Գևորգ Թոսունյան
1976-ին Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի Կայան թաղամասում, տեղադրվեց «Մայր Հայաստան» կամ «Արևիկ» 10-մետրանոց ալյումինե կոմպոզիցիան։ Անցել է շուրջ 50 տարի, «Արևիկը» այս ընթացքում տեսավ Խորհրդային Միության փլուզում ու պատերազմ, հիմա էլ՝ խրամատներ ու մահեր։ Արձանի երիզող շրջանակը 2014-ի հոկտեմբերին քանդվեց ուժեղ քամուց։ «Արևիկի» քանդակագործը Ադիբեկ Գրիգորյանն է։ Նա մահացել է 1996-ին։ ՍիվիլՆեթն այցելել է Գրիգորյանի ընտանիք, եղել նրա արվեստանոցում ու զրուցել որդու՝ Վահան Գրիգորյանի հետ։
«Բարի գալուստ արևոտ երկիր»

Երևանի Կիևյան 24 հասցեի շենքում է Ադիբեկ Գրիգորյանի արվեստանոցը. այստեղ բնակարան ունի նաև նրա ընտանիքը։ Սա արվեստագետների շենքերից էր․ Խորհրդային Միության տարիներին այդպես էր՝ նույն մասնագիտության անձանց բնակարաններ էին տալիս նույն տարածքում։ Այդպես էլ Կիևյան 24-ի շենքի բոլոր հարկերը տրվել էին քանդակագործների, նկարիչների և հարակից այլ մասնագիտությունների անձանց, իսկ զրոյական հարկերը նրանց արվեստանոցներն էին։ Հիմա էլ որոշները պահպանվել են։
Հենց իր արվեստանոցում 1976-ին Ադիբեկ Գրիգորյանը սկսեց «թրծել» «Արևիկ» արձանի նախատիպը, որը հետո պետք է տեղափոխվեր համապատասխան արվեստանոց ու դառնար մետաղյա խոշոր արձան՝ իր կամարով։
Արձանի գաղափարը ծնվեց 1970-ականներին։ «Արևիկ» արձանը խորհրդանշում էր Հայաստանի մուտքը, երիզող շրջանակը հենց արևի շողերն են, իսկ մեջտեղում ձեռքերը վեր պարզած կինը՝ տան հյուրընկալ մայրը։
«Մարդիկ գալիս են արևոտ մի երկիր, որտեղ բոլորը հայտնի են իրենց հյուրասիրությամբ, իսկ երկիրը՝ իր արևոտությամբ։ Հիմնական գաղափարը հենց դա է եղել՝ ցույց տալ Հայաստանի մարդկանց բնավորության առանձնահատկությունները»,- հիշում է Ադիբեկ Գրիգորյանի որդին՝ Վահան Գրիգորյանը։
Արձանը պատրաստվել է ալյումինից՝ հատուկ տեխնոլոգիաներով։ Այն անցել է մի քանի փուլով՝ էսքիզից մինչև վերջնական մոդելավորում։ Գրիգորյանը պատմում է. «Քանդակը պատրաստելու համար նախ անում էին մոդել՝ մեկ ու կես նատուրայի չափով, հետո հատուկ գործիքներով մեծացնում էին մինչև հինգ մետր»։
Կնոջ կերպարի խորհրդանիշը
Արձանը ներկայացնում է պարզած ձեռքերով կին։ Կերպարի նախատիպը ընտրվել է քանդակագործի մորաքրոջ դստեր՝ Մարինկայի կերպարով, որը, ըստ Վահան Գրիգորյանի, գեղեցիկ կին էր։

«Նրան խնդրեցին, որ գա ու մի քանի օր կանգնի, որպեսզի հայրս ստեղծի նախատիպը»,- պատմում է որդին։
Գրիգորյանի խոսքով՝ այս արձանը խորհրդանշում է նաև հայ կնոջ կարևորությունը ընտանիքում և հասարակության մեջ։ «Հայրս մեծամասամբ իր աշխատանքներում կին է պատկերել։ Նա կնոջն էր տեսնում՝ որպես կյանքի ստեղծող, ընտանիքի հիմք»։
Սա վկայում է, որ արձանի մեջ ներառված է ոչ միայն ազգային, այլև համամարդկային գաղափար՝ կնոջ դերի կարևորումը:

Վահան Գրիգորյանը՝ իր արվեստանոցում
Ադիբեկ Գրիգորյանի և նրա աշխատանքների մասին
Ադիբեկ Գրիգորյանը ծնվել է 1922 թվականի մարտի 25-ին Թթուջուր գյուղում։ Նա սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, իսկ հետագայում ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտում՝ քանդակի մասնագիտությամբ։ Գրիգորյանը ստեղծագործական ուղին սկսել է 1948 թվականից, երբ դեռ ուսանող էր։
Գրիգորյանը հեղինակել է բազմաթիվ հուշարձաններ և կիսանդրիներ, այդ թվում՝ Խաչատուր Աբովյանի, Ստեփան Շահումյանի, Միքայել Նալբանդյանի, Պետրոս Դուրյանի և այլ նշանավոր անձանց քանդակները։ Նրա գործերը ցուցադրվել են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում՝ Մոնրեալում, Տոկիոյում, Հավանայում։
Բացի ստեղծագործական գործունեությունից, Ադիբեկ Գրիգորյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ 1972 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչումը։
Ադիբեկ Գրիգորյանի արվեստը առանձնանում է իր գաղափարական խորությամբ, հայկական մշակույթի նկատմամբ արտահայտչականությամբ։ Նրա ժառանգությունը մինչ օրս ապրում է տարբեր քաղաքների հրապարակներում և արվեստասերների սրտերում։
Ադիբեկ Գրիգորյանի կարևոր աշխատանքներից մեկը Գրիգոր Տաթևացու արձանն է (1966)։ Քանդակը կերտված է բազալտից և տեղադրված է Մատենադարանի քանդակաշարքում։
«Տաթևացի արձանը առանձնանում է իր ռեալիստական մոտեցմամբ և պատմական խորքային նշանակությամբ։ Այն արտացոլում է ոչ միայն կերպարի արտաքին առանձնահատկությունները, այլև նրա գաղափարական ուժը»,- նշում է որդին։






Civilnet











