Թուրքիայի բնակիչները $302 մլրդ-ի ոսկու ձուլակտորներ, մետաղադրամներ և զարդեր են պահում, ասվում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) փորձագետների ուսումնասիրության մեջ։ Թուրքիայի բանկիրները և տնտեսագետները կարծում են, որ թանկարժեք մետաղի նման պաշարները չպետք է «անշարժ» լինեն, և քայլեր են ձեռնարկում այն ֆինանսական շուկա վերադարձնելու ուղղությամբ:
WGC-ի փորձագետների գնահատմամբ՝ Թուրքիայի տնային տնտեսությունները ներկայում շուրջ 5 հազ. տ ոսկի են պահում, որի արժեքը գերազանցում է Իռլանդիայի ՀՆԱ-ն: Թուրքիայի կառավարությունը մտադիր է երկրի բանկային համակարգ վերադարձնել այդ հարստության առնվազն կեսը՝ ոսկու ներկրման ծավալները նվազեցնելու և արտաքին պարտքի բեռը թեթևացնելու նպատակով:
Թուրքական ֆինանսական կառույցները ոսկու այս պաշարներին «հասնելու» համար տարատեսակ ֆինանսական գործիքներ են կիրառում: Այսպես՝ թուրքական մի շարք բանկեր երկրի բնակչությանը «ոսկով վարկեր» են առաջարկում: Բանկը պահ տրված ոսկուն կամ զարդերին համարժեք վարկ է տրամադրում հաճախորդին տեղական արժույթով: Բացի այդ՝ բանկերը մտադիր են քաղաքացիներին հնարավորություն տալ ավանդները ստանալ ոչ միայն թուրքական լիրայով կամ արտարժույթով, այլև դրան համարժեք ոսկով:
Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Թուրքիայում ոսկով ավանդներն աճել են 15%-ով, ինչը երեք անգամ գերազանցում է սովորական՝ դրամական խնայողությունները։ Մասնագիտացած ներդրումային հիմնադրամները 2012թ. միջոցների առնվազն 51%-ը ներդրել են թանկարժեք մետաղներում՝ ծավալն ավելացնելով 62%-ով: Անցած երկու տարում Թուրքիայում բանկային համակարգում ոսկով ավանդների ծավալն ավելացել է 10 անգամ:
Ոսկով ավանդների ներգրավման ջանքերի ակտիվացումը պայմանավորված է նաև բանկերի պահուստային կապիտալում ոսկու մասնաբաժինը 25%-ից 30%-ի հասցնելու Թուրքիայի կենտրոնական բանկի պահանջով։
Civilnet











