Գլխավոր Լրահոս

Ավտոբուսներ՝ ցուցադրության համար. ե՞րբ Վանաձորը կսկսի օգտվել ԵՄ-ի ներդրումից

Ավտոբուսներ՝ ցուցադրության համար. ե՞րբ Վանաձորը կսկսի օգտվել ԵՄ-ի ներդրումից

Գևորգ Թոսունյան

Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն առաջինն ու դեռևս վերջինն է, ով 2024-ի օգոստոսին վարեց ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսը։ Քաղաքի համար նախատեսված 5 ավտոբուսի վրա ԵՄ-ն ծախսել է 700 հազար եվրո։ Այդ ավտոբուսները դեռևս չեն ծառայում վանաձորցիներին։

2024-ի օգոստոսին Վանաձորի համար «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռք բերված էլեկտրական 5 ավտոբուսներից մեկի առաջին ուղևորափոխադրման վարորդը Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն էր, առ այսօր նա նաև վերջինն է։ Ավելի քան կես տարի է՝ ավտոբուսները երթուղի դուրս չեն գալիս։ 

Ավտոբուսները՝ միայն ցուցադրության նպատակով

ԵՄ-ի ֆինանսավորված ավտոբուսները դեռևս ցուցադրության համար են երթուղի դուրս եկել։ 2024-ի հոկտեմբերի 17-ին դրանք նորից ծառայում էին, բայց ոչ թե վանաձորցիներին, այլ պաշտոնական ընդունելությանը։ Այդ օրը Վանաձոր էր եկել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նրան ընդունել էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Արարողությունից հետո ավտոբուսները տարել էին համապատասխան կայանատեղի ու մոռացել դրանց մասին։ Բացի Վանաձորից, ևս հինգ ավտոբուս տրամադրվել է Գյումրիին՝ նորից ԵՄ ծրագրով։

Ավելի վաղ ԵՄ ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին «Ռադիոլուր»-ին ասել էր, որ մեկ ավտոբուսի արժեքը շուրջ 140 հազար եվրո է։ Այսինքն՝ միայն Վանաձորի հինգ ավտոբուսի համար ԵՄ-ն տրամադրել է 700 հազար եվրո։ Սրան գումարվել են նաև լիցքավորման վեց կայանները, վարորդների ուսուցումն ու մեկ տարվա երաշխիքային սպասարկումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը Գյումրիի ու Վանաձորի համար կազմել է 1,7 մլն եվրո: 

Երբ ի վերջո կշահագործվեն ավտոբուսները

Հարցի պատասխանը Վանաձորի քաղաքապետարանը չունի։ Մենք դիմել էինք Արկադի Փելեշյանին՝ խնդրելով նշել ժամկետներ։ Նա գրավոր պատասխանում միայն հստակեցրել էր, որ դեռևս դրանք չեն շահագործվում։

Այդ ավտոբուսները ամբողջությամբ էլեկտրական են, այսինքն՝ լիցքավորվում են հատուկ լիցքավորիչ կայաններով։ Այս մասով էլ համայնքապետարանից հայտնեցին, որ  Հայաստանի էլեկտրական ցանցերի  հետ համատեղ իրականացնում են կայանների տեղադրման գործընթացը։ Մենք տեղեկացանք, որ այդ կայանները տեղադրվում են Վանաձորի Տարոն 2 հասցեում։

«Դրանք տեղադրելուց հետո ձեռք բերված ավտոբուսները որպես համայնքի գույք պետք է ընդունվեն Վանաձորի ավագանու կողմից և հանձնվեն շահագործման»,- նշված է պատասխանում՝ նորից առանց ժամկետների հստակեցման։ 

Հինգ ավտոբուսները նաև սկիզբ կդնեն Վանաձորի տոմսային համակարգին։ Ըստ համայնքապետարանի պատասխանի՝ տոմսավավերացման մշակված համակարգը կներդրվի նախ նշված ավտոբուսներում, իսկ հավելյալ ավտոբուսներ ձեռք բերելուց հետո՝ նաև դրանցում։

Տրանսպորտային համակարգը Վանաձորում

Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում տրանսպորտային համակարգը մեղմ ասած լավը չէ։ Դեռ 2023-ի սկզբին Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել էր Վանաձորի տրանսպորտային համակարգին՝ շեշտելով, որ մեկ երթուղայինն ամեն օր սպասարկում է 130-ից ավելի ուղևորի։ Առ այսօր այս վիճակը չի շտկվել։

«Կայուն շարժունակության ցուցիչի հաշվառում Գյումրիի և Վանաձորի համար» միջմասնագիտական ուսումնասիրության համաձայն՝ սրան գումարվում են աշխարհագրական խնդիրները։ Նշվում է, որ քաղաքի լայնատարած հատակագիծը զգալի խոչընդոտ է ստեղծում արդյունավետ և համապարփակ ավտոբուսային երթուղային էլեկտրոնային ցանցի ստեղծման համար: Քանի որ քաղաքը տարածվում է զգալի և հեռավոր տարածությունների վրա, միայն մեկ ավտոբուսային երթուղու իրականացումը, որը կարող է սպասարկել ամբողջ քաղաքային տարածքը, դառնում է լոգիստիկ մարտահրավեր: 

Ինչ է նախատեսում քաղաքային իշխանությունը

Համայնքային իշխանությունը վստահեցնում է, որ արդեն սկսել են ձեռնարկել գործուն քայլեր։ Մասնավորապես, ըստ պատասխանի, 2025-ին  սուբվենցիոն ծրագրով  նախատեսվում է ձեռք բերել 45 ավտոբուս։ 

«Կատարվել է գնահարցում 5 տարբեր ընկերություններից, պատրաստվել է նախագիծ, որը քննարկվել է 2025-ի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային լսմանը, և կներառվի ավագանու առաջիկա նիստի օրակարգում»,- նշել է Փելեշյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում