Կիևն ընդդիմանում է Թրամփի առաջարկին և փորձում բանակցել ավելի լավ գործարքի շուրջ. Financial Times

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ստանալու իր երկրի հազվագյուտ հանքանյութերի իրավունքների շուրջ 50 տոկոսը, և փորձում է բանակցել ավելի լավ պայմանների շուրջ. այս մասին Financial Times թերթին ասել են Զելենսկուն մոտ կանգնած մարդիկ:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չորեքշաբթի Կիև այցի ընթացքում Զելենսկուն առաջարկել է գործարք, որին հետևեց նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե պատերազմից տուժած Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունը հասնում է կես տրիլիոն դոլարի և ԱՄՆ-ն իրավունք պետք է ունենա այդ երկրի ռեսուրսներին մատչում ունենալու:
Ըստ ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին ծանոթ չորս անձանց՝ Զելենսկին ցանկանում է, որ ամերիկյան և եվրոպական անվտանգության երաշխիքները ուղղակիորեն կապված լինեն հանքային պաշարների վերաբերյալ ցանկացած գործարքի հետ: Նա նաև ձգտում է, որ այլ երկրներ, այդ թվում՝ ԵՄ պետությունները, ներգրավված լինեն բնական ռեսուրսների ապագա շահագործման մեջ: Սակայն Թրամփի առաջարկած և Բեսենթի ներկայացրած գործարքը միայն հիշատակում է, որ ԱՄՆ-ն ստանում է ուկրաինական ռեսուրսները անցյալում ցուցաբերած ռազմական օգնության դիմաց և չի ենթադրում նմանատիպ օգնության ապագա առաջարկներ, ըստ փաստաթղթին ծանոթ մի անձի:
«Մենք դեռ խոսում ենք,- շաբաթ օրն ասել է Զելենսկին Մյունխենում:- Ես տարբեր երկխոսություններ եմ ունեցել»: Համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել է, որ «այսօր մեր շահերից չէ... ինքնիշխան Ուկրաինայի շահերից չէ» համաձայնել ԱՄՆ-ի գործարքին այն տեսքով, ինչպես որ կա: Ուկրաինայի բարձրաստիճան անանուն պաշտոնյան Financial Times-ին ասել է, որ Կիևը «փորձում է բանակցել ավելի լավ գործարքի շուրջ»:
Այս շաբաթ Կիևում նախագահական գրասենյակ այցի ընթացքում Բեսենթը բերել էր փաստաթուղթ, և Թրամփը ցանկանում էր, որ Զելենսկին այն ստորագրի նախքան Բեսենթի վերադարձը Վաշինգտոն՝ ըստ հարցին ծանոթ հինգ անձանց: Նախքան Զելենսկու հետ գործարքի շուրջ մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցը, լրագրողների հետ զրույցում Բեսենթը այն նկարագրել էր որպես Կիևի հետ «տնտեսական համաձայնագիր»՝ «մեր տնտեսությունները ավելի սերտ միահյուսելու» նպատակով:
Բեսենթի խոսքով՝ Թրամփի վարչակազմը «մինչև վերջ կկանգնի [Կիևի] կողքին՝ մեծացնելով տնտեսական հանձնառությունը, ինչը երկարաժամկետ անվտանգության վահան կապահովի բոլոր ուկրաինացիների համար» պատերազմի ավարտից հետո: «Երբ նայեցինք մանրամասներին, այնտեղ ոչինչ չկար [ապագա ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին]»,- FT-ին ասել է ուկրաինացի մեկ այլ պաշտոնյա: Հարցին, թե արդյոք դա վատ գործարք է Ուկրաինայի համար, առաջարկին ծանոթ երրորդ ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ դա «Թրամփի գործարք է»: «Սա Թրամփի գործարար ոճն է,- ասել է պաշտոնյան:- Դա բարդ է»:
Ուկրաինայի հիմնական մտահոգությունը ավելի լայն անվտանգության երաշխիքների հետ կապի բացակայությունն է՝ ըստ առաջարկին ծանոթ երեք անձանց: Ուկրաինացի պաշտոնյաները հարցրել են, թե ինչպես կնպաստի համաձայնագիրը իրենց երկրի երկարաժամկետ անվտանգությանը, սակայն նրանց միայն ասվել է, որ այն կապահովի ամերիկյան ներկայություն ուկրաինական հողում՝ անորոշ պատասխան, որը առանցքային հարցերն անպատասխան է թողնում, ասել են այդ մարդիկ:
Բեսենթը պնդել է, որ հանքավայրերի տարածքներում ամերիկացիների սոսկ ներկայությունը բավարար կլինի Մոսկվային զսպելու համար: Մեկ այլ խնդրահարույց կետ է փաստաթղթի այն մասը, որը սահմանում է, որ Նյու Յորքը կլինի այն ատյանը, որտեղ կլուծվեն հանքային իրավունքների վերաբերյալ վեճերը՝ ըստ հարցին ծանոթ երկու անձանց:
Զելենսկին լրագրողներին ասել է, որ կդիտարկի առաջարկը, բայց հիմա ոչինչ չի ստորագրի. «Մենք կուսումնասիրենք այս փաստաթուղթը և արագ կաշխատենք՝ ապահովելու, որ մեր թիմերը հասնեն համաձայնության: ԱՄՆ-ն մեր ռազմավարական գործընկերն է, և մենք հանձնառու ենք մանրամասները վերջնականացնելուն»:
Բեսենթը հանդիպումից հետո ասել է, որ Թրամփը ցանկանում է, որ գործարքը կնքվի: «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը կարևոր է նախագահ Թրամփի տեսանկյունից [Ռուսաստանի հետ] այս հակամարտությունը հնարավորինս շուտ լուծելու համար: Մենք կտրամադրենք ամերիկյան օգնության երաշխիքներ Ուկրաինայի ժողովրդին: Կարծում եմ՝ սա շատ ուժեղ ազդանշան է Ռուսաստանին մեր մտադրությունների մասին»,- ասել է նա:
Զելենսկին ասել է, որ ցանկանում է հանածոների իրավունքների գործարքի հեռանկարը ավելի ուշ քննարկել Մյունխենի անվտանգության համաժողովում: Ուրբաթ Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպմանը նա հակառակ առաջարկ է արել, որը նաև քննարկել է ամերիկացի օրենսդիրների հետ ֆորումի շրջանակում:
Ուրբաթ Մյունխենում իր ելույթում Զելենսկին ասել է, որ իր իրավական թիմը կուսումնասիրի Բեսենթի՝ Կիևում ներկայացրած փաստաթուղթը՝ խորհրդատվություն տրամադրելու և հնարավոր փոփոխություններ առաջարկելու համար: Նա այն նկարագրել է որպես ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հուշագիր, այլ ոչ թե պաշտոնական անվտանգության համաձայնագիր:
Զելենսկին չի ստորագրել գործարքը, քանի որ ցանկանում է ներգրավել նաև այլոց, այդ թվում՝ եվրոպական երկրներին, հանածոների արդյունահանման մեջ, ասել է հանդիպումների մասին տեղեկացված եվրոպացի պաշտոնյան: «Նրանք ուժեղ ճնշման տակ են ամերիկացիների կողմից այս հարցում»,- ասել է պաշտոնյան:
ԱՄՆ առաջարկը համահունչ է «հաղթանակի պլանին», որը Զելենսկու թիմը մշակում է անցյալ ամառվանից՝ Թրամփի վարչակազմի հետ կապերը խորացնելու նպատակով՝ թույլ տալով ԱՄՆ-ին մուտք գործել բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում օգտագործվող կարևոր հանքանյութեր: Ուկրաինան ունի թանկարժեք հանքանյութեր, որոնց արժեքը գնահատվում է մի քանի տրիլիոն դոլար, այդ թվում՝ լիթիում, տիտան և գրաֆիտ, որոնք բոլորն էլ կարևոր են բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության համար: Սակայն այս ռեսուրսներից շատերը գտնվում են այնպիսի տարածքներում, որոնք կամ ռուսական օկուպացիայի տակ են, կամ վտանգված են Կրեմլի առաջխաղացող ուժերի կողմից գրավման ռիսկով, քանի որ Ուկրաինայի արևելքում են՝ ռազմաճակատի գծի մոտ:
Տե՛ս նաև՝
Կիևին պարտադրված խաղաղությունը երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը. Շոլց
Մյունխենի համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Վենսը սուր քննադատել է եվրոպացի գործիչներին
Civilnet










