Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է, հայտարարել է նրա փաստաբանը

Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է, հայտարարել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը։ Նա աշխարհի առաջնորդներին, ինչպես նաև Հայաստանի վարչապետին կոչ է արել դատապարտել ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի:
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում դրված հայտարարությունում նշվում է, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։
Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ Վարդանյանին այնուամենայնիվ ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել:
«Հաշվի առնելով Ռուբենի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։ Այդ բժիշկը, սակայն, իր դիտարկումները հայտնել է դատարանին միայն մասնավոր կերպով, այլ ոչ թե պաշտոնապես լսումների ժամանակ, ինչն էլ լուրջ հարցեր է առաջացրել եզրակացությունների իրական լինելու վերաբերյալ: Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Ռուբենի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է»,- նշված է փաստաբանի հայտարարությունում։
«Նելսոն Մանդելայի կանոնների 27-րդ կետի համաձայն՝ «կալանքի [բոլոր] վայրերը հրատապ դեպքերում պետք է ապահովեն բժշկական օգնության արագ հասանելիություն»։ Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ:
Ես կոչ եմ անում միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար: Բացի դրանից, խնդրում եմ անկախ դատական փորձագետներին հետևել Ռուբենի «դատավարությանը»՝ համոզվելու համար որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի:
Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:
Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,- ասված է հայտարարությունում:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով նրա ինքնազգացողությունը մեկ անգամ արդեն վատացել էր երեկվա դատական նիստի ժամանակ։
***
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։
Թեմա
Civilnet










