Աջի ու ձախի արանքում. ինչ է սպասվում հետընտրական Գերմանիայում

Լուսինե Վարդանյան
Փետրվարի 23-ին Գերմանիայում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ձայների մեծ մասը՝ 28,5 տոկոսը, ստացավ ընդդիմադիր CDU/CSU պահպանողական կուսակցությունների դաշինքը (Քրիստոնեա-դեմոկրատներն ու Քրիստոնեա-սոցիալական միությունը)։ Կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում մեծամասնություն ունենալու համար պիտի կոալիցիա կազմի։ Մինչ դա Գերմանիայում փորձում են հասկանալ և վերլուծել ընտրությունների արդյունքը։

Ո՞ր ուժը ի՞նչ արդյունք ունեցավ
2021-ի ընտրություններին ամենաշատ ձայներ ստացած, կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենավատ արդյունքն է գրանցել՝ 16,4 տոկոս։
Նրանց կոալիցիոն իշխանության մաս Կանաչները հավաքել են ձայների 11,6 տոկոսը։ Իշխող «Լուսացույց» (Ampel) կոալիցիայի մաս Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP), 4,3 տոկոսով չի հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը՝ 5 տոկոս։ Կուսակցության ղեկավար Քրիստիան Լինդները հայտնել է քաղաքականությունը լքելու մասին։
Խորհրդարան չի մտել նաև Սառա Վագենքնեխթի դաշինքը (Bündnis Sahra Wagenknecht), որին չի հերիքել ընդամենը 0,028 տոկոս կամ մոտ 14,000 քվե։
Ամենամեծ անակնկալը ծայրահեղ ձախերի (Die Linke) հավաքած 8,8 տոկոսն էր։ Մի քանի ամիս առաջվա կանխատեսումները կասկածի տակ էին դնում նրանց՝ խորհրդարան մտնելու հնարավորությունը։ Նախորդ ընտրություններին 4,9 տոկոսով նրանք գրեթե դուրս էին մնացել։ Վերլուծությունները վկայում են, որ ծայրահեղ ձախերի օգտին ամենաշատը քվեարկել են երիտասարդ կանայք և առաջին անգամ ընտրության իրավունք ունեցողները։ Կուսակցությունը առաջատար էր նաև մայրաքաղաք Բեռլինում։ Գերմանական մամուլում նշում են, որ կուսակցությունը քաղաքականության մեջ մեծ փորձ չունեցող իր պատգամավորներին պատրաստելու առաջադրանք ունի։ Որոշ քաղաքագետներ կարծում են, որ քրիստոնեա-դեմոկրատների ընտրազանգվածից շատերը, վերջին շրջանում համաձայն չլինելով կուսակցության քաղաքականությանը, ընտրել են ձախերին։
Երկրորդ տեղում է ծայրահեղ աջերի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որը պատմական ռեկորդ է գրանցել՝ ստանալով ձայների մոտ 20 տոկոսը։ Սա գրեթե կրկնակի ավելի է, քան չորս տարի առաջ։ Սա ծայրահեղ աջ պոպուլիստական կուսակցություն է, որը ձայների հիմնական մասը ստանում է արևելյան հողերից (նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածք), քանի որ այստեղ երկրի արևմտյան շրջանների համեմատ՝ ավելի շատ են տնտեսական խնդիրները և գործազրկությունը, և ավանդական կուսակցություններն ավելի թույլ են։ Հակամիգրացիոն և ազգային պահպանողական այս կուսակցությունն առաջին անգամ Բունդեսթագ մտավ 2017-ին։
Կոալիցիայի հնարավորություններ
Կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ցանկանում է կոալիցիա կազմել սոցիալ-դեմոկրատների հետ։ Սև-կարմիր կոալցիան Բունդեսթագում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ ձայներն ունի։ Մերցը նշել է, որ կսկսի բանակցել Օլաֆ Շոլցի և նրա կուսակցության ղեկավար Լարս Քլինգբայլի հետ։ Նրա համար առաջնահերություն են արտաքին քաղաքականությունը, միգրացիան և տնտեսությունը։ Մերցը բացառել է ծայրահեղ աջերի հետ կոալիցիան։
Ինչո՞ւ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ
2024-ի նոյեմբերին կանցլեր Օլաֆ Շոլցը ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին ազատեց պաշտոնից, ինչից հետո նրա գլխավորած ազատ դեմոկրատների կուսակցությունը՝ FDP-ն, դուրս եկավ կոալիցիայից։ Այսպես կառավարությունը կորցրեց մեծամասնությունը Բունդեսթագում։ Շոլցը չստացավ վստահության քվե։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 2024-ի դեկտեմբերի 27-ին ցրեց խորհրդարանը։

Ընտրությունների կարգը
Գերմանիան կիրառում է խառը ընտրակարգ՝ միավորելով մեծամասնական և համամասնական սկզբունքները։ Պատգամավորների կեսն ընտրվում է 299 ընտրատարածքներում ուղղակի քվեարկությամբ, մյուս կեսը՝ կուսակցական ցուցակներով։
Յուրաքանչյուր ընտրող ունի երկու ձայն։ Առաջին քվեարկությունը տրվում է թեկնածուի օգտին (ուղիղ մանդատ), երկրորդը՝ կուսակցության ցուցակի օգտին։
Ընտրություններին մասնակցում էր 29 կուսակցություն։ Համեմատության համար՝ նախորդ ընտրություններին 47 կուսակցություն էր մասնակցում։
Մինչև նոր կառավարության ձևավորումը կանցլեր Օլաֆ Շոլցը կմնա պաշտոնին։ Նա, սակայն, ասել է, որ չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին։ Նրան կփոխարինի խորհրդարանում խմբակցության ղեկավար Լարս Քլինգբայլը։
21-րդ Բունդեսթագը կունենա առավելագույնը 630 պատգամավոր։ Սա մոտ հարյուրով քիչ է նախորդ խորհրդարանից։
Մերցը ակնարկել է, որ Ampel-ի կատարած ընտրական բարեփոխումները չեղարկելու մտադրություն ունի։ Քրիստոնեա-դեմոկրատներից 15 և CSU-ից երեք թեկնածու հաղթել է ընտրատարածքում, սակայն խորհրդարանական մանդատ չի ունենա։
Բարեփոխումները վերաբերում էին նաև ուղիղ մանդատներին։ Իրենց ընտրատարածքներում հաղթած թեկնածուները խորհրդարանում կլինեն, եթե նրանց կուսակցությունը հավաքի համապատասխան քանակի երկրորդ ձայները։ Սա նշանակում է, որ ընտրատարածքում հաղթանակն այլևս չի երաշխավորում տեղը խորհրդարանում։
Ըստ Մերցի՝ այս փոփոխությունը վնասում է ժողովրդավարությանը։
«Մենք հաղթել ենք ընտրություններում։ Ես գիտեմ, թե ինչպիսի պատասխանատվության առջև եմ»,- նշել է Մերցը հաղթանակի առթիվ կազմակերպած խնջույքին։
Առաջիկայում նախագահը կառաջարկի կանցլերի թեկնածուի, որին հարկավոր կլինի խորհրդարանի մեկ երրորդ ձայները։
Civilnet










