«3+3» ձևաչափում Վրաստանի տեղը մշտապես բաց է. Լավրով

Վրաստանի համար «երեք գումարած երեք» («3+3») ձևաչափի դռները բաց են. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում խորհրդարանական ժամի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ մենք ունենք հենց «երեք գումարած երեք» ձևաչափը, և որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները և թերահավատությունը, բայց Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում»,- ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հենվում է երկրի ազգային շահերի վրա։ «Եվ կասկած չկա, որ «3+3»-ը բոլոր մասնակիցների շահերից է բխում»,- ասել է նախարարը։
«Ի դեպ, դա, անկասկած, նախանձ էր առաջացրել ԱՄՆ նախորդ վարչակազմում, որը փորձում էր 3+3» ձևաչափի փոխարեն առաջ տանել «3+1» ձևաչափը, այսինքն՝ անդրկովկասյան երեք երկրները և Ջո Բայդենի մարդիկ (ԱՄՆ նախկին նախագահ), որոնք պետք է նրանց ղեկավարեին»,- պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցվածքային կազմակերպության»։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ևս անդրադարձել է «3+3» ձևաչափին։ Այսօր՝ փետրվարի 20-ին, Բաքվում Ադրբեջանի ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանում օտար ուժերի որևէ միջամտություն, և տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև։ Նա հավելել է, որ տարածաշրջանային հարցերը կարող են առաջ մղվել «3+3» հանդիպումների մակարդակով, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նշել է, որ Ադրբեջանն աջակցում է «3+3» բանակցությունների քաղաքականությանը։
2020-ի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) համագործակցության հարթակ ստեղծելու առաջարկներ հնչեցին։ Ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ են մղել Թուրքիան և Ադրբեջանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այն, Վրաստանը մշտապես հրաժարվել է մասնակցել այս ձևաչափով հանդիպումներին՝ Ռուսաստանի ներկայության պատճառով։ Խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։
Civilnet










