Կենտրոնական բանկը հերթական անգամ որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:
ԿԲ հաղորդագրության համաձայն՝ 2012 թ. հոկտեմբերին արձանագրվել է 1.2% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը բարձրացել է մինչև 3,4%՝ մոտենալով նպատակային ցուցանիշին: «Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները պահպանվում են: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պահպանման պայմաններում կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ: Այդուհանդերձ, ցորենի միջազգային գների բարձր մակարդակի պահպանումը վկայում է պարենային ապրանքների միջազգային շուկայում առկա հիմնարար լարվածության մասին: Վերջինս կշարունակի իր ազդեցությունն ունենալ ներքին գների վրա՝ դրսևորվելով «Հացամթերք» ապրանքախմբի գներում: Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ արտաքին հատվածից հնարավոր են նաև էներգակիրների գնաճային ռիսկեր»,- նշված է հաղորդագրությունում:
Ըստ ԿԲ-ի՝ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը շարունակում է մնալ չափավոր գնաճային` պայմանավորված մասնավոր սպառման, հետևաբար և տնտեսական աճի տեմպերի շարունակվող արագացմամբ: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ: «Հաշվի առնելով վերջին ամիսներին 12-ամսյա գնաճի ցուցաբերած վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները ներքին գների վրա` ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի փոփոխումից: Այդ պարագայում 12-ամսյա գնաճը առաջիկա ամիսներին կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի այդ մակարդակի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում:
Միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդն իրականացրել է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը կրճատելու գործընթացի վերջին փուլը` 4 տոկոսային կետից այն դարձնելով 3 տոկոսային կետ: ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանել է 6.5%, իսկ տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9,5%։
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է անցած տարվա սեպտեմբերին և այս ընթացքում յուրաքանչյուր ամիսն թողել անփոփոխ։
Civilnet











