Ընդլայնվել է կրթական ծախսերի փոխհատուցման շրջանակը

Կառավարությունն ընդլայնել է կրթական ծախսերի փոխհատուցման շրջանակը։ Հաշվետու տարում պարտադիր հայտարարագիր ներկայացրած անձինք կարող են փոխհատուցում ստանալ մի շարք կրթական ծախսերի համար։
Ծնողները կարող են հետ ստանալ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության համար վճարված տարեկան 3000 դրամը՝ յուրաքանչյուր աշակերտի համար։
Փոխհատուցման ենթակա են նաև արտադպրոցական կրթության ծախսերը։ Սա ներառում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների ուսման վճարները։ Բացի այդ, փոխհատուցվում են նաև ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծառայությունների վճարները։
2024 թվականի հաշվետու տարվա համար ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը կդիտարկվի հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ։
Civilnet










