Գևորգ Թոսունյան
Երևանի օդի որակը տագնապալի վիճակում է։ Քաղաքապետարանի 160 մոնիթորինգային կայանները ցույց են տալիս, որ օրվա ընթացքում օդը գնալով դառնում է ավելի վատը։
Երևանում կգտնեք ընդամենը մեկ կամ երկու հատված, որտեղ օդը շնչելիս առողջությանը վտանգ չի սպառնա, այն էլ վաղ առավոտյան, երբ քաղաքը դեռ չի արթնացել։ Ինչպե՞ս է ի վերջո լուծվելու այս խնդիրը։
Երևանից 50 կմ հեռու գտնվող Վեդի քաղաքի բնակիչ Մաքսիմ Գասպարյանն ասում է, որ իր համար մայրաքաղաք այցերն ամենածանրն են։ «Ես սրտի երկու վիրահատություն եմ տարել։ Երբ Երևանում եմ լինում, ինձ համար ավելի դժվար է շնչելը։ Պարբերաբար հազ եմ ունենում, ավելի շատ, քան, օրինակ, Վեդիում։ Անգամ գլխացավեր եմ ունենում»,- ասում է նա։
Երևանի քաղաքապետարանի օդի մոնիթորինգի 160 կայանները, որոնք ցուցադրում են օդի աղտոտվածությունը փոշիով, պարբերաբար գունափոխվում են։ Վաղ առավոտյան նարնջագույն հատվածն է գերակշռում, այսինքն՝ օդի որակը վատն է զգայուն խմբերի համար։ Արդեն կեսօրին ու դրանից հետո դրանք գունափոխվում են կարմիրի՝ անառողջ օդ, որոշները մանուշակագույնի՝ շատ անառողջ։ Այս սարքերը շինարարական հրապարակների մոտ են։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մայրաքաղաքում 45 շարժական և 5 անշարժ դիտակայան ունի մթնոլորտային օդի որակի ստուգման համարը։ Ամենավատը ցուցանիշները գալիս են Խանջյան փողոցից ու Նոր Նորքից։
«Հունվարին Երևանի օդի աղտոտվածությունը գրանցվել է ամեն օր։ Ամենամեծ աղտոտվածությունը գրանցում է մեր մոնիտորինգային կայանը, որը Կենտրոն վարչական շրջանում է։ Փոշու կոնցենտրացիայի գերազանցումները գրեթե ամեն օր են նկատվում»,- ասում է Գոհար Հակոբյանը՝ Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայությունից։
Երևանի տարբեր թաղամասերում և երևանամերձ վայրերում զանգվածային շինարարությունը օդի աղտոտման հիմնական գործոններից է։
Խնդրի լուծումները մի քանիսն են։ Առաջինը շինարարության վերահսկողությունն է։ Կան գրված կանոններ, բայց նաև՝ վերահսկողություն բաց։ Երևանի քաղաքապետարանը վերջին կես տարում զգալիորեն ավելացրել է օդի որակի մշտադիտարկող սարքերը. եթե 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ դրանք ընդամենը 30-ն էին, հիմ՝ա 160-ը։ Մյուս կողմից, կառուցապատողները փոշեկլանիչ ցանցեր գրեթե չեն տեղադրում ու այլ կանխարգելիչ աշխատանքներ չեն իրականացնում։ Քաղաքապետարանի վերահսկողությունը թերի է, իսկ տուգանքներն էլ՝ ցածր։ Կառուցապատողները խախտումների համար տուգանվում են ընդամենը մոտ 200-250 դոլար։
Երևանի աղտոտված օդի պատճառներից մեկն էլ կանաչ տարածքների պակասն է։
Երևանը շրջապատող մեծ այգիները՝ Դալմայի, Նորքի, Գայի պողոտայի, Սարալանջի տարածքները բավականաչափ ծառապատված չեն։ Բացառություն են միայն
Ծիծեռնակաբերդի և Հաղթանակի զբոսայգու հատվածները, որտեղ ևս տարիների ընթացքում անհասկանալի կառուցապատումներ են եղել՝ ի հաշիվ կանաչ տարածքների։
«Երևանը, ասես փոսի մեջ գտնվի, հարակից լանջերը այն փակում են։ Այսինքն՝ Երևանը պետք է առնվի կանաչ ափերի մեջ, ուրբան անտառներ են կոչվում դրանք»,- ասում է կենսաբան Հասմիկ Խուրշուդյանը։
Օդի աղտոտման պատճառներից մեկն էլ տարեցտարի ավելացող ավտոմոբիլներն են։ Չնայած էլեկտրամոբիլների թիվը էապես ավելացել է, բայց Հայաստանում ընդունված պրակտիկա է նաև բենզինով մեքենաների կատալիզատորը՝ արտանետվող գազերի ֆիլտրը, հանել և վաճառել դրանում առկա թանկարժեք նյութի՝ պալադիումի համար։
Այս խնդրի մասին բարձրաձայնեց նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի սկզբին. «Աղտոտող ավտոմեքենաները կարող ենք սահմանափակել։ Շատ են այդպիսի մեքենաները, որ կատալիզատորը հանել են և ընդհանուր երթեւեկում են քաղաքում»։
«Այն օրերին, երբ օդը վատն է, զգայուն խմբերը պետք է անպայման կրեն դիմակ։ Հարկավոր է նաև խուսափել բաց տարածքում հեծանվային սպրոտով կամ ֆիզիկական վարժությամբ զբաղվելուց։ Պետք է քիչ լինել փողոցում ու պատուհանները փակ պահել»,- ասում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
Երևանի քաղաքապետարանն էլ խոստանում է առաջիկայում ներկայացնել օդի որակի բարձրացման ծրագիր։ Նախատեսում են օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, որոնք մարդածին աղտոտվածության մակարդակը կարող են նվազեցնել։
Civilnet











