Ռուս-ամերիկյան բանակցություններն ավարտվել են. ինչ են հայտարարել ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչները

Փետրվարի 18-ին Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները: Հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ: Հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ են հնչել ինչպես ռուսաստանյան, այնպես ամերիկյան կողմերից։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները «լուրջ խոսակցություն» են ունեցել բանակցությունների բոլոր թեմաների շուրջ։ Պայմանավորվել ենք հաշվի առնել միմյանց շահերը։ Բանակցությունները բավականին լավ են անցել», - ռուսական Առաջին ալիքին ասել է բանակցությունների մասնակից, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ «դեռ դժվար է ասել, որ դիրքորոշումները մերձենում են, բայց այդ մասին խոսակցություն եղել է»։
«Այո, մենք քննարկել և ուրվագծել ենք մեր սկզբունքային մոտեցումները և պայմանավորվել ենք, որ այս թեմայի շուրջ բանակցողների առանձին թիմերը ժամանակին կապի մեջ կմտնեն», - ասել է Ուշակովը։ Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անձամբ կորոշի, թե երբ կսկսվեն Ուկրաինայի հարցով շփումներն ԱՄՆ-ի հետ և երբ ստանալ ամերիկյան մասնակիցների անունները»։
«Մեզ անհրաժեշտ է սերտ աշխատանք երկու երկրների պատվիրակությունների միջև։ Մենք պատրաստ ենք դրան, բայց դեռ դժվար է խոսել երկու առաջնորդների հանդիպման կոնկրետ ժամկետի մասին»,- ասել է նա։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միակ համաշխարհային առաջնորդն է, որը կարող է ստիպել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել պատերազմը», հայտնում է Reuters-ը։
Բրյուսի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են հետևյալ հարցերի շուրջ․
- Ստեղծել խորհրդակցական մեխանիզմ՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչ գործոնները» վերացնելու համար, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորման ուղղությամբ։
- Նշանակել բարձր մակարդակի թիմեր, որոնք կսկսեն աշխատել Ուկրաինայում պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ուղղությամբ՝ այնպես, որ հակամարտության ավարտը լինի կայուն, ամուր և ընդունելի բոլոր կողմերի համար։
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ փոխադարձ աշխարհաքաղաքական շահերին, պատմական տնտեսական և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցերով ապագա համագործակցության համար, որոնք կառաջանան Ուկրաինայում հակամարտության հաջող ավարտից հետո։
- Շարունակել աշխատել գործընթացի ժամանակին և արդյունավետ առաջխաղացումն ապահովելու համար
Փետրվարի 18-ին Սադուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվել են ռուս-ամերիկյան բանակցություններ, որոնց ռուսական կողմից մասնակցում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բոլոր կողմերը՝ ներառյալ Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան, պետք է համաձայն լինեն Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի հետ, իսկ Եվրամիությունը պետք է «որոշակի պահի» ներգրավվի գործընթացում, հաղորդում է Reuters-ը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել բանակցությունների «լուրջ գործընթացին»։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Էր-Ռիադում ամերիկյան կողմի հետ բանակցությունների արդյունքները «շատ օգտակար» է անվանել։
«Մեծ տերություններին կարևոր է պահպանել երկխոսությունը և լսել միմյանց։ Զրույցը շատ օգտակար էր, կողմերը ոչ միայն լսում էին, այլև ականջալուր էին լինում միմիանց»,- ասել է Լավրովը:
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները փոխըմբռնման են հասել տարբեր հարցերում, սակայն դա պարտադիր չէ, որ նշանակի, թե նրանց դիրքորոշումները մոտեցել են:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ երկու երկրների դեսպանությունների աշխատանքի առումով անհրաժեշտ է վերացնել Ջո Բայդենի վարչակազմի օրոք առաջացած խոչընդոտները, որոնք արտահայտվել են դիվանագետների արտաքսման, գույքի առգրավման, բանկային փոխանցումների սահմանափակումների տեսքով։ «Առաջիկայում այս խնդիրների լուծումը կքննարկվի»,- ասել է նախարարը։
Թեմա
Civilnet










