Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել

Բաքվում բանտարկված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել։

«Երեկ ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի»,- ասված է նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում, որը Վարդանյանը փոխանցել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։  

«Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»,- ասել է Վարդանյանը։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի: Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները»,- նշված է ուղերձում։

Վարդանյանի խոսքով՝ չնայած Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամ է, այդ գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։ Հրապարակված ուղերձում նշված են այդ խախտումները.

«1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար  ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել  կամ հանդիպել ինձ հետ և  հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված  մի ողջ ժողովրդի»:

«Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,- ասել է Վարդանյանը՝ դիմելով աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության  նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։

***

Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանապահների կողմից 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի անցակետում, Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից հետո։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված խմբավորումների ստեղծման» և «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։ Շինծու այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում