ԵՄ-ն Հայաստանից պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին. Գալուզին

Եվրամիությունը Հայաստանից պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին և դրսևորել քաղաքական հավատարմություն՝ փոխարենը Երևանին կոնկրետ ոչինչ չխոստանալով. ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր նախագծերի շուրջ բանակցություններ սկսելու հարցին՝ հօգուտ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի, ապա, այո, նման բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է իրեն, քանի որ առանձնապես ինչ-որ խոստումներ չտալով և վիզայի մասով ինչ-որ լուրջ որոշումներ չընդունելով՝ արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին», - նշել է Գալուզինը։
Փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Մոսկվան Երևանին հստակ պարզաբանել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը. «Դրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ գտնվելն ուղղակի անհնար է», - ընդգծել է Գալուզինը՝ հավելելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին երկրին «շոշափելի և ծանրակշիռ երկարաժամկետ օգուտներ է բերում առևտրի աճի և ներդրումների աճի տեսքով»:
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին որոշման նախագծին, այժմ այն կքննարկի խորհրդարանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին պարզաբանել է, որ այս թեմայով օրինագիծը հասարակական նախաձեռնություն է, որը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ:
Civilnet










