Աշխարհն արձագանքում է Գազան վերահսկելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

Գազայի հատվածը «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի» վերածելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը քննադատության է արժանացել արաբական աշխարհում: Մտավախություններ են հնչում, որ ԱՄՆ-ն աջակցում է Գազայի էթնիկ զտմանը։
Նախօրեին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախազգուշացրել է «ԱՄՆ նախկին և ներկա վարչակազմին» պաղեստինցի ժողովրդի իրավունքների մասին և շեշտել, որ չի հաստատի դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ, եթե խախտվեն որոշակի պայմաններ:
Նախարարությունից նաև ընդգծել են, որ պաշտոնական Էր Ռիադի դիրքորոշումը «քննարկման և փոխզիջումների ենթակա չէ»:
Գազան վերահսկելու մասին Թրամփի հայտարարությունը պաղեստինյան «Համաս» խմբավորումը ծիծաղելի և անհեթեթ է որակել։ «Այս տեսակի ցանկացած գաղափար կարող է բռնկել տարածաշրջանը»,- ասել է «Համաս» ավագ պաշտոնյա Աբու Զուհրին։
«Մենք այդ ծրագիրը համարում ենք տարածաշրջանում քաոս և լարվածություն առաջացնելու բանաձև, քանի որ Գազայի ժողովուրդը թույլ չի տա նման ծրագրերի իրականացում», - ասել է նա։
ԱՄՆ արձագանքը
ԱՄՆ սենատոր Քրիս Մերֆին ևս արձագանքել է Թրամփի հայտարարությանը։ «Նա լրիվ խելքը թռցրել է», - X-ում գրել է դեմոկրատ Մերֆին։ «Գազայի վրա ԱՄՆ-ի հարձակումը կհանգեցնի հազարավոր ամերիկացի զինվորների կոտորածի և տասնամյակներ տևող պատերազմի Մերձավոր Արևելքում։ Դա նման է վատ, հիվանդ կատակի»,- հավելել է սենատորը։
Ռուսաստանի արձագանքը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մերժում է կոլեկտիվ պատժի քաղաքականության կիրառման մեթոդը. «Գոյություն ունեն Արևմտյան ափը լիովին վերահսկելու իսրայելական ծրագրեր և Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղահանելու փորձեր»։
Չինաստանի արձագանքը
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեմ է Գազայի բնակչության հարկադիր տեղափոխմանը և հույս ունի, որ բոլոր կողմերը զինադադարը և հետկոնֆլիկտային կառավարումը կդիտարկեն որպես հնարավորություն՝ պաղեստինյան հարցը երկու պետության լուծման հիման վրա քաղաքական կարգավորման վերադարձնելու համար։
Թուրքիայի արձագանքը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփի մեկնաբանություններն «անընդունելի են» և զգուշացրել է, որ պաղեստինցիներին «հավասարումից դուրս թողնելը» կհանգեցնի հետագա հակամարտության։
Ֆրանսիայի արձագանքը
«Ֆրանսիան կրկին հաստատում է իր ընդդիմությունը Գազայի պաղեստինյան բնակչության ցանկացած հարկադիր տեղահանման, ինչը կհանդիսանա միջազգային իրավունքի լուրջ խախտում, հարված պաղեստինցիների օրինական ձգտումներին, ինչպես նաև երկու պետության լուծման լուրջ խոչընդոտ և մեր մերձավոր գործընկերներ Եգիպտոսի ու Հորդանանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար մեծ ապակայունացնող գործոն», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Քրիստոֆ Լեմուանը։
Civilnet










