Միխեիլ Գվաձաբիա, OC Media
Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է լրատվամիջոցներին և քաղհասարակության կազմակերպություններին վերաբերող նոր օրենքներ ընդունել, որոնք, Վրաստանի իշխող ուժի պնդմամբ, համապատասխանում են բրիտանական և ամերիկյան չափանիշներին: Կուսակցությունը դեռ մանրամասներ չի հայտնում առաջիկայում ընդունվելիք օրենքների վերաբերյալ։
Այդ մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Նա ասել է, որ հինգշաբթի օրվանից Վրացական երազանքը կսկսի աշխատել լրատվամիջոցների մասին նոր օրենքի վրա, որը կսահմանափակի լրատվամիջոցների ֆինանսավորումն օտար աղբյուրներից և «չափանիշներ կսահմանի լրատվամիջոցների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի համար», ինչպես նաև «կսահմանի ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ մշտադիտարկման և այդ չափանիշների պահպանման համար»։
Թեև ո՛չ Մդինարաձեն, ո՛չ կուսակցությունը չեն հրապարակել օրենքի նախագծի տեքստը կամ դրա վերաբերյալ այլ մանրամասներ, նա ասել է, որ օրենքը «համապատասխան կլինի բրիտանական մոդելին և օրենսդրությանը»:
Մդինարաձեն նաև հայտարարել է, որ մտադիր է օտարերկրյա գործակալների վիճահարույց օրենքը փոխարինել քաղհասարակության կազմակերպություններին վերաբերող նոր օրենքով:
Օտարերկրյա գործակալների օրենքը «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն» է պիտակավորում քաղհասարակության կամ մեդիա ոլորտի ցանկացած կազմակերպության, որն իր ֆինանսավորման առնվազն 20%-ը ստանում է արտասահմանից: Նման կազմակերպությունները պետք է հատուկ ռեեստրում գրանցվեն որպես օտարերկրյա գործակալներ և ենթակա են մշտադիտարկման յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Իրավաբանները զգուշացնում են, որ այս օրենքի շրջանակում այդ կազմակերպություններին պետությունը կարող է ստիպել, որպեսզի բացահայտեն իրենց ներքին հաղորդակցությունները և գաղտնի աղբյուրները։
Կազմակերպությունները, որոնք չեն կատարի այս պահանջները, կարող են խոշոր տուգանքների ենթարկվել: Վրաստանում քաղհասարակության և մեդիա ոլորտի շատ կազմակերպություններ իրենց ֆինանսավորումն ստանում են ԵՄ-ից:
Մդինարաձեն գործող օրենքն անվանել է «Ամերիկյան օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) «թեթև տարբերակ» և հայտարարել, թե օրենքը, որ պատրաստվում են ընդունել, կլինի FARA-ի ներկայիս տարբերակի «ուղղակի պատճենը»:
Երբ 2022-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքը ներկայացվեց առաջին անգամ, «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը, որը Վրացական երազանքի կողմից վերահսկվող ուժ է և օրենքի հեղինակը, այդ ժամանակ ևս հայտարարում էր, թե օտարերկրյա գործակալների մասին օրենքը կլինի FARA-ի պատճենը:
Ըստ այս ակտի՝ օտարերկրյա գործակալ է համարվում ցանկացած անձ (իրավաբանական կամ ֆիզիկական), որը գտնվում է օտարերկրյա տերության հսկողության ներքո կամ գործում է նրա ցուցումով և գործում է այդ օտարերկրյա տերության շահերից ելնելով:
Բացի այդ, ակտի համաձայն՝ մեդիա կազմակերպությունները, նույնիսկ եթե դրանք օտարերկրյա ֆինանսավորմամբ են գործում և օտարերկրյա սուբյեկտի սեփականություն են, չեն պիտակավորվում որպես օտարերկրյա գործակալներ, քանի դեռ դրանց քաղաքականությունն ակտիվորեն չի ուղղորդվում օտարերկրյա տերության կողմից:
FARA-ն ի սկզբանե ուժի մեջ է մտել 1938-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին ընդառաջ, երբ ԱՄՆ-ն բախվում էր արտաքին ազդեցության կայուն սպառնալիքների նացիստական Գերմանիայից և Խորհրդային Միությունից, որոնք երկուսն էլ համարվում էին թշնամական տերություններ: Արդյունքում, օրենսդրությունն ուղղված էր ԱՄՆ-ի թշնամի համարվող անձանց և երկրներին։ Նախքան նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետը (2017), այն հազվադեպ էր կիրառվում, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ էր լինում օտարերկրյա լոբբիստներին ստիպել, որպեսզի գրանցվեն։
2024-ի մայիսին օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ իր զեկույցում Վենետիկի հանձնաժողովը դեմ արտահայտվեց FARA-ի և վրացական վիճահարույց օրենքի միջև զուգահեռներ անցկացնելուն՝ նշելով, որ ԱՄՆ-ն օտարերկրյա դրամաշնորհներ և աջակցություն ստացած ՀԿ-ներից և լրատվամիջոցներից «ընդհանուր առմամբ չի պահանջում» FARA-ի ներքո գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ:
«Ի տարբերություն FARA-ի և նմանատիպ օրենքների՝ վրացական օրենքը ենթադրում է, որ օտարերկրյա աջակցություն ստացող ցանկացած անձ կգործի ի շահ օտարերկրյա ֆինանսավորողի (որը կոչվում է «օտար ուժ»)՝ ինքնաբերաբար ստեղծելով դոնորի կողմից ստացողի գործունեության վրա որոշակի ազդեցության կամ վերահսկողության անհիմն և անհերքելի ենթադրություն», ասվում է զեկույցում։
Մդինարաձեն ասել է, որ քաղհասարակության կազմակերպություններին կարգավորող նոր օրենքը անհրաժեշտություն է, քանի որ «մի քանի տասնյակ ամենահարուստ» կազմակերպություններ չեն գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ։
Նա նաև հրաժարվել է հավելյալ մանրամասներ տրամադրել, թե ինչպիսին կլինի նոր օրենսդրությունը:
Այլ նոր օրենսդրություն
Մդինարաձեն նաև հայտարարել է օրենսդրական լրացուցիչ նախաձեռնություններ և փոփոխություններ իրականացնելու ծրագրերի մասին, ներառյալ փաթեթը, որը կվերացնի պետության ցանկացած պարտավորություն, որը քաղհասարակությանը թույլ կտա մասնակցել օրենսդրական որոշումների կայացման գործընթացներին:
Մդինարաձեն նաև ասել է, որ պետական հատվածի հաստատությունները հանրային հաստատության ղեկավարի հայեցողությամբ կարող են որոշել չստանալ օտարերկրյա օգնություն: Այս սահմանափակումները վերաբերում են ուղղակի և անուղղակի աշխատավարձի հավելումներին և վերապատրաստման կամ այցելությունների ֆինանսավորմանը:
Նա նաև հայտարարել նախատեսում են թմրանյութերի վերաբերյալ ավելի խիստ օրենքներ ընդունել, ինչպես նաև փոփոխություններ անել անչափահասների արդարադատության և միգրացիայի վերաբերյալ օրենքներում։
Մդինարաձեն նաև հայտարարել է պետական հաստատությունների ներքո գործող իրավաբանական անձանց ղեկավարների նշանակումը կամ պաշտոնից ազատելը պարզեցնելու ծրագրերի մասին, որոնք, ըստ նրա, որոշվելու են նախարարների կամ պետական հիմնարկների ղեկավարների կողմից:
Շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին Վրացական երազանքն արդեն փոխել է պետական հատվածին առնչվող օրենսդրությունը՝ պարզեցնելով պետական աշխատողների աշխատանքից ազատման ընթացակարգը: Դրանից հետո պետական ոլորտի բազմաթիվ ծառայողներ դժգոհեցին, որ իրենց աշխատանքից ազատել են իրենց քաղաքական հայացքների պատճառով։
Մդինարաձեի ճեպազրույցից առաջ Վրացական երազանքը և նրա կողմից վերահսկվող «Ժողովրդի իշխանություն»-ը վիճահարույց փոփոխություններ էին ընդունել քրեական և վարչական իրավախախտումների օրենսգրքում, որոնք խստացնում են ակտիվիստների և ցուցարարների նկատմամբ հաճախ կիրառվող պատիժները:
Վրացական երազանքը հայտարարել է, որ այդ փոփոխություններն ու օրենսդրական նոր փաթեթներն անհրաժեշտ են «արտաքին ուժերի ազդեցության» դեմ պայքարելու համար։
Civilnet











