Վահրամ Տեր-Մաթևոսյան
Անցյալ շաբաթ հայաստանյան ընթերցողին ներկայացվեց 2020-ի պատերազմին նվիրված աշխատություն, որը հեղինակել են Կարեն Հարությունյանը, Վիգէն Չըթըրեանը, Աշոտ Ոսկանյանը և Մկրտիչ Կարապետյանը։
Գրքի առաջին գլխում Կարենի Հարությունյանը շրջանառության մեջ է դնում մեծ թվով հարցեր, որոնց նպատակը «ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ 44-օրյա պատերազմի ամբողջական պատկերն ուրվագծելը»։ Գրքի կենտրոնական հետազոտությունը Վիգէն Չըթըրեանինն է, որը 2024-ին անցկացրած 34 հարցազրույցների միջոցով փորձել է վեր հանել 2020-ի պատերազմին առնչնվող մի շարք առանցքային դրվագներ ու հիմնահարցեր։ Գրքի երրորդ հատվածում Աշոտ Ոսկանյանը քննարկման առարկա է դարձրել մի շարք հարցադրումներ ու տվել հասարակության դերակատարման վերաբերյալ որոշ գնահատականներ։ Մկրտիչ Կարապետյանի ներկայացրած ժամանակագրությունն օգնում է ամփոփ պատկերացում կազմել ռազմական գործողությունների վեցշաբաթյա ընթացքի ու հիմնական գործընթացների մասին։ Հայկ Հովհաննիսյանն էլ ներկայացրել է ռազմական գործողությունների քարտեզը։ Արդյունքում, ստացվել է «միասնական պոլիտեքստ», որի յուրաքանչյուր հատված, ընդհանուր համատեքստում, ստացել է «ինքնուրույն նշանակություն»։
Գիրքը հետապնդում է երեք նպատակ․ ա) «հանրային ուշադրությունն ուղղել Արցախյան երկրորդ պատերազմի փաստական հանգամանքներին», բ) «ուրվագծել այն իրավիճակը, որի պայմաններում տեղի ունեցավ 2020-ի պատերազմը», և գ) «ներկայացնել վերջին պատերազմների նախնական և հակիրճ պատմությունը՝ նկատի ունենալով, անշուշտ, որ ապագայում անհրաժեշտ է կատարել ավելի մանրամասն պատմագիտական աշխատանքներ»: Սահմանելով այս նպատակները՝ խնդիր է դրվում «հանրությանը մատուցել հակիրճ, իր ամբողջության մեջ տեսանելի վերլուծական, որը կարող է անմիջական հիմք ծառայել հասարակությանն անհանգստացնող հարցերի նպատակասլաց և շահագրգիռ քննարկման համար»։
Հենվելով սահմանված նպատակների և առաջադրված խնդրի վրա՝ սույն գրախոսությունը նպատակ ունի գնահատել աշխատանքը՝ քննելով այն առանձնահատուկ դրվագները, որոնք կարիք ունեն հանրային ու մասնագիտական քննարկումների։ Քանի որ հետազոտության առանցքում Չըթըրեանի հոդվածն է, ուստի ներքոբերյալ դիտարկումների մեծ մասը վերաբերում է հենց նրա հեղինակած հատվածին։ Տեքստի վերաբերյալ առավել մանրամասն դիտարկումները հանձնվել են հեղինակներին։
Գրքի անվանման մասին
Առաջին հարցը, որը կարիք ունի մասնագիտական քննարկման ու կոնսենսուսի, վերաբերում է գրքի (և պատերազմի) անվանմանը։ Պատերազմները տարբեր կերպ են անվանակոչվում։ Օրինակ, դրանք կարող են կոչվել այն վայրի անունով որտեղ տեղի են ունեցել հիմնական ռազմական գործողությունները, կամ կարող են կոչվել պատերազմող կողմերի անուններով, կամ տարեթվի, կամ ռազմական գործողությունների տևողության անուններով և այլն։ Խնդրո առարկա պարագայում տեղի ունեցավ այն, ինչ կատարվել է շատ պատերազմների պարագայում, երբ հաղթող կողմն է թելադրել պատերազմի անվանումը։ 2020-ի նոյեմբերի 9-ի կեսօրին Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «44-օրյա պատերազմ» եզրի նպատակն այն էր, որ այդ օրը, երբ վերջնականապես հաստատվեց Շուշիի անկումը, կկնքվեր հրադադարի պայմանագիր, որը կհամընկներ Ադրբեջանի պետական տոներից մեկի՝ պետական դրոշի տոնի հետ։ Նոյեմբերի 10-ի առաջին ժամերին, երբ հանրությանը ներկայացվեց հրադադարի մասին հայտարարությունը, այն ուժի մեջ էր մտել Երևանի ժամանակով 01։00-ին էր։ Ռազմական գործողությունների փաստական ավարտը համարվում է ոչ թե այն օրը կամ այն ժամը, թե երբ է ձեռք բերվում համապատասխան պայմանավորվածությունը, այլ թե երբ է հրադադարն ուժի մեջ մտնում։ Ռազմական գործողությունները, որոնք սկսվել էին սեպտեմբերի 27-ին, և հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 10-ին, իրականում գործողությունները տևել են ոչ թե 44, այլ 45 օր։ Այլ խոսքով, երբ նոյեմբերի 10-ին հաջորդած օրերի ու շաբաթների ընթացքում փորձում էինք ըմբռնել տեղի ունեցած ռազմական պարտության, մարդկային, նյութական ու տարածքային կորուստների իրական մասշտաբները, իսկ ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը ժամանակ ու հնարավորություն չտվեց իմաստավորել պատերազմը, դրան հաղորդել գաղափարական ու խորհրդանշային նշանակություն, ստիպված շրջանառության մեջ դրվեց պատերազմի անվանակոչման այն տարբերակը, որն Ադրբեջանն արդեն հանրային լայն հղման աղբյուր էր դարձրել՝ 44-օրյա պատերազմ անվամբ։ Նույնը վերաբերում է 2020-ի պատերազմը երկրորդ կամ երրորդ պատերազմ անվանակոչելուն։ Եթե այն անվանակոչվում է երկրորդ կամ երրորդ պատերազմ՝ հաշվի առնելով 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունները, այդ դեպքում ինչպե՞ս է անվանակոչվելու 2020-2023 թթ․ ընթացքում թե՛ Արցախում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ցածր և բարձր ինտենսիվությամբ ռազմական գործողությունները, կամ ինչպե՞ս են կոչվելու Արցախում 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած բարձր ինտենսիվությամբ ռազմական գործողությունները։
Իրականում, պատերազմը սկսվել է 1988-ին, ունեցել է տարբեր ինտենսիվության մի շարք փուլեր և ցայսօր չի ավարտվել։ Այլ կերպ, պատերազմների թվագրման և կանոնակարգման համար անհրաժեշտ է դրսևորել մասնագիտական հետևողականություն և հասնել եթե ոչ ընդհանուր հայտարարի, ապա աշխատանքային համընդհանուր տարբերակի։
Մեթոդաբանական դիտարկումներ
Փաստական հիմքերը վեր հանելուն զուգահեռ Վիգէն Չըթըրեանը փաստերի ու իրողությունների վերաբերյալ մեկնաբանություններ է ստացել այն անձանցից, որոնցից բոլորը չէ, որ քննվող իրադարձություններին ունեցել են անմիջական մասնակցություն։ Երկրորդ խնդիրը, որոշ դրվագներում փորձելով ապահովել «փոխադարձ հակակշռում» և «հարաբերական օբյեկտիվություն» իրականության փնտրտուքը մղվել է երկրորդ պլան։ Այլ խոսքերով, փորձելով մեկտեղել քաղաքագիտական, պատմագիտական և լրագրության հետազոտական մեթոդները, տեղի է ունեցել բավական բարդ համադրում, որն ազդել է աշխատանքի հռչակած նպատակների վրա։
Այս դիտարկումից ելնելով ցանկալի էր, որ գրքում նշվեր, թե ինչու է հեղինակը որոշել հարցազրույցներ անել ու համադրել հիշյալ հետազոտական մեթոդները։ Ի՞նչ սկզբունքով են ընտրվել 31 զրուցակիցները, որոնց հետ անցկացվել է 34 հարցազրույց։ Եղե՞լ են արդյոք մերժումներ, և ի՞նչ բացատրություններ են տրվել։
Կարեն Հարությունյանի հատվածում ներառված է 80 հարց, ևս 38 հարց բարձրացված են Աշոտ Ոսկանյանի և Վիգէն Չըթըրեանի հոդվածներում։ Ընդհանուր առմամբ նշվել է 118 հարց։ Հարցերը շարադրելիս Կարեն Հարությունյանը նշում է, որ «հարցերի զգալի մասը բարձրացվել է հարցազրույցներում»։ Այստեղ է, որ ցանկություն կա մեկ կարևոր հարց դնել քննարկման։ 2021-ին Սիմոն Սարաջյանի հեղինակած զեկույցում ներառված էր 405 հարց, նույն տարի Ժիրայր Լիպարիտյանի, Թալին Փափազյանի և Ռոբերտ Այդաբիրյանի զեկույցում ներառված էր 170 հարց։ Այսինքն, միայն այս երեք աշխատանքներում միասին բարձրացվել է մոտ 700 հարց։ Այս գրքում բարձրացված 118 հարցերը որքանո՞վ են տարբեր ու նման մինչ այժմ բարձրացված հարցերին, ինչպե՞ս են այս հարցերը ձևավորվել, հաստատվել և ընդգրկվել գրքում։ Աշխատանքի ընթերցումից հետո այդ հարցերից քանի՞սն են ստացել պատասխան, քանի որ, ինչպես Կարեն Հարությունյանն է գրում, նշված հարցերի բարձրացումը անպայմանորեն չի նշանակում, որ դրանք ստացել են պատասխաններ։ Ինչպե՞ս պետք է շարժվել առաջ, հարկավո՞ր է արդյոք նպատակային կերպով մեծացնել ու ընդլայնել հարցերի շարքը, թե՞ պետք է սկսել այս պահի դրությամբ կուտակված հարցերին ինտենսիվ պատասխաններ փնտրելու փուլը։
Հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե ինչքանով է Չըթըրեանը վստահում զրուցակիցների փաստական բնույթի պնդումներին։
ա. Օրինակ, Հայկ Խանումյանը պնդում է, որ Տիրան Խաչատրյանը երկու դրվագով անտեղյակ է եղել իր զորքերի գտնվելու վայրի վերաբերյալ։
բ. Կամ, օրինակ, Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ «մեր կորուստների մեծ մասը, այսինքն՝ 4200-ից 3000-ը, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք ծանր բեռնատարներից կազմված շարասյուների մեջ էին։ Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում դադարեցվեց շարասյուներով անձնակազմի տեղափոխումը»։
գ. Նաև՝ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ «Հոկտեմբերի 7-8-ից հետո Գլխավոր շտաբը չգիտեր, թե որտեղ են մեր ուժերը, որտեղ են ադրբեջանական ուժերը»։
Հեղինակն արդյոք ստուգե՞լ, վերստուգե՞լ է այս ու հարցազրույցներում տեղ գտած մի շարք տեղեկությունների ու պնդումների իսկությունը։ Եթե այո, հետազոտության ու հարցազրույցների իրականացման ո՞ր փուլում։ Հնարավոր չէ՞ր արդյոք, որ այս հարցերը բարձրացվեին պատերազմի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարցազրույցներում։ Մյուս տարբերակը կարող էր լինել ծանոթագրությունների միջոցով նման պնդումների վերաբերյալ հստակություն ու պարզաբանումներ տալը։
Վիգէն Չըթըրեանը նշում է՝ «2020-ի պատերազմն ու պարտությունը նաև հայկական նահապետական համակարգի խորքային ձախողումն է՝ չափն անցնող մաչոական ինքնավստահությամբ և ինքնաքննադատության բացակայությամբ» և տալիս հետևյալ խորհուրդը. «Հայաստանի քաղաքական և ռազմական կառույցներում ղեկավարման գործընթացներին կանանց մասնակցությունը միայն կբարձրացնի բազմակարծությունն ու քննադատական մտածողությունը»: Ի՞նչի հիման վրա է արվում այս պնդումը։
Հաջորդ դիտարկումը կրկին մեթոդաբանական է։ Թե՛ 2018-2020 թթ., թե՛ 2020-ից հետո ՀՀ վարչապետը գրեթե ամենօրյա ռեժիմով խոսել է Արցախյան հակամարտության բանակցությունների ու պատերազմի ընթացքի մասին։ Նա արել է հարյուրավոր հայտարարություններ, մեկնաբանություններ, փաստարկումներ ու պնդումներ։ 2023-ի հունիսին խորհրդարանական քննիչ հանձնաժողովի առջև երկու անգամ ելույթ է ունեցել՝ կատարելով բազմաթիվ հայտարարություններ ու պնդումներ։ Ինչո՞ւ հարցազրույցի ընթացքում չեն բարձրացվել հարցեր, որոնք կբխեին նրա արած հայտարարություններից։ Ինչպե՞ս է նա կարողացել անքննադատ վերահաստատել ու վերարտադրել իր պնդումները։ Օրինակ, քննիչ հանձնաժողովի առջև իր ելույթի ժամանակ նա ասաց. «…պատերազմի ժամանակ մի քանի անգամ․ տասնյակ անգամ Արցախից եկած ու Գլխավոր շտաբի լուրերի միջև եղել են հսկայական տարբերություններ։ Դա մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր։ Երբ Արցախի նախագահից տեղեկատվություն էր ստացվում, այն ԳՇ-ն հերքում էր, հետո հաստատում, որ այն ճշմարիտ էր»։ Նրա հետ հանդիպումը լավ հնարավորություն էր հասկանալու, թե երբ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել տեղեկատվական այդ հակասական հոսքը, ինչու է նա «տասնյակ անգամ» հանդուրժել նման հակասական տեղեկատվական հոսքը։ Բացի հակասական այս երկու աղբյուրներից՝ հավելյալ ի՞նչ այլ աղբյուներից է նա ստացել լրացուցիչ տեղեկություն։ «Տասնյակ անգամ» ստացած հակասական տեղեկության արդյունքում ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել։ Սա ընդամենը մեկ դրվագ էր, որը կարելի էր նրան հարցնել ու պարզաբանում ստանալ։
Գրքում կարևոր տեղ է հատկացված հետախուզական ծառայություններին։ Արտաքին հետախուզության ծառայության բացակայության հատվածում Չըթըրեանը նշում է, որ «Ինչպես 2016-ին, այնպես էլ 2020-ին հայկական ուժերը անակնկալի էին եկել», կամ «Հայաստանի ղեկավարությունը չգիտեր ակնկալվող հարձակման պահի, ուղղությունների ու ծավալների մասին»։ Մինչդեռ, 2020-ի հոկտեմբերի 14-ի հղած ուղերձում Փաշինյանը նշում էր․ «Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»։ Դատելով այս պնդումից՝ հայտնի էր օրը, անհայտ էր ժամը և տեղանքը։ Ուստի, Փաշինյանի հետ հանդիպումը լավ հնարավորություն էր նրանից ճշտելու, որ դժգոհելով հետախուզական տվյալներից՝ որտեղից է ստացել այդ ինֆորմացիան կամ տիրապետելով այդ ինֆորմացիային՝ նա կամ ռազմական ղեկավարությունը ինչ քայլեր են ձեռնարկել։
Արտաքին հետախուզության վերաբերյալ նույն հատվածում, հղում կատարելով, Փաշինյանի պատասխանին, նշվում է. «2020-ի սեպտեմբերի 25-ին, չնայած հետախուզական կոնկրետ տվյալներին, Գլխավոր շտաբը պատերազմի հավանականությունը 30 տոկոս է գնահատել։ Բայց այստեղ շատ էական դեր է կատարել այն, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ասել են, որ եթե դուք պրովոկատիվ քայլեր չանեք, պատերազմ չի լինելու»։ Հեղինակի հարցին, թե «արդյոք կայի՞ն պետական այլ մարմիններ, որոնք կարող էին այլընտրանքային վերլուծություն ներկայացնել», ասել է. «Պատասխանը կարճ է՝ ոչ»»։
Էական շատ հարցեր մնում են անպատասխան, երբ Փաշինյանի հարցադրում չի արվում, թե այդ ընթացքում ինչ դեր է ունեցել Անվտանգության խորհրդի աշխատակազմը կամ Ազգային անվտանգության ծառայությունը, էլ չասած այն մասին, որ 2020-ի հուլիսի 4-ին, 10-ին և օգոստոսի 21-ին ԳՇ պետը վարչապետին և ԱԽ-ի անդամներին ներկայացրել է մի քանի զեկույց ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետին նաև զեկուցվել է, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», ընդգծվել է, որ առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը։ ԳՇ նախկին պետն ասել է նաև, որ թույլ են հետախուզական մարմինները։
Այսինքն, ունենալով ԳՇ-ի վերլուծությունը և նախազգուշացումը, ՀԱՊԿ-ի գործընկերների հորդորը սադրիչ քայլեր չանելու վերաբերյալ, իրականացվում է «Տավուշյան օպերացիան», «Սևրի 100-ամյակը նշելու օպերացիան», «Սարդարապատում հերոսապատման օպերացիան», «Ադրբեջանը ներսից պայթեցնելու օպերացիան», իսկ սեպտեմբերի 25-ին՝ «Ադրբեջանի բանակի առասպելազերծման օպերացիան»։ Անշուշտ, այս հարցերի քննարկումը Չըթըրեանին առավել լավ պատկերացում կտար, թե ՀՀ վարչապետը ինչպես էր բացատրելու 2020-ի պատերազմին նախորդող 100 օրերի ընթացքում արած իր քայլերը։
Նորից հետախուզության մասով, Չըթըրեանի հետ հարցազրույցում Սուրեն Սարգսյանը նշում է․ «[Պատերազմի] Նախորդ օրը hետախուզության ղեկավարը հաղորդում է Ջալալ Հարությունյանին, որ վաղը լայնածավալ պատերազմ է սկսվելու։ Հարությունյանը հրաժարվում է ստորագրել զեկուցագիրը (այն հաստատելու համար) և հետ է ուղարկում»։ Կրկին, սա այն դրվագն է, երբ հետախուզության տվյալ ունենալը և դրա հիման վրա քաղաքական ու ռազմական որոշումներ կայացնելը միանգամայն տարբեր հարցեր են։
Չբարձրացված հարցեր
Փաշինյանի հետ հանդիպումը լավ առիթ էր նաև հասկանալու, թե ինչպես ու ինչ պայմաններում է նրա կինը 2023-ի ապրիլին հայտարարել 11,000 դասալիքների մասին, երբ 2023-ի ապրիլի դրությամբ համապատասխան հոդվածով մեղադրյալի կարգավիճակ ուներ մոտ 750 անձ, որոնցից միայն 64 քաղաքացու վերաբերյալ կար կայացված դատական ակտ։
Գրքի «Տեխնիկայի կորուստներ և զոհեր» հատվածում ցավոք չի քննարկվում զոհերի հարցը։ Փաշինյանի հետ հանդիպումը լավ առիթ էր հասկանալու, թե ինչպես ու ինչ պայմաններում էր պատերազմի ընթացքում նվազեցվում հայկական կողմերի զոհերի թիվը և ուռճացվում Ադրբեջանի կորուստների թիվը։ 2020-ի նոյեմբերի 10-ին նախորդող օրվա դրությամբ, ըստ ՊՆ հաղորդագրությունների, ադրբեջանական կորուստների թիվն անցնում էր 10,000-ը։
Գրքում նշվում է, որ «2018-ից հետո տեղի ունեցած ներքին քաղաքական գզվռտոցը, որն ուղեկցվում էր հակակոռուպցիոն արշավով, հանգեցրեց նախկին առաջնորդների դեմ պայքարի, այդ թվում՝ զինվորականների, ինչը էլ ավելի թուլացրեց Հայաստանի պետական ինստիտուտները»։ ՀՀ վարչապետի հետ հարցազրույցը լավ առիթ էր հարցնելու, թե արդյոք նա գիտակցում էր, որ պետական ինստիտուտները և Զինված ուժերը, հնարավոր է, թուլանային իր կատարած «շատ զգույշ և շատ նուրբ» քայլերի արդյունքում։ Նիկոլ Փաշինյանին հղում կատարելով՝ նշվում է․ «Ես ըստ էության ո՛չ պաշտպանության նախարարի, ո՛չ նախարարի տեղակալների, ո՛չ ՊՆ-ի համակարգում զինվորականների կադրային փոփոխություններ չեմ արել»։ Իրականում փոխվել է ոչ միայն նախարարը, այլև փոխնախարարներից երկուսը, հինգ բանակային կորպուսների հրամանատարներից չորսը (2018-ի հունիս - 2019 դեկտեմբեր ժամանակահատվածում)։ 2018-ի դեկտեմբերին զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։
Չըթըրեանի հետ հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ «Ջաբրայիլից հետո տապալվեցին ամենակարևոր ռեսուրսները։ Գլխավոր շտաբը կորցրեց վերահսկողությունը։ Հոկտեմբերի 7-8-ից հետո Գլխավոր շտաբը չգիտեր, թե որտեղ են մեր ուժերը, որտեղ են ադրբեջանական ուժերը»։ Լավ առիթ էր նրան հարցնելու, թե երբ էր նա գիտակցել այդ փաստը, և եթե համոզված էր դրանում, ինչու էր շարունակում կատարել անօրինական հրամաններ։ Դա կօգներ հասկանալ, թե ռազմաքաղաքական որոշումների քարոզչական ուղեկցումը ինչ մեխանիզմների վրա է հիմնվել և ինչ գործոններով պայմանավորված է կերտվել ու վերահաստատվել պատերազմի ժամանակ ձևավորված քարոզչական թեզերը և հակաթեզերը։
Քաղաքականության, քարոզչության և ընկալումների մասին
Գրքի մեկ այլ խնդիր կամ թերևս առանձնահատկությունն այն է, որ հայաստանյան հասարակությանը վերագրվում են արարքներ ու ընդհանրական բնութի կարծիքներ՝ առանց տարանջատելու կառավարության քաղաքականության, քարոզչության և ընկալումների միջև եղած տարբերությունը։ Օրինակ, Վիգեն Չըթըրեանը նշվում է․ «2020-ի հուլիսյան մարտերը Հայաստանում ցնծագին մթնոլորտ էին ձևավորել՝ բերելով ընդհանուր զգացողության, թե «հայկական բանակն անպարտելի է»»։ Եթե կառավարության անդամների և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների որոշ հայտարություններ ու քայլեր միտված էին նման հանգստություն ու տպավորություն ստեղծելու, ապա հայաստանյան ընդդիմությունը, զինվորականության մի հատվածը և վերլուծական հանրույթի մի մասը հաստատ այդպես չէր մտածում, առավել ևս՝ նման ընդհանրացում անելու համար որևէ հիմք չկա։ Թերևս տրամագծորեն հակառակն էր տեղի ունենում։ Լուրջ հարցեր էին հնչում ու մտավախություններ բարձրաձայնվում տեղի ունեցածի կապակցությամբ։
Թուրքիայի աննախադեպ ագրեսիվ հայտարարությունները, ներադրբեջանական զարգացումները, Ռուսաստանի հայտարարությունները, տեղի ունեցածի քարոզչական ուղեկցումը ստեղծել էին խիստ մտահոգիչ համապատկեր։ Հետևաբար, «ցնծագին մթնոլորտ» ասածը թերևս չափազանցություն է։
Վիգեն Չըթըրեանի հետազոտությում պարբերաբար կրկնվում է, որ մեծամտությունը, մաչոիզմը հանգեցրեց գերակշռող կարծիքի, որ Հայաստանը կարող է հաղթել նոր պատերազմում։ Կրկին, այստեղ միահյուսվում են պատերազմական իրողությամբ ծնված քարոզչական թեզերը, քաղաքական հայտարարությունները և իրական բովանդակային իրողություններն ու բանակցությունները։ Իրականում, 1994-2018 թթ․ ընթացքում Հայաստանի որևէ ղեկավար երբեք չի տարվել այն պատրանքով, որ Ադրբեջանին կարելի է պատերազմի դաշտում անընդհատ ծնկի բերել, փոխարենը խոսվել է ու մասամբ տարվել է այն քաղաքականությունը, որ Ադրբեջանի հաջորդ ագրեսիայի դեպքում Հայաստանը պետք է կարողանա դիմակայել ու հավասարակշռել հակառակորդին։ Ամբողջ ռազմական դոկտրինը կառուցված է եղել այդ հիմնարար ելակետի վրա։
Ռազմական պատմություն՝ առանց քաղաքական ու դիվանագիտական իրողությունների
Վիգեն Չըթըրեանը նաև պնդում է, որ առաջին հերթին ռազմական խնդիր է՝ հասկանալու, թե ինչու Հայաստանը պարտվեց պատերազմում, ինչի պատասխանը կարելի է ստանալ միայն պատերազմի ռազմական պատմությունը գրելուց հետո։ Իրականում, ռազմական պատմությունը հնարավոր չէ գրել առանց նախընթաց, համընթաց և հաջորդող քաղաքական ու դիվանագիտական իրողությունների մանրամասն ու բազմակողմանի հետազոտության։ Վերջին հաշվով, պատերազմը քաղաքականության շարունակությունն է։
Կարեն Հարությունյանի ակնարկում նշվում է, որ բարձրացված հարցերին «պատասխանների որոնումը թույլ կտա թեկուզ ուշացած, բայց դասեր քաղել»։ 2020-ից հետո թերևս ամենակարևոր ու ամենակրկնված թեման «դասեր քաղելն» է։ Ընդհանրապես, աշխատանքում «դասեր» բառն ամենահաճախ հանդիպողներից մեկն է։ Սակայն այս հարցի շուրջ մեր իրականությունում այդպես էլ բովանդակային ու շահագրգիռ քննարկում տեղի չի ունենում։
Ինչպե՞ս է հնարավոր իրականացնել «դասերի քաղումը», ինչպե՞ս է որևէ հետևություն դառնում «դաս», ինչպե՞ս պետք է այդ «դասերը» հաստատվեն, վերահաստատվեն որպես «դասեր», ինչպե՞ս պետք է տեղի ունենա «քաղելու» գործընթացը։ Քաղաքական ու պետական ինստիտուտները, հասարակական կառույցները, գիտական ու վերլուծական հանրույթը ի՞նչ դեր պետք է ունենա դասերի ամբարման, հաստատման ու «քաղման» գործընթացում։ Ինչպե՞ս ստեղծել «սև արկղեր», որոնք կամբարեն ու կհավաքեն հսկայածավալ զտված նյութը ու կստեղծեն այն դասերի շտեմարանը, որը հասու կլինի ցպահանջ։
Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է քաղած դասերը դարձնեն գործընթացներ, կառուցակարգեր ու ստեղծեն ինստիտուցիոնալ հիշողություն։ Ինչպե՞ս դասերի վրա հիմնված ինստիտուցիոնալ հիշողությունը կարող է դիմադրել քաղաքական կոնյունկտուրային ու քաղաքական ցնցումներին ու իշխանափոխության բերած ցնծումներին։ Ավելին, «դասեր քաղելու» գործընթացում անհրաժեշտաբար մտասևեռվում ենք միայն բացասական փորձառության վրա, սակայն ինչպե՞ս պետք է հաստատվեն ու ստուգվեն դրական դասերը։ Այս հարցերը կարիք ունեն գիտական հետազոտությունների։
«Հասարակության համատարած ճգնաժամ»
Աշոտ Ոսկանյանի «Ռազմական պարտությու՞ն, թե՞ հասարակության համատարած ճգնաժամ» հարցականներ պարունակող գլխում հայաստանյան հասարակությունը համարվում է «տապալված», «քաղաքական ամնեզիայով վարակված», «հիասթափված», «անտարբեր», «բևեռացված», «հոգևոր կոլապս ապրող», «համակարգային բացեր» ունեցող, «անկասկած ու անվերապահ ֆիասկո կրած», «չկայացած»։ Ոսկանյանը ավելացնում է․ «ցնցող ճգնաժամային իրավիճակի ռացիոնալ իմաստավորման արժանահավատ փորձ դժվար է սպասել ինչպես գործող քաղաքական, այնպես էլ տնտեսական ընտրախավերից»։
Բաց է մնում հարցը, թե ինչ դիտարկումների արդյունքում է հեղինակը հանգել հասարակության վերաբերյալ նման գնահատականների։ Հասարակությանը ենթարկելով նման ծանր պատասխանատվության և տալով նման գնահատական՝ ինչպե՞ս է ակնկալում նույն հասարակության վերագործարկումը, ինչպե՞ս է նա պատկերացնում, որ այդ խնդիրների տակ կքած հասարակությունը «մի պահ վերանա խմբային շահերի թոհուբոհից, համարձակություն ունենա առերեսվել իր չկայացվածության հիմնարար փաստի հետ»։
Հորդորելով հույս չկապել քաղաքական ու տնտեսական ընտրախավերի և քաղաքացիական հասարակության հետ, այնուհանդերձ, պնդում կա, որ «քաղաքացիական հասարակությունը և նրա հանրային ոլորտը» այն դաշտն է, որում հնարավոր է աշխատել։ Այստեղ, անշուշտ, առկա է հակասություն, որը կարիք ուներ բացատրության։
Եզրակացություններ կամ դասեր
2020-ի ռազմական գործողությունների մասին շատ է խոսվել, բայց քիչ է գրվել՝ բացառությամբ մի շարք լրագրողական վավերագրությունների ու մասնագիտական մի քանի հոդվածների։ Ռազմական պարտությունը չափազանց մեծ արհավիրք է այն վերապրած սերնդի համար, սակայն տեղի ունեցածը չպետք է թմրեցնի մեր հավաքական ու անհատական, ինչպես նաև մասնագիտական զգոնությունը։ Մասնագիտական հանրույթի նպատակն ու խնդիրը պետք է լինի պատերազմի հավաքական պատմությունը շարադրելը, որը կգրվի քաղաքական նախապատվություններից աղճատված ու կբացառի «բոլորն են մեղավոր» համահարթեցման տանող մոտեցումը։ Այդ տեսանկյունից, խնդրո առարկա աշխատանքը ուշագրավ փորձ է մեկտեղելու տարբեր բնույթի տեքստերը, մեթոդները ու մոտեցումները։ Այն ցույց է տալիս, որ գիտական հանրույթը կարիք ունի տեղի ունեցածը ենթարկելու խորքային ուսումնասիրության՝ հաշվի առնելով այդ պատերազմների հետազոտության լավագույն մասնագիտական գրականությունը և մեթոդները։
Այդ առումով այս աշխատանքը չի հավակնել ներկայացնելու պատերազմի բոլոր դրվագները կամ շարադրել պատերազմի ամբողջական պատմությունը։ Ուստի, գրքի վերաբերյալ դիտարկումների հիմնական խնդիրը վերաբերում է կատարված հետազոտության մեթոդաբանությանը։
Ընդհանրացնելով աշխատանքը և հիմնական եզրակացությունները՝ հարկավոր է կատարել մի քանի ամփոփումներ, որոնք կարող են հավակնել դառնալու «դասեր»։
Անհրաժեշտ է ձևավորել իշխանության փոխանցման օրենքով կանոնակարգված կառուցակարգեր, ընթակարգեր ու սկզբունքներ, ինչի ընթացքում տեղի կունենա փոխանցվող գործերի ու դրանց կարգավիճակի գույքագրում։ 2018 թվականը ցույց տվեց, որ քաղաքական հետապնդումները, բևեռացվածությունը, ընդդիմախոսների անվանարկումը և միջանձնային հաշվեհարդարները մղվեցին առաջին պլան՝ հետին պլանում թողնելով պետական կարևորագույն խնդիրների ու շահերի շուրջ քաղաքական ու տնտեսական էլիտաների քննարկումը։
Երկրորդ դիտարկումն այն է, որ 1989-ի դեկտեմերի 1-ի որոշմամբ ու 1990-ի անկախության հռչակմամբ հիմք էր դրվել Հայաստան-Արցախ կոնֆեդերատիվ հանրապետության հիմնադրմանը՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական ու ռազմական բոլոր կառուցակարգերով ու հետևանքներով։ Այս հանգամանքի ընդունումը տալիս է շատ հարցերի պատասխաններ ու ցույց տալիս, թե որտեղ են շատ խնդիրների հիմքերը և բաց թողնված հնարավորությունների պատճառները։
Պետական համակարգում ռազմավարական որոշումներ ընդունողների մակարդակում առկա է կարողությունների ու հմտությունների հսկայածավալ բաց՝ մասնավորապես ռիսկերի ու մարտահրավերների գնահատման առումներով։
Պետական կառավարման համակարգում առկա է որոշումների կայացման, կարծիքների ստուգման, փոխանակման, սրբագրման հավասարակշռող մեխանիզմների աղաղակող բաց։ Խմբային որոշումների կայացումը, անհատական նախաձեռնողականությունը, հարմարվողականությունը, հետամուտ լինելու ինստիտուցիոնալ հիմքերի բացը հարկավոր է խորությամբ արմատախիլ անել։
Վահրամ Տեր-Մաթևոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է, մի շարք գրքերի և գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ։
Civilnet











