Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Արցախի ղեկավարությունն «իրավունք չուներ գերեվարվելու»

Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Նման տեսակետ է հնչեցրել ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Մի ասա այն, ինչը կօգտագործվի ինչ-որ պահի քո դեմ։ Պետք է մենք չշարժվենք Իսրայելի տրամաբանությամբ՝ դու գնա ամեն ինչ ասա՝ մենք կգանք քո հետևից։ Նման բան Իսրայելը կարող է իրեն թույլ տալ։ Մենք պետք է մեր երկրի անվտանգային բարձիկները մի քանի աստիճան բարձրացնենք»,- ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քոչարյանը:
Իշխանական պատգամավորի կարծիքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավունք չուներ գերեվարվելու։ Ըստ Քոչարյանի՝ նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար։
Անդրադառնալով Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներին, Քոչարյանը նշել է, որ, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում:
«Եթե նայենք դատավարության ընթացքում մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիմագծերին, կտեսնենք, որ գործ ունենք խոշտանգումների հետ։ Դրանք իհարկե խոշտանգումներ են: Դրա դեմն առնելու ճանապարհը՝ միջազգային հանրության որոշակի արձագանքն է»,- ասել է Քոչարյանը:
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել։ Նախօրեին՝ փետրվարի 25-ին, Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստի ժամանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում Ռուբեն Վարդանյանի դեմքին բռնության հետքեր են երևում։ Վարդանյանի որդին, փաստաբանը, իրավապաշտպաններն ահազանգում են՝ Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է, նրան խոշտանգում են։
Civilnet










