ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանակցությունները կկայանան փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական պատերազմի շուրջ բանակցությունները նախատեսվում է անցկացնել փետրվարի 18-ին. հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականը հայտնում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը մեկնել են Սաուդյան Արաբիա՝ բանակցությունների համար:
Ռուսական «Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ևս հաստատում է այս տեղեկությունը։ Պարբերականը գրում է, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կհանդիպեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները։
Սաուդյան Արաբիայի պաշտոնյան CNN-ին ասել է, որ նրանք կանեն ավելին, քան պարզապես հյուրընկալելը և կներգրավվեն միջնորդի դերում: Սաուդյան Արաբիայի միջնորդական խումբը կգլխավորի երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների մասին լուրերը հայտնվեցին այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարեց, որ «պատրաստ է» բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ անհրաժեշտության դեպքում խաղաղ համաձայնագիր կնքելու համար:
Daily Telegraph թերթում հրապարակված հոդվածում Սթարմերն ասել է, որ ինքն այդ հնարավորությանն անլուրջ չի վերաբերվում, սակայն կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում օգնությունը նաև կամրապնդի Միացյալ Թագավորության և Եվրոպայի անվտանգությունը:
Փետրվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պայմանավորվել են «անհապաղ բանակցություններ սկսել», զրույցը «շատ արդյունավետ» է եղել։ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Civilnet










