Ադրբեջանը դիմել է արբիտրաժային դատարան. իրավաբանը վստահ է՝ Հայաստանը վաղուց պետք է աներ դա

Ադրբեջանը արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ, այդ մասին փետրվարի 13-ին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ-ն։
Ըստ տեղեկությունների՝ 2025 թվականի փետրվարի 12-ին Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ հիմք ընդունելով 1979 թվականի Բեռնի կոնվենցիան Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին։
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Բեռնի կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ․ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։
«Ադրբեջանը, ազատագրելով իր տարածքները, բազմաթիվ ապացույցներ է ձեռք բերել առ այն, որ Հայաստանը չի կարողացել պահպանել տեսակներն ու բնական միջավայրը կենսաբազմազանությամբ ամենահարուստ օջախներից մեկում՝ ոչնչացնելով շրջակա միջավայրը», - ասված է հայտարարությունում։
Ադրբեջանը հայկական կողմի հասցեին մեղադրանքների թվում պարբերաբար բարձրացնում է բնապահպանական հարցերը։ Նշվում է, որ Ադրբեջանի հայցը Հայաստանի դեմ առաջին միջպետական արբիտրաժային գործընթացն է՝ հիմնված Բեռնի կոնվենցիայի վրա։
Անում են այն, ինչ Հայաստանը պետք է վաղուց աներ
Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանեց Ադրբեջանի քայլը. «Առաջին հերթին փաստենք, որ Ադրբեջանը պատրաստ չէ Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ փոխադարձության սկզբունքով հայցերի հետկանչին։ Սա ցույց է տալիս, որ այս ամենը միակողմանի բնույթ է կրում և ապացուցում՝ հայցերից հրաժարվելը խաղաղության ծրագիր չէ»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից արբիտրաժային դատարան դիմելուն՝ Պետրոսյանը այդ որոշումը շատ հետաքրքիր ու խորամանկ է համարում։
«Բնականաբար, գումարի խնդիր չունեն, կարող են այսպիսի հայցեր ներկայացնել։ Ռազմավարական տեսանկյունից Հայաստանի համար դժվարություն են ստեղծում՝ պաշտպանություն իրականացնելու առումով։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ծանրաբեռնվածությունն առանց այն էլ մեծ էր, իսկ հիմա հավելյալ աշխատանք է ավելանում», - նշում է իրավաբանը և հավելում՝ Ադրբեջանն անում է այն, ինչ պետք է վաղուց սկսեր և իրականացներ Հայաստանը։
«Մենք պետք է անընդհատ հայցեր ներկայացնեինք և խնդիրներ հարուցեինք նրանց համար, հիմա նրանք են անում, և սա ճիշտ իրավաքաղաքական քայլ է»,- եզրափակում է Պետրոսյանը։
2024 թվականից սկսած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության մասին, պարբերաբար առաջ է տանում միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու գաղափարը։
Տարեսկզբին հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով կառավարությունից և վարչապետից «որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից»։
Գեորգի Միրզաբեկյան
Տեղադրություն
Civilnet










