Գլխավոր Լրահոս

Բարգավաճի ձիով քայլը

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն, նախագահական ընտրություններին ընդառաջ, քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու կառավարման խորհրդարանական համակարգի, ինչպես նաև 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ: Նա նշել է, որ 2013թ. ընտրվող նախագահը գործելու է մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները և այդ ընթացքում քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի:

Կարելի է ասել, որ այս առաջարկով հայտ է ներկայացվում ստեղծելու մի հարթակ, որտեղ քաղաքական ազդեցիկ ուժերի հիմնական մասը կարող է համագործակցել և վճռականության դեպքում շոշափելի արդյունքների հասնել: Հայտնի է, որ ավելի վաղ ՀՅԴ-ն և «Ժառանգությունն» էին առաջարկել անցնել խորհրդարանական համակարգի:

Քայլերի ճիշտ հաջորդականություն ընտրելու և այս համատեքստում համակարգային փոփոխությունների «ճանապարհային քարտեզ» գծելու դեպքում իրավիճակը Հայաստանում կարող է արմատապես փոխվել:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն միասնական թեկնածուի կամ նախագահի թեկնածուների փնտրտուքի՝ այս գաղափարը իշխանական պայքարը որոշակիորեն դուրս է բերում անձերի հարթությունից և դնում կոնկրետ գաղափարի հարթություն: Ընդ որում՝ արդեն փոքրանում է որևէ անձի դերը ամբողջ գործընթացում:

Միասնական թեկնածուի շուրջ տարբեր քաղաքական ուժերի համար պայմանավորվելը շատ քիչ հավանական էր՝ ամբիցիաների, հիշողությունների և մի շարք այլ պատճառներով: Մինչդեռ խորհրդարանական կառավարում ունենալու առաջարկի հետ կապված չհամագործակցելը կամ այն պիտակավորելը արդեն բավական բարդ է լինելու որևէ գործչի կամ քաղաքական ուժի համար:
Իշխանությունն իր հերթին ակամա ներքաշվելու է քաղաքական բանավեճի հարթություն, որտեղ նրա ռեսուրսները բավարար չեն առավելություն ունենալու համար: Իշխող ուժին ավելի հարմարավետ է աշխատել ապաքաղաքական դաշտում և անձնավորված պայքարում:

Խորհրդարանական հանրապետության տեսքով համակարգային փոփոխությունների հասնել հնարավոր կլինի այն դեպքում, երբ տեղի ունենա իրական համագործակցություն շահագրգիռ ուժերի միջև, և բացառվի քաղաքական իմիտացիայի տարբերակը: Այդ պարագայում երաշխավորված կլինի նաև հանրային մոբիլիզացիան:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում