Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է IRNA-ն։
Ջավադ Զարիֆն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ երկրի դատական իշխանության ղեկավարն է խորհուրդ տվել հրաժարական տալ։ Նա էլ չի մերժել առաջարկը, նշելով, որ միշտ ցանկացել է լինել օգնող, այլ ոչ թե բեռ՝ երկրի համար։
«Վերջին վեց ամսում իմ և ընտանիքիս հասցեին ամենաանհեթեթ վիրավորանքները, զրպարտություններն ու սպառնալիքները հնչեցին։
Երեկ դատական իշխանության մեծարգո ղեկավարի հրավերով գնացել էի նրան այցելելու։ Անդրադառնալով երկրի պայմաններին՝ նա ինձ խորհուրդ տվեց վերադառնալ համալսարան՝ կառավարության վրա ճնշումները կանխելու համար։ Ես անմիջապես ընդունեցի նրա խորհուրդը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ջավադ Զարիֆը։
Վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները IRNA-ին հայտնել են, որ Զարիֆն արդեն իր հրաժարականի նամակը հանձնել է նախագահ Փեզեշքիանին, սակայն նախագահը դեռ որոշում չի կայացրել։
Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ է նշանակվել 2024-ին։ Այս պաշտոնին նշանակվելուց հետո Զարիֆը քննադատությունների է արժանացել։ Խորհրդարանականները համարում են, որ Զարիֆի նշանակումը ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնին՝ անօրինական է, քանի որ նրա երեխաներից մեկն ԱՄՆ քաղաքացի է:
2013-2021-ին Ջավադ Զարիֆն Իրանի ԱԳ նախարարն էր։ 2015-ին՝ մեծ տերությունների հետ միջուկային համաձայնագրի գլխավոր բանակցող։
Civilnet











