Գլխավոր Լրահոս

Գրենլանդիայի ինքնորոշումից մինչև Զելենսկու նամակ. Թրամփի ելույթը Կոնգրեսում 

Գրենլանդիայի ինքնորոշումից մինչև Զելենսկու նամակ. Թրամփի ելույթը Կոնգրեսում 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո մարտի 4-ի երեկոյան հանդես եկավ իր առաջին պաշտոնական ելույթով Կոնգրեսում: Նրա խոսքը տևեց 1 ժամ 40 րոպե՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար նման ելույթը: Նախագահի պաշտոնում Թրամփն արդեն 44 օր է կամ մոտավորապես վեց շաբաթ:

Ելույթի սկզբում Թրամփը հայտարարեց՝ «Ամերիկան վերադարձել է»: Նրա խոսքով՝ ընթացիկ վարչակազմին ընդամենը մի քանի շաբաթում հաջողվել է հասնել նպատակների, որոնց նախկին վարչակազմերը չէին կարողացել հասնել տարիների ընթացքում:

Ելույթի ընթացքում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները բազմիցս փորձեցին արտահայտել իրենց բողոքը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ստիպված եղավ կարգ հաստատել՝ սպառնալով դուրս հանել ելույթը խափանողներին: Երբ դեմոկրատ պատգամավոր Էլ Գրինը հրաժարվեց զբաղեցնել իր տեղը, Ջոնսոնը պահանջեց «այս ջենտլմենին դուրս հանել դահլիճից»:

Ուկրաինական հակամարտություն և բանակցությունների հեռանկարներ

Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց նամակ է ստացել, որտեղ նա հայտնում է խաղաղության բանակցությունների պատրաստակամության մասին: Նա մեջբերեց նամակից. «Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար: Ոչ ոք չի ցանկանում խաղաղություն ավելի շատ, քան ուկրաինացիները»:

Ըստ Թրամփի՝ Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման համաձայնագիրը «հարմար որևէ պահի»: Թրամփը նաև նշեց, որ «լուրջ բանակցություններ է վարել Ռուսաստանի հետ և հզոր ազդանշաններ է ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության»:

«Ես անխոնջ աշխատում եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու համար,- ասաց Թրամփը:- Միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ զոհվել կամ վիրավորվել են այս սարսափելի և դաժան հակամարտությունում, որի ավարտը տեսանելի չէ: ԱՄՆ-ն հարյուրավոր միլիարդներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու համար»:

Նա քննադատեց Եվրոպային՝ նշելով, որ «Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթի և գազի գնման վրա, քան Ուկրաինայի պաշտպանության վրա»: Երբ Թրամփը խոսում էր Ուկրաինայի մասին, որոշ դեմոկրատներ լքեցին դահլիճը:

«Իմ վարչակազմը կվերադարձնի Պանամայի ջրանցքը» 

Միջազգային թեմաներին անդրադառնալիս՝ Թրամփը կրկին հիշատակեց Պանամայի ջրանցքը, որը խոստացել էր վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողության տակ: «Իմ վարչակազմը կվերադարձնի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել», - հայտարարեց նա:

Նա հիշեցրեց երեքշաբթի հոնգկոնգյան ընկերության և ամերիկյան կոնսորցիումի միջև կնքված գործարքի մասին, որի համաձայն ամերիկացիները վերահսկողություն կստանան Պանամայի ջրանցքի շուրջ գտնվող երկու առանցքային նավահանգիստների նկատմամբ:

Թրամփը նաև դիմեց Գրենլանդիայի բնակիչներին՝ ասելով, որ եթե նրանք որոշում կայացնեն ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու մասին, նա դա միայն կողջունի: Նրա խոսքով՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջազգային անվտանգության ապահովման համար: «Այսպես թե այնպես, մենք դրան կհասնենք»,- խորհրդավոր ավելացրեց նա:

Ներքին քաղաքականություն և DOGE-ի հաջողությունները

Իր ելույթի մեծ մասը Թրամփը նվիրեց ներքին քաղաքականությանը: Նա շնորհակալություն հայտնեց գործարար Իլոն Մասկին և երկար թվարկեց Մասկի ղեկավարած՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ձեռքբերումները:

«Ամերիկյան երազանքը չի կարող կանգնեցվել, և մեր երկիրը վերադարձի շեմին է, որի նմանը աշխարհը երբեք չի տեսել և, հավանաբար, այլևս երբեք չի տեսնի»,- հայտարարեց Թրամփը:

Նրա խոսքը բազմիցս ընդհատվում էր հանրապետական աջակիցների ծափահարություններով, որոնք կանգնած էին, մինչդեռ դեմոկրատները նստած էին իրենց տեղերում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում