Գլխավոր Լրահոս

Ջալալ Հարությունյանի պաշտպանները կվիճարկեն դատավճիռը 

Ջալալ Հարությունյանի պաշտպանները կվիճարկեն դատավճիռը 

Հայկ Ղազարյան

«Մենք համաձայն չենք մեղադրական վերդիկտի հետ և այն բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում: Մենք նաև վիճարկելու ենք պատժի խստությունը: Մեր դիրքորոշումն է, որ մեղադրական վերդիկտը չէր կարող կայացվել, իսկ եթե կայացվել է, ապա պատիժը չպետք է լիներ այդքան խիստ։ Իհարկե, մեր հիմնական խնդիրը մեղադրական վերդիկտի վիճարկումն է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը։

Այսօր Սյունիքի մարզի դատարանն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5,5 տարվա ազատազրկման։ Երեկ՝ փետրվարի 6-ին, Սյունիքի մարզի դատարանում դատախազը վեց տարի պահանջեց ՑՕՐ-ի «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող Ջալալ Հարությունյանի համար։ Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վճռով՝ Ջալալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել «ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով):

Տե՛ս՝ Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման

Ջալալ Հարությունյանի փաստաբանը ասաց, որ իր պաշտպանյալը խոչընդոտող հիվանդություն ունի, և պիտի փորձաքննություն նշանակվի: Դատարանը, նրա խոսքով,  անհիմն է մերժել այդ փորձաքննությունը, քանի որ Հարությունյանը մոտ յոթ անգամ վիրահատվել է և երկար ժամանակ անգիտակից վիճակում պառկած է եղել, և միայն տևական բուժումից հետո է կարողացել ոտքի կանգնել։  

Պաշտպանվող կողմը նաև միջնորդել էր, որ դատարանը երեխայի խնամքի հիմքով պայմանավորված պատիժը հետաձգի։

«Օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, եթե մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում է տալիս, և անձը մինչև վեց տարեկան երեխա ունի իր խնամքին։ Բայց դատարանը, իմ կարծիքով, ուղղակի պատիժ նշանակեց 5,5 տարի և ոչ 5 տարի, որպեսզի ուղղակի այդ հարցը այլևս չքննարկի»,- ասաց փաստաբանը։

Ըստ Անդրանիկ Մնացականյանի՝ ծանրացնող որևէ հանգամանք չկար այս գործում, միայն մեղմացնող հանգամանքներ են և 4-8 տարի սանկցիայի պայմաններում դատարանը նշանակեց 5,5 տարի ազատազրկում․ «Սա, մեր կարծիքով, ևս չի համապատասխանում այս պահին գործում առկա մեղմացնող-ծանրացող հանգամանքներին ու Ջալալ Հարությունյանի անձը բնութագրող տվյալներին»։ 

Փաստաբանն ասաց, որ դատավճիռը՝ դատական ակտը ստանալուց ու ուսումնասիրելուց հետո, մամուլի ասուլիս կհրավիրեն։

****

2020-ի հոկտեմբերի 12-ին Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (ՑՕՐ) հրետանային դիվիզիոնի զինծառայողները Ֆիզուլիի Ջուվառլու գյուղի մոտ հակառակորդի կողմից ենթարկվել են հարձակման, որի ժամանակ դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել է, յոթը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է համարվում։

Ըստ քրեական գործի՝ ՑՕՐ զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, Պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։

Ըստ Ջալալ Հարությունյանի փաստաբանի՝ իր պաշտպանյալը միանշանակ չի պնդել, որ Դ-20 դիվիզիոնին մոտեցող խմբավորումը յուրայիններ են, այլ միայն ասել է, որ այդ խմբավորումը կարող է յուրային լինել:

2022-ի սեպտեմբերի 2-ին երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին և կասեցվել է նրա պաշտոնավարումը որպես գլխավոր ռազմական տեսուչ։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր երկու դրվագով։ Մյուս գործը վերաբերում էր 2020-ի հոկտեմբերի 7-ին և 8-ին Ջաբրայիլ-Հորադիզ ուղղությամբ ձախողված հակահարձակմանը։

2023-ի նոյեմբերի 8-ին հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։

«Շուրջ 306-էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ»,- ավելի վաղ ասել էր Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Ջալալ Հարությունյանը մինչև 2020-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, վիրավորվելուց հետո նրան փոխարինել էր Միքայել Արզումանյանը։

Դ-20 դիվիզիոնի դեպքի առթիվ հարուցվել էր մեկ այլ քրեական գործ։ Դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Այս գործը դատաքննության փուլում է։

Տե՛ ս նաև՝

Ո՛չ դիվիզիոնի հրամանատարը, ո՛չ էլ զորամասի հրետանու պետը չգիտեին, որ անցնում են 18-րդ դիվիզիայի ենթակայության տակ

«ՑՕՐ» զորամասի Դ-20 դիվիզիոնի գործի մասին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում