Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 20-ին տեղի ունեցած խցանումների հիմնական մեղավորներ համարեց վարորդներին։
«Մենք բազմիցս խոսել և զգուշացրել ենք ձյան տեղումների մասին։ Խցանումների պատճառների շուրջ 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների վթարներով։ Այսինքն՝ վթարներն առաջանում էին հիմնականում այն մեքենաների դեպքում, որոնք դեռ ամառային անվադողերով էին», – նշեց Ավինյանը։
Նա հավելեց, որ մյուս կարևոր պատճառը ԱՊՊԱ համակարգն է, քանի որ փոքր վթարների դեպքում վարորդները երկար ժամանակ կանգնում են, ինչն էլ խցանումներ է առաջացնում։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր հերթին զեկուցեց կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ հատկապես ձյան առաջին տեղումների ժամանակ ստեղծված իրավիճակը պայմանավորված էր անոմալ տեղումներով։ Նա ընդգծեց, որ մի քանի ժամ չեն կարողացել մաքրել փողոցները, սակայն այնուհետև ողջ ներուժն օգտագործել են և գործի անցել։
Քննարկման ընթացքում հստակ պարզաբանում չներկայացվեց, թե ինչու հանրային տրանսպորտը ևս կաթվածահար եղավ։ Միայն Կամո Արեյանը կրկին շեշտեց, որ խցանումների պատճառներից մեկը վարորդների անհոգությունն է։ «Այո, արձանագրված վթարների գրեթե կեսը տեղի է ունեցել անվադողերի ոչ բավարար վիճակի պատճառով։ Բացի այդ, արձանագրել ենք նաև, որ ձմեռային անվադողերի մի մասը ամբողջովին մաշված էր, ինչը հատկապես խոչընդոտել է երթևեկությունը, այդ թվում՝ հանրային տրանսպորտի տեղաշարժը», – նշեց Արեյանը։
Փետրվարի 20-ին առատ ձյան տեղումների պատճառով մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար էր եղել: Սառած ճանապարհների պատճառով ավտոբուսների վարորդները հրաժարվում էին շարունակել երթևեկությունը և ուղևորներին իջեցնում էին:
Civilnet











