Որոշ իրավախախտումների դեպքում տուգանային միավորները կբարձրանան։ Այսօր ԱԺ-ում քննարկվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծի համաձայն՝ վարորդներին տրվող տարեկան 9 բալը կդառնա՝ 13։ Սակայն 7 իրավախախտումների դեպքում ավելի շատ միավոր կկորցնեն վարորդները, քան՝ նախկինում։
Նախագծի հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրեց այդ 7 խախտումները։
- Ապակիների լուսաթափանցելիության կրկնակի խախտման դեպքում՝ կհանվի 3 բալ,
- ամրագոտի չկապելու դեպքում 1 տուգանային բալը կդառնա 1 ու կես,
- հեռախոսից օգտվելու դեպքում կհանվի 1 ու կես բալ, նախկին 1-ի փոխարեն,
- բաժանարար գոտի հատելու դեպքում՝ 2-ի փոխարեն կհանվի 3 բալ,
- հանդիպակած երթևեկելի գոտի դուրս գալու դեպքում՝ դուրս կգա 4 բալ, նախկին 3 բալի փոխարեն,
- ոչ սթափ վիճակում վարելու դեպքում՝ 4-ի փոխարեն դուրս կգա 5 բալ,
- ծխախոտի օգտագործման դեպքում 1 ու կեսի փոխարեն վարորդը 2 բալից կզրկվի։
«Մնացած իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել։ Վարորդների հետ հանդիպումից և քննարկումից հետո երկրորդ շարքում կանգնելու դեպքում 0,5 բալը մենք փոխարինեցինք 0,25 բալով, և անգամ այս մասով որևէ փոփոխություն չենք արել»,- ասաց պատգամավորը:
Ներկայացնելով նախագծի հիմնական սկզբունքը՝ Խաչատրյանը շեշտեց, որ պետությունը պետք է հասարակական հարաբերությունները կարգավորի հնարավորինս նվազ հարկադրանքի միջոցներով:
Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020-ից մինչև 2024-ի մայիսի 31-ը 14,365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:
Խաչատրյանն ընդգծեց, որ եթե ակնկալվող արդյունքին հնարավոր է հասնել վարչարարությունը և հարկադրանքի մեխանիզմները նվազեցնելով, ապա անհրաժեշտ է օգտագործել այս մոտեցումը: Նրա համոզմամբ, նոր կարգավորումները չեն հանգեցնի երթևեկության վատթարացման կամ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի ավելացման:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:
Civilnet











