Հայաստանում աշխարհազորի համակարգը փոխարինվելու է տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Խորհրդարանի երկրորդ ընթերցմանը ներկայացված «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ փոխնախարարի, առաջարկում է դեռ 2020-ին հիմնադրված աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: «Օրինագծով սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքնրեը և կառուցվածքը»,- ասլե է նախարարի տեղակալը` հավելելով, որ նոր համակարգի ղեկավարը կլինի բանակային կորպուսի հրամանատարը։
Ըստ օրինագծի հեղինակների` տեղական պաշտպանության ուժերը կդառնան զորամասերի կազմում գործող աջակցող ստորաբաժանումներ։
Տեղական պաշտպանության ուժերը, Արմեն Սարգսյանի խոսքով, կհամալրվեն կամավորության սկզբունքով՝ տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված, պահեստազորի երկրորդ խմբում ներառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով։ Նրանց հետ կկնքվեն պայմանագրեր, որոնք, սակայն, չեն համարվի զինվորական ծառայության պայմանագրեր։
Ընդդիմությունը դեմ է
Խորհրդարանական ընդդիմությունը կասկածում է, որ նոր համակարգը գործունակ կարող է լինել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ 2020-ի հոկտեմբերին ընդունված օրենքով սահմանված աշխարհազորը չի կայացել: «Թեպետ առանձին բնակավայրերում աշխարհազորային միավորներ կան, դրանք գործի չեն դրվել: Բա որտեղի՞ց այդ վստահությունը, որը տարածքային պաշտպանության համակարգը կգործի», - կասկած հայտնեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու օրինագծին:
Մանուկյանը քննադատեց նաև բանակի կերպափոխման հայեցակարգում տեղ գտած ձևակերպումները՝ նշելով, թե դրանք թարգմանական աշխատանքի արդյունք են։ Նա մեջբերեց այն հատվածը, որն իր խոսքով վերաբերում է տարածքային պաշտպանության ուժերին. «Արագաշարժ և անճարպկ, առանց ավելորդությունների ապահովումներում պահանջմունքների բավարարում՝ ռեսուրսների կարգապահ սպառման հասանելի տարածքային ռեսուրսների բանեցման և նյութական մասի կառավարման միջոցով»։
Խրթին հայերենով գրված այս միտքը, Գեղամ Մանուկյանի խոսքով, վերցված է «անգլերեն ինչ-որ խուճուճ նախադասություններից»: «Ձևի համար բերել մտցրել են ու համարում են բանակի կերպարանափոխման հայեցակարգ»,- ասաց նա:
Ինչու ստեղծվեց աշխարհազորը
Արցախյան երկրորդ պատերազմից շաբաթներ առաջ՝ 2020-ի սեպտեմբերին, պաշտպանության նախարարությունը նախաձեռնեց մինչև 100,000 անձից բաղկացած աշխարհազորի համակարգի ստեղծումը, որին կամավորության սկզբունքով կարող էին անդամակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ։
Այն ժամանակ, ի թիվս այս գործոնների, աշխարհազորի ստեղծումը բացատրվում էր տարածաշրջանային զարգացումներով և հակառակորդի հնարավոր գործողություններով, որոնց բնույթը, ըստ ՊՆ-ի, պահանջում էր պաշտպանական նոր մեխանիզմների ներդրում։ Պաշտպանական գերատեսչության մշակած նախագծում նշվում էր նաև ռազմական գործողությունների՝ երկրի խորքը տեղափոխվելու հավանականությունը։
Նախարարության առաջարկած լուծումը միասնական ղեկավարության ներքո գործող աշխարհազորի ստեղծումն էր։ Այս ուժերը պետք է ապահովեին երկրի տարածքի, բնակչության, ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների պաշտպանությունը հակառակորդի հնարավոր գործողություններից։
Արշալույս Մղդեսյան
Civilnet











