Բանկերը կհետևեն սպառողական վարկերի՝ ԿԲ-ի խստացումներին. Բանկերի միության նախագահ

Առևտրային բանկերը կարող են զսպել սպառողական վարկերի տրամադրումը, եթե Կենտրոնական բանկը խստացնի վարկավորման նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի քաղաքականության խստացմանը:
Ազատյանը նշում է, որ բանկերը հարգանքով կմոտենան ԿԲ-ի որոշմանը և չի բացառում ռիսկերի կառավարման համատեքստում սպառողական վարկերի տրամադրման հնարավոր սահմանափակումը:
ԿԲ-ն փետրվարի 13-ին հրապարակել է 2025-2027 թվականների պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթությունների փաստաթուղթը, ըստ որի՝ գլխավոր դրամատունը սկսելու է ավելի խիստ հսկել բանկերի՝ հատկապես, սպառողական, հիփոթեքային և շինարարության ոլորտներում վարկավորումը։ Բանկերը պետք է մանրամասն տեղեկություններ տրամադրեն իրենց շինարարական հաշիվների մասին և ցույց տան, թե ինչպես են կառավարում հնարավոր ռիսկերը։ ԿԲ-ն կստուգի, թե արդյոք բանկերը չափից շատ ռիսկային վարկեր չեն տրամադրում շահույթ ստանալու համար։
Ուշագրավ է, որ 2024-ի հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 32,9%-ով` կազմելով 1,4 տրլն դրամ: Սա հիմնականում պայմանավորված է 2015-ից ներդրված եկամտահարկի վերադարձի օրենքով: Դինամիկ աճում է նաև սպառողական վարկերի ծավալը: Ոլորտը 2024-ին գրանցել է 33% աճ՝ հասնելով 1,4 տրլն դրամի:
«Ընդհանուր առմամբ, հիփոթեքային և սպառողական վարկերը միասին կազմում են առևտրային բանկերի վարկային պորտֆելի շուրջ 45%-ը, իսկ գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծավալը՝ մոտ 5%-ը»,- նկատեց Ազատյանը՝ ընդգծելով, որ 2024-ին տրամադրված վարկերի 50%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց, ինչը վկայում է գործարար հատվածի՝ վարկային միջոցներ ներգրավելու համեմատաբար համեստ կարողությունների մասին:
Ինչ վերաբերում է 2025-ին շինարարության ոլորտում սպասվող փոփոխություններին՝ կապված Երևանում եկամտահարկի վերադարձի մեխանիզմի սահմանափակումների հետ, Ազատյանը վստահություն հայտնեց, որ ֆինանսական հաստատությունները բավականաչափ կապիտալիզացված ու ճկուն են նման մարտահրավերներին դիմակայելու համար:
Նրա խոսքով, բանկերը կարող են վերակողմնորոշվել դեպի այլընտրանքային շինարարական ծրագրեր, ինչպիսիք են պետական պատվերով իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը՝ ճանապարհաշինությունը, ջրամբարաշինությունը և ռազմավարական նշանակություն ունեցող այլ նախագծերը:
Civilnet










