USAID-ն պետք է «բարեփոխվի», «իմաստալից գործը» պետք է շարունակվի, կարծում է Ռուբիոն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ ՄԶԳ-ին (USAID) մեղադրում է ղեկավարությանը չենթարկվելու մեջ՝ հավելելով, որ «իրենք այլ ելք չունեին, քան իրավիճակը վերահսկողության տակ վերցնել»:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն այս մասին հայտնել է FoxNews հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում։ Այն հեռարձակվել է հայտարարությունից հետո, որ հումանիտար գործակալության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնում է պետքարտուղարը։ Ռուբիոն քննադատել է USAID-ին՝ «կատարելապես չարձագանքող» լինելու համար:
«Նրանք չեն համարում, որ աշխատում են ԱՄՆ-ի համար, նրանք պարզապես կարծում են, որ իրենք համաշխարհային կազմակերպություն են, և որ իրենց տերն աշխարհն է և ոչ թե՝ Միացյալ Նահանգները», - ասել է պետքարտուղարը:
Ռուբիոն հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք գործակալությունը «պետք է մեռնի», ինչպես առաջարկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը, փոխարենը շեշտել է, որ նպատակը միշտ եղել է այն բարեփոխելը:
«Կան բաներ, որոնք մենք անում ենք USAID-ի միջոցով, որոնք պետք է շարունակենք անել, որոնք իմաստալից են, և մենք պետք է որոշենք՝ դա ավելի լավ է անել Պետքարտուղարությա՞ն միջոցով, թե՞ բարեփոխված USAID-ի», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պետքարտուղարությունը նախօրեին հայտարարել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը «վաղուց շեղվել է իր սկզբնական առաքելությունից՝ պատասխանատու կերպով առաջ մղել ամերիկյան շահերը արտերկրում, և այժմ ակնհայտ է, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորման զգալի մասը չի համապատասխանում Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերին»։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ գործակալության գործունեության նկատմամբ վերահսկողության նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել է USAID-ի տնօրենի պաշտոնակատար: Քարտուղար Ռուբիոն Կոնգրեսին հայտնել է, որ վերանայվում է USAID-ի արտաքին աջակցության գործունեությունը՝ հնարավոր վերակազմավորման նպատակով:
Civilnet










