Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունը 2025-ին կունենա երեք հիմնական ուղղություն՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին, հայ զինվորականների վերապատրաստում թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում և խորհրդատվական ծառայություններ, որոնք տրամադրվում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել և հզորացնել հայկական բանակը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։
Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը պաշտպանական ոլորտում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 8-ին հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը, Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը» և «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն»: Հարցին, թե ո՞րն է պաշտոնական Փարիզի արձագանքն Ալիևի այս հայտարարություններին, դեսպանը պատասխանել է, որ Ֆրանսիան շարունակելու է օգնել Հայաստանին։
«Պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այն է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Եվ շարունակվում է նույն նպատակով՝ օգնել Հայաստանին պաշտպանել իր տարածքը, իր բնակչությանը և իր ինքնիշխանությունը»,- ասել է դեսպանը։
Ֆրանսիայի դեսպանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահի՝ սպառնալիքներ պարունակող հայտարարությունները։ Միևնույն ժամանակ նշում է, որ դիտարկելով իրավիճակը՝ տեսանելի է հարաբերական կայունությունը։
«Այսինքն՝ ռազմական լուրջ միջադեպեր՝ մահ կամ վիրավորումներ, մոտ մեկ տարի է՝ չեն եղել, և սա մասամբ նաև ԵՄ եվրոպական դիտորդական առաքելության շնորհիվ է, որը տեղում է և որը կարող է զգուշացնել որևէ միջադեպի դեպքում, որը նաև կարող է հստակեցնել կեղծ նորությունները, բացահայտել դրանք։ Մեր դիտարկմամբ, անցյալ ամառվանից սկսած՝ խաղաղության շուրջ բանակցություններում էլ առանձնակի առաջընթաց չի եղել։ Քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսել։ Այսօր իրավիճակը քիչ թե շատ խաղաղ է, բայց կայուն չէ, ուստի պետք է անել առավելագույնը՝ հասնելու խաղաղության, կայուն խաղաղության»,- ասել է դեսպանը։
Խաղաղության պայմանագրի մասին
«Այսօրվա դրությամբ սահմանազատման աշխատանքը բանակցային ընդհանուր գործընթացի միակ հատվածն է, որ շոշափելի արդյունքներ է տվել»,- նշել է դեսպանը։
Դեսպանի խոսքով, խաղաղության համաձայնագրի հիմքը պետք է լինեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները, այսինքն՝ միջազգային սահմանները պետք է լինեն նախկին խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները, ինչը նշանակում է, որ այն օկուպացնող զորքերը, որոնք գտնում են այդ սահմաններից այն կողմ, պետք է վերադառնան իրենց տեղերը։
Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակ բացելու մասին
Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է Սյունիքում հյուպատոսական գրասենյակ, այսինքն՝ պատվավոր հյուպատոսի գրասենյակ բացել. այն կտեղակայվի Գորիսում։
«Գորիսը մի կողմից, կարելի է ասել, Սյունիքի խաչմերուկն է, մյուս կողմից առանձնակի կապ ունի ֆրանսերենի հետ։ Բնակչության համամասնությունը հաշվի առնելով՝ թերևս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է։ Ժամկետ դեռ չեմ կարող ասել, որովհետև ցանկանում ենք նաև բավականին գեղեցիկ բացման արարողություն կազմակերպել, բայց կարող եմ ասել՝ շուտով»,- ասել է դեսպանը։
ԼՂ բնակչության վերադարձի իրավունքի մասին
Դեսպանը շեշտել է՝ ԼՂ բնակիչների վերադարձն իրենց իրավունքն է։ Այդ իրավունքը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023-ի նոյեմբերի 17-ի որոշմամբ, և այդ որոշումը պարտադիր ուժ ունի, այսինքն՝ Ադրբեջանը պարտավոր է կատարել դա։
«Այդ որոշման մեջ նաև մանրամասն նշված են վերադարձի չափանիշներն անվտանգության, ժառանգության պաշտպանության առումով, մշակութային կամ կրոնական իրավունքների առումով։ Ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա»,- ընդգծել է դեսպանը։
ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծի մասին
Դըկոտինյիի խոսքով, Հայաստանի համար հնարավոր է դարձել խաղաղության եվրոպական գործիքից օգտվելը, ինչը հնարավորություն է տալիս եվրոպական ֆինանսավորում ուղղել Հայաստանի բանակի համար ռազմական տեխնիկա ձեռք բերելուն։ Եղել է որոշում՝ երկարաձգել եվրոպական դիտորդական առաքելությունն ու կրկնապատկել դիտորդների թիվը, ինչը ևս վկայում է, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի կողքին լինել տևական։ Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները մեկնարկել են։
Civilnet











