2025-ի ներդրումային հեռանկարները. «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի» ռազմավարությունը Հայաստանում

Հրապարակվում է որպես գովազդ
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն` Հայաստանի մի քանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը, 2024-ին էականորեն ավելացրել է կառավարվող ակտիվները՝ գրանցելով 40% աճ և հասցնելով 567 մլրդ դրամի (1,4 մլրդ եվրո): Այս արդյունքները ներկայացվեցին Երևանում Amundi Investment Outlook 2025 ավանդական ամենամյա միջոցառման ընթացքում, որն անցկացվում է աշխարհի ավելի քան 20 երկրներում։ Երևանում հունվարի 30-ին տեղի ունեցած միջոցառումը կրում էր «Գլոբալ ներդրումային հեռանկարներ 2025. լուսավոր կետեր անկանոնությունների աշխարհում» խորագիրը։ Ընկերության միջազգային և տեղական առաջատար փորձագետները ներկայացրեցին առաջիկա տարիներին ֆինանսական շուկաներին սպասվող հիմնական և հնարավորությունները:

Ամունդի-Ակբայի ձեռքբերումները 2024-ին
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Ժան Մազեջյանը ներկայացրեց ընկերության արդյունքները անցած տարվա համար: Ընկերության կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը 2024-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ հասել է 567 մլրդ դրամի (մոտ 1,4 մլրդ եվրո)՝ տարվա ընթացքում գրանցելով մոտ 40% աճ: Ընդ որում, ընկերությունը երկարատև ժամանակահատվածում ցուցաբերում է կայուն աճ. 2014-ից կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան աճը կազմում է շուրջ 8%:

Ընկերությունն էականորեն ընդլայնել է ներդրումային գործիքները, ներառյալ Հայաստանում առաջին՝ «Տելեկոմ Արմենիայի» (Team Telecom Armenia) թողարկած կայունության հետ կապված և ՀԷՑ-ի թողարկած կանաչ պարտատոմսերում, ինչպես նաև ՎԶԵԲ-ի հետ կնքված միջարժութային հակադարձ ռեպո գործարքներով: Մազեջյանի խոսքով՝ 2022-ին ՎԶԵԲ-ի հետ միջարժութային փոխանակման գործարքների շրջանակը ևս ընդայնվելու է «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ առաջիկայում կնքվող պայմանագրի միջոցով։ Դա, ըստ նրա, կշարունակի նպաստել թե՛ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների արդյունավետ կառավարմանը, թե՛ երկրի կապիտալի շուկայի զարգացմանը:
Ընկերության սոցիալական պատասխանատվության Մազեջյանը կարևորում է կրթական հարթակի գործարկումը, որի մեկնարկը նախատեսված է մարտի սկզբին և ուղղված է հայաստանյան ուսանողների ֆինանսական գրագիտության բարձրացմանը: «Այս նախաձեռնությունը կոչված է նպաստելու երկրի ֆինանսական հատվածի համար որակյալ մասնագետների պատրաստմանը»,- պարզաբանեց նա:
Ակտիվների տակտիկական բաշխում
«Ամունդիի» պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար Ֆրեդերիկ Պասկալը ներկայացրեց 2025-ի ակտիվների բաշխման մանրամասն վերլուծություն: Ներկա պայմաններում ընկերությունը պահպանում է դրական վերաբերմունք ռիսկային ակտիվների նկատմամբ, հատկապես՝ տարվա սկզբին: Ֆինանսական շուկաները, ինչպես նա նշեց, բարենպաստ պայմաններ են ստեղծում ռիսկային ակտիվների համար, ինչպիսիք են գլոբալ բաժնետոմսերը, ներդրումային պարտատոմսերը և զարգացող շուկաների պարտատոմսերը: Սակայն նա զգուշացնում է հնարավոր ռիսկերը հաշվի առնելու կարևորության մասին:

«Ամունդի-Ակբան» մանրամասն վերլուծում է տարածաշրջանային շուկաները՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Բարձր ներդրումային գրավչություն ունեցող երկրների շարքում առանձնանում են ԱՄՆ-ն, որտեղ աշխատանքի ամուր շուկան և նորարարական տեխնոլոգիաները շարունակում են ապահովել կայուն աճ: Հնդկաստանը և Հարավարևելյան Ասիան նույնպես ներդրողների ուշադրության կենտրոնում են՝ շնորհիվ դինամիկ զարգացող տնտեսությունների և ժողովրդագրական բարենպաստ գործոնի:
Այնուամենայնիվ, մի շարք շուկաներում նշանակալի ռիսկեր կան: Օրինակ, Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում և Իտալիայում, նկատվում է լճացում և հումքային ներմուծումներից բարձր կախվածություն, ինչը տնտեսությունը խոցելի է դարձնում: Թուրքիան մնում է բարդ ուղղություն՝ արժույթի փոխարժեքի տատանողականության և բարձր գնաճի պատճառով, իսկ Արգենտինան բախվում է ֆինանսական խորը ճգնաժամի:
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց չինական շուկային, որը նախկինում համարվում էր գլոբալ ներդրումների աճի հիմնական կետերից մեկը: Սակայն 2024-ին Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը, որը պայմանավորված էր անշարժ գույքի ոլորտի խնդիրներով, սպառողական պահանջարկի նվազմամբ և քաղաքական ռիսկերով, հանգեցրել է ներդրողների ռազմավարությունների փոփոխության: «Ամունդի-Ակբայի» բանախոսների խոսքով՝ չինական ֆոնդային շուկան մնում է ճնշման տակ, և շատ ներդրողներ նախընտրում են կրճատել իրենց ներկայությունը՝ հօգուտ ավելի կայուն տարածաշրջանների, ինչպիսիք են Հնդկաստանը կամ Հարավարևելյան Ասիան:

Կայուն ակտիվներում ներդրումները նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում ընկերության ռազմավարության մեջ: 2024-ին «Ամունդի-Ակբան» ակտիվորեն օգտագործել է ESG (Environmental, Social, and Governance, Բնապահպանական, սոցիալական և կառավարման) ներդրումային գործիքներ, այդ թվում՝ «կանաչ» պարտատոմսերը, որոնք դառնում են ոչ միայն ռիսկերի հեջավորման գործիք, այլև ապագա ներդրումների կարևոր ուղղություն:
Հայաստանյան շուկայի զարգացման միտումները
Ընկերությունում, ինչպես նշեցին նրա ներկայացուցիչները, հատուկ ուշադրություն է դարձվում տեղական ֆինանսական շուկայի զարգացմանը: Հայաստանում ընկերությունը շարունակում է ընդլայնել ազգային պարտատոմսերի պորտֆելը, ինչպես նաև դիտարկում է արժութային ռիսկերի հեջավորման հնարավորություններ՝ ածանցյալ ֆինանսական գործիքների միջոցով:
Ընկերությունը զարգացնում է նաև արժութային փոխանակումների շուկան և նախատեսում է նոր համագործակցություն «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ՝ ռիսկերի հեջավորման ոլորտում և նոր գործիքների կիրառում՝ ներդրումների եկամտաբերության կայունացման համար:
Կարևոր իրադարձություն է դարձել 2025-ի հունվարին օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որը թույլ է տալիս ակտիվների մինչև 10%-ը ներդնել ոչ հրապարակային ընկերություններում: Ինչպես նշեց «Ամունդի-Ակբայի ֆոնդերի» կառավարիչ Անուշ Ամիրջանյանը, սա բացում է նոր հնարավորություններ ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման և տեղական կապիտալի շուկայի զարգացման համար՝ ներդրումներ ուղղելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են, օրինակ, ենթակառուցվածքային ծրագրերը:

Ընկերությունը պլանավորում է զարգացնել այս ուղղությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համագործակցությամբ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ֆինանսական և պետական պարտատոմսերի շուկայում 2024-ին գրանցվել է երկնիշ եկամտաբերություն։ Ամիրջանյանը նշեց, որ հայկական ազգային արժույթը դրսևորել է համեմատաբար կայուն վարքագիծ ԱՄՆ դոլարի նկատմամբ: Չնայած այլ արժույթների նկատմամբ դոլարի ամրապնդմանը՝ Հայաստանում նկատվել է հակառակ միտումը՝ դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ մոտ 2,2%-ով:
«Մենք հատուկ կարևորություն ենք տալիս իրական տնտեսությունում ներդրումներին: 2025-ին մենք մեր ջանքերը կուղղենք ինչպես կորպորատիվ պարտատոմսերում ներդրումների իրականացմանը, այնպես էլ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումային հնարավորությունների ստեղծմանը»,- նշեցԱմիրջանյանը:
Հայկական շուկայի համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ֆինտեք ոլորտի զարգացումը: «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն» աջակցում է ֆինանսական ծառայությունների թվայնացմանը՝ ստեղծելով ներդրումային հարթակներ մանրածախ ներդրողների համար և զարգացնելով կրթական ծրագրեր՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման համար:
Կապիտալի շուկայի դինամիկան և տեխնոլոգիական հատվածի դերը
Ըստ «Ամունդիի» փորձագետների գնահատականի՝ ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը, հատկապես «Հիասքանչ յոթնյակի» տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերը, վաճառվում են բարձր գներով՝ իրենց շահույթի համեմատ: Եթե ամբողջ S&P 500 ինդեքսի համար այս հարաբերակցությունը կազմում է 22, ապա առանց խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների՝ այն նվազում է մինչև 18: Փորձագետները կանխատեսում են, որ 2025-ին ԱՄՆ կապիտալի շուկայում աճը կտարածվի նաև տնտեսության այլ ոլորտների վրա՝ շնորհիվ հարկերի նախատեսվող նվազեցման և ամերիկյան արտադրողներին աջակցության:
Արժեթղթերի շուկայում այժմ ավելի շահավետ է գնել հուսալի պարտատոմսեր, քան բարձր եկամտաբերությամբ ռիսկային պարտատոմսեր: Մասնագետները նշում են, որ եթե անգամ տոկոսադրույքները մի փոքր բարձրանան (0,5%-ով), դրանք միևնույն է կբերեն իրական շահույթ:
Ինչ վերաբերում է բաժնետոմսերին, ակնկալվում է, որ դրանց արժեքը կաճի մոտ 10%-ով բոլոր հիմնական բորսաներում: Ընդ որում, եվրոպական բաժնետոմսերը կարող են հատկապես լավ արդյունքներ ցույց տալ երեք պատճառով՝ ընկերությունները կվաստակեն ավելի շատ, նրանց բաժնետոմսերը կթանկանան, իսկ բաժնետոմսերի սեփականատերերին կվճարվեն լավ շահաբաժիններ:
Հատկապես հեռանկարային են համարվում եվրոպական բանկերի բաժնետոմսերը: Երկրների միջև առևտրային պատերազմներն ավելի քիչ են ազդում նրանց վրա, քանի որ նրանք հիմնականում աշխատում են տեղական շուկաներում: ԱՄՆ-ում հետաքրքիր են փոքր ընկերությունների բաժնետոմսերը. նրանց կարող է օգնել նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան կրկին զորեղ դարձնենք» (Make America Great Again) քաղաքականությունը և հարկերի նվազեցումը:
Տեխնոլոգիական հատվածում հատուկ ուշադրություն է դարձվում արհեստական բանականության զարգացմանը: Փորձագետները նշում են, որ Թրամփի վարչակազմի կողմից հաջորդ տարվա համար 500 մլրդ դոլար և ընթացիկ տարում 100 մլրդ դոլար AI-ում ներդրումների ծրագրերը նշանակալի աճի հնարավորություններ են ստեղծում: Ընդ որում, ընդգծվում է, որ AI-ն արդեն ակտիվորեն ներդրվում է հենց «Ամունդիի» ներդրումային գործընթացներում, թեև վերջնական որոշումները մնում են մարդու իրավասությանը:
Երկարաժամկետ միտումներ և նորարարություններ
Փորձագետներն առանձնացրել են երկարաժամկետ երեք հիմնական միտում, որոնք առաջիկա տարիներին կազդեն ակտիվների ռազմավարական բաշխման վրա: Առաջին միտումը կապված է ժողովրդագրական փոփոխությունների և կենսաթոշակային համակարգերի վրա դրանց ազդեցության հետ: Զարգացած երկրներում բնակչության ծերացումը ճնշում է ստեղծում տնտեսության պոտենցիալ աճի վրա և պահանջում է նոր մոտեցումներ կենսաթոշակային պարտավորությունների ֆինանսավորման համար:
Երկրորդ կարևոր միտումը արհեստական բանականության զարգացումն է և դրա ազդեցությունը արտադրողականության վրա: Առաջիկա հինգ տարիներին զարգացած տնտեսություններում ակնկալվում է AI տեխնոլոգիաների ներդրման նշանակալի դրական ազդեցություն: Ընդ որում, ընդգծվում է, որ տեխնոլոգիաները չեն փոխարինի մարդուն, այլ կնպաստեն որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը:
Երրորդ միտումը վերաբերում է կլիմայական փոփոխություններին և էներգետիկ անցմանը: Չնայած Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, փորձագետները նշում են, որ մասնավոր հատվածը, այդ թվում՝ ավանդական պահպանողական նահանգներում, ինչպիսին է Տեխասը, շարունակում է ներդրումներ կատարել վերականգնվող էներգետիկայում: Եվրոպայի համար էներգետիկ անցումը դառնում է ոչ միայն էկոլոգիական, այլև ռազմավարական առաջնահերթություն, որը կարող է բարելավել եվրոպական տնտեսության մրցունակությունը:
Թեմա
Civilnet










