Շաբաթ օրը Աբխազիայում կայացած նախագահական արտահերթ ընտրություններում որևէ թեկնածու չի ստացել ձայների բացարձակ մեծամասնություն: Երկրորդ փուլում՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, քվեարկությանը կմասնակցեն առաջատար երկու թեկնածուները՝ նախկին փոխնախագահ Բադրա Գունբան և ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան:
Պաշտոնական արդյունքների համաձայն՝ Գունբան ստացել է ձայների 46,38%-ը, իսկ Արձինբան՝ 36,92%-ը: Մնացած թեկնածուները չեն հավաքել բավարար ձայներ երկրորդ փուլ անցնելու համար:
Քվեարկությունն անցկացվել է ողջ Աբխազիայում, ինչպես նաև Ռուսաստանի երկու ընտրատեղամասերում՝ Մոսկվայում և Չերկեսսկում: Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 65%:
Մոսկվայում գրանցվել է ռեկորդային թվով՝ գրեթե 2,700 ընտրող: Սակայն ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Մոսկվայի ընտրատեղամասում քվեարկել են էթնիկ ռուսներ՝ 2025-ին տրված աբխազական անձնագրերով:
Երկրորդ փուլը կկայանա առաջին քվեարկությունից ոչ ուշ, քան երկու շաբաթ անց, հավանաբար՝ մարտի 1-ին: Աբխազական անձնագրերի տերերը կկարողանան քվեարկել Գունբայի, Արձինբայի օգտին կամ արտահայտել իրենց դեմ լինելը բոլոր թեկնածուներին:
Civilnet











