2024-ին Հայաստանից արտահանվել է 979 մլն դոլարի բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ինչը 0,8%-ով ավելի է 2023-ի ցուցանիշից և 19 անգամ ավելի՝ 2021-ի ցուցանիշից։ Այս վիճակագրությունը ներկայացրել է Modex խորհրդատվական ընկերությունը՝ վերլուծելով Հայաստանի 2021-2024 թթ. բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման դինամիկան:
Ընկերությունը նշում է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման կտրուկ թռիչքը սկսվել է 2022-ից, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով:
Արևմուտքի հետ առևտրատնտեսական և լոգիստիկ կապերի խզման հետևանքով Հայաստանը վերածվել է դեպի Ռուսաստան տեխնոլոգիական ապրանքների մատակարարման կամ վերաարտահանման ուղիներից մեկի: Արդյունքում անգամներով աճել է Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը:
«2021-ի համեմատ արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է վերաարտահանմամբ, հատկապես պատկառելի աճ է արձանագրվել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության սարքավորումների դեպքում»,- նշում են Modex-ի փորձագետները:
2024-ին Հայաստանից արտահանված բարձր տեխնոլոգիական ապրանքների 78,7%-ը կամ շուրջ 771 մլն դոլարը բաժին է ընկել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի տարբեր ապրանքների արտահանմանը, ինչը շուրջ 16%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը և շուրջ 116 անգամ ավելի է, քան 2021-ի ցուցանիշը։
Որպես հետևանք՝ շեշտակի աճել է տեխնոլոգիական ապրանքների տեսակարար կշիռն արտահանման ծավալում, թեպետ 2024-ին այդ դինամիկայում նվազման միտում է գրանցվել: «2024-ին բարձր տեխնոլոգիական ապրանքներին բաժին է ընկել Հայաստանի ապրանքային արտահանման 7,5%-ը՝ նախորդ տարվա 11,4%-ի փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում։
Էլեկտրոնային սարքավորումների վերաարտահանման կտրուկ աճը էականորեն վերափոխել է Հայաստանի խոշորագույն հարկատուների դասավորությունը։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` բջջային հեռախոսների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը, 66,7 մլրդ դրամ հարկային վճարումներով 2024-ին զբաղեցրել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականը՝ գերազանցելով ավանդաբար առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններին։
Էլեկտրոնային տեխնիկայի վաճառքի ոլորտը ներկայացնող մեկ այլ ընկերություն՝ «Վեստա» խանութների ցանց («Փրիթի ուեյ») 36,3 մլրդ դրամ հարկային վճարումներով հայտնվել է 5-րդ հորիզոնականում։
Civilnet











