Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեռակա բանավեճն այսօր շարունակվել է։ Սիմոնյանը հորդորել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին «դիմել ԱԺ նամակների բաժին»՝ ի պատասխան վերջինիս հայտարարությանը։
«Եթե ինքն ինձ հարց ունի՝ ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե պատասխանեմ», - այս մասին Սիմոնյանն ասել է այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի արձագանքին իր՝ այսօր ավելի վաղ արած հայտարարությանը։
Սիմոնյանը հարցարդում է արել, թե ինչպես է ստացվել, որ Շահրամանյանն իր թիկնազորով կարողացել է Արցախից դուրս գալ, իսկ մյուս գործընկերները՝ ոչ։
Լրագրողները Սիմոնյանից նաև հետաքրքրվել են, թե արդյոք նա զղջո՞ւմ է իր երեկվա ասածների համար, ԱԺ նախագահը պատասխանել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին «ընդհանրական որևէ բան չի ասել»:
«Շատ ու շատ մարդիկ կռվել են, շատ ու շատ մարդիկ իրենց կյանքերն են զոհել։ Իսկ ո՞ւմ մասին է խոսքը, բոլորը շատ լավ հասկացել են։ Ես Արցախի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա՝ իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում կառուցված իրենց ասաբնյակները (շքեղ առանձնատուն - խմբ.)։ Նրանք իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև այնտեղ իրենց ապագան, Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին իրենց երկրից դուրս գալու հետ։ ՀՀ-ից պաշտոնյաներն աշխատավարձ էին ստանում, դուրս էին գալիս Հայաստանի ու Հայաստանի իշխանությունների մասին վատ հարցազրույցներ էին տալիս։ Չէր կարելի երկիրը դատարկել, դա ցավալի բան է»,- ասել է Սիմոնյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ անուններ չի տալիս, Սիմոնյանը հակադարձել է, որ «ժամանակը կգա և անուններ կտա, բայց անուն տալու կարիք չկա»։
Ի՞նչ է հայտարարել Սիմոնյանը և ինչպե՞ս է արձագանքել Շահրամանյանը
Նախօրեին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե երբ են իրենք կարողանալու վերադառնալ Արցախ, Սիմոնյանը պատասխանել էր՝ երբ «անվտանգ կլինի, խախաղության պայմանագիր կկնքենք, այդ ժամանակ հնարավոր կլինի վերադառնալ»։
«Դուք երբ որ դուրս եկաք էդտեղից, դուրս եկաք, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք․․․․Պետք էր կռվել, պետք էր կռվել»,- ասել էր Սիմոնյանը։
Այսօր՝ ավելի վաղ, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արձագանքել է Սիմոնյանի՝ նախօրեի գնահատականներին։ Շահրամանյանը Սիմոնյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը «սակարկման ենթարկող որևէ գնահատականից»։
«Արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, որը տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:
Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից»,- ասել է Շահրամանյանը։
Էլեն Մուրադյան
Civilnet











