն 3 տարի
- Վարկի մայր գումարը չպետք է գերազանցի 1 միլիոն դրամը
- Վարկը պետք է լինի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկում կամ վարկային կազմակերպությունում
3. Աշխատանքի պայման
- Դիմելու պահին անձը պետք է ունենա գրանցված աշխատանք։
Հունվարի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անհուսալի վարկեր ունեցող անձանց ակտիվացման տնտեսական միջոցառմանը, նշել էր, որ կառավարությունն այդ մարդկանց առաջարկում է անցնել թափանցիկ դաշտում աշխտանքի, որպեսզի նրանց աշխատավարձի համար հաշվարկված եկամտային հարկն ամբողջությամբ ուղղվի անհուսալի վարկի մարմանը:
«Աշխատավարձից բռնագանձման ենթակա գումարի չափը նախկին 50 տոկոսից կնվազի 20 տոկոսի, իսկ բանկերը կներեն հաշվարկված տուգանքների 80 տոկոսը: Բանկերը 20 տոկոսը պահում են, որպեսզի այս ներումից առաջացած իրենց հարկային պարտվորությունները կատարեն»,- հայտարարել էր վարչապետը:
Civilnet










