Հինգ տարի ձգձգված քննարկումներից հետո այսօր տեղի ունեցավ Մեղրիի հէկի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էնեգետիկայի նախարարության պատվիարկությունը` էնեգետիկայի նախարար հայ-իրանական միջակառավարական հանձաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:
Արաքս գետի ափին հայկական և իրանական կողմերում երկու՝ Մեղրիի և Ղարաչիլարի հէկերի կառուցումը, ըստ մինչ այս հնչած պաշտոնական հայտարարությունների, պետք է սկսվեր 2007թ., հետագայում՝ 2010թ., հետո էլ՝ 2011թ., ինչպես նաև այս տարվա օգոստոսին։
Հէկերի կառուցման հուշագիրը ստորագրվել է 2007թ. մարտին 19-ին: Նույն տարվա հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է հուշագիրը։ Շինաշխատանքների մեկնարկը տրվելու էր 2007թ., կառույցը նախատեսվում էր շահագործման հանձնել վեց տարի անց։
Հաջորդող տարիներին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարբերաբար հետաձգել է հէկի կառուցման մեկնարկը։
2010թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն ստորագրեցին Մեղրի հէկի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման թույլտվության պայմանագիրը, որից հետո հայտարարվեց, թե շինաշխատանքների մեկնարկը կտրվի շուտով։ Ժամկետի նման անորոշ ձևակերպումը նույնիսկ հետաձգվեց երկու անգամ (2011թ. և 2012թ.)։
Մեղրիի հէկի ծրագիրն իրականացվում է «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» սխեմայով։ Այն ենթադրում է, որ իրանական ներդրումային ընկերությունը հինգ տարվա ընթացքում պետք է կառուցի հէկը, այն շահագործի 15 տարի, որից հետո անհատույց փոխանցի հայկական կողմին։ Նախագծում ներդրումները գնահատվել են $323 մլն, որն ամբողջությամբ կատարելու է իրանական կողմը։ Հէկը պետք է ունենա 130 ՄՎտ հաշվարկային հզորություն և տարեկան արտադրի 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Նշենք, որ հէկերի կառուցման հարցում մեծ է իրանական կողմի շահագրգռվածությունը, քանի որ արտադրվող էլեկտրաէներգիան ամբողջությամբ սպառվելու է Իրանում, որտեղ պահանջարկը կտրուկ ավելանում է ամռան ամիսներին։ Նախատեսվում է, որ իրանական կողմի շահագործումից հետո (15 տարի) հէկի սարքավորումները պետք է ունենան նվազագույնը 10 տարվա շահագործման ռեսուրս, իսկ թունելը և ինժեներական կառույցները՝ 30 տարվա: Սա նշանակում է, որ Մեղրիի հէկը հայկական կողմին փոխանցելուց հետո այն պիտանի է լինելու շահագործման, իսկ էլեկտրաէներգիան դարձյալ արտահանվելու է Իրան՝ ապահովելով եկամուտներ։
Civilnet











