Լիա Ավագյան
Ինչպես ամենուր, իրանահայերի շրջանում ևս արտագաղթ կա՝ հիմնականում Հայաստան կամ ԱՄՆ. ՍիվիլՆեթի հետ զրույցում (փետրվարի 3) ասում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հենրիկ Խալոյանը։ Նա իրանահայ մարզիկների հետ եկել էր Ջերմուկ, որտեղ փետրվարի 1-7-ն ընթանում էին Համահայկական ձմեռային խաղերը։
Իրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպության նախկին նախագահ Խալոյանն ասում է, որ Իրանում ընդհանուր առմամբ հիմա կայուն իրավիճակ է. «Նախագահական նոր ընտրություն եղավ։ Բնականաբար, հայ համայնքը կրում է երկրում, տարածաշրջանում և աշխարհում իրադարձությունների ազդեցությունը։ Համայնքում էլ քիչ թե շատ կայունություն կա»։
Նրա խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, իրանահայերի շրջանում ևս կա միգրացիա. «Բարեբախտաբար, մեծ ալիքի հարց չունենք։ Իրանահայերը գալիս են Հայաստան։ Շատ մեծ թիվ չէ։ Բայց անընդհատ ունենք ուսանողներ, ընտանիքներ, որոնք գալիս-հաստատվում են Հայաստանում։ Իսկ արտագաղթը արևմուտք հիմնականում դեպի ԱՄՆ է»։
Խալոյանն ասում է, որ Իրանում հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է։
Իրանահայերի մշակութային «Արարատ» կազմակերպությունը 80 տարվա պատմություն ունի և մեծ ներդրում է ունեցել հայապահպանության ու հայ արվեստի զարգացման գործում։ Միության անդամներից շատերն Իրանում, Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի հայ համայնքներում շարունակում են իրենց ավանդը ներդնել մշակութային և կրթադաստիարակչական ոլորտներում։
««Արարատ» կազմակերպությունը ունի թե՛ մարզական, թե՛ մշակութային և թե՛ սկաուտական բաժին, ինչպես նաև՝ իր երեցների միությունը՝ Թավրիզի, Ուրմիայի, Գերդաբադի և Շիրազի փոքրաթիվ մասնաճյուղը՝ հարավում։ Մյուսները բոլորը Ատրպատականում են»,- ասում է Խալոյանը։
«Արարատ» մշակությաին միությունը Թեհրանում 75,000 քմ մակերեսով մարզահամալիր ունի և այսօր պահպանում է այն։ Խալոյանի խոսքով՝ դա բավական դժվար է, մեծ ֆինանասների հարց է, և դրա համար չկա կայուն բյուջե։
Խալոյանը վստահ է, որ նախկին և ներկա «արարատցիները» և համայնքը իրենց կողքին կլինեն։
Civilnet











