Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման դեպքում ՀՀ ինքնիշխան տարածքում երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն: Ավելին ասեմ, տեսեք՝ շատ է խոսվում դրա մասին և որոշ շահարկումներ կան, բայց ուզում եմ նորից ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր, երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել և չի համաձայնվել, որ կամ տրանսպորտային երթուղիների տրամաբանությամբ, կամ որևէ այլ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով սահմանափակվի։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս չունեն»,- ասել է վարչապետը։
«Խաղաղության խաչմերուկ»-ի մասին
Տեղյակ եք, որ մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ կամ արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնումը։
Կարողացա՞ ներկայացնել՝ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Եվ մենք, բոլորովին վերջերս, շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին այս խնդիրը լուծելու համար, և խոսքն առաջին փուլում վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը: Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ: Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք՝ լիարժեք բավարարում է այս պայմանին:
Բացի դա, շատ կարևոր է, որ ինքը բավարարում է նաև լիարժեք, լիաթոք, ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն, որ այդ բեռնափոխադրումներն իրականանան, չլինեն խոչընդոտներ և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, ինչն է այստեղ նրբությունը, որ այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության, մեր պատկերացումներն այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջարկում է Ադրբեջանին, նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք, իհարկե՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է:
Մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների գնալ՝ իհարկե, փոխադարձության սկզբունքով: Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծն իրագործելու պարագայում։ Սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։
Դուք գիտեք, որ մենք այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք, ինչն էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները: Եվ միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին: Բայց սա միևնույն ժամանակ, նորից ուզում եմ ասել, էականորեն կխորացնի նաև առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև։
Տեսեք, երբ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ և ամենահարմար ճանապարհներից է, բայց այսօրվա դրությամբ մենք երկաթուղային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք։ Շատ վաղուց է քննարկվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, բայց ռելիեֆի բերումով նման երկաթուղին չափազանց մեծ ներդրումներ է պահանջում և այսօրվա պայմաններում դեռևս չկա հիմնավորում, որ հնարավոր բեռնափոխադրումները թեկուզ երկարաժամկետում կկոմպենսացնեն այդ ծախսը: Բայց իմ նշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման պարագայում և մենք երկաթուղային կապի հնարավորություն կունենանք դեպի Պարսից ծոց, դեպի Օմանի ծոց, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով և ապա նաև դեպի արևմուտք։
Սա շատ կարևոր նախագիծ է, բայց ուզում եմ ասել, որ մենք շատ ակտիվ և լուրջ ենք տրամադրված և ուզում ենք, որ այս նախագիծն իրականացվի, այո, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանից՝ Երասխից դեպի Մեղրի, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ընդգծել միջազգային կարևորագույն համատեքստը։ Այսօր միջազգային փոխադրման գլոբալ ճգնաժամ կա, որը պայմանավորված է այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Եվ այսօր ահռելի մեծ ծավալի բեռներ սպասում են հնարավորության արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ հոսելու համար, և եթե մեր տարածաշրջանային այս տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները բացվեն, այդ բեռնափոխադրումների ծավալն այնքան մեծ է, որ նույնիսկ և՛ Հայաստանի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տարածքով ենթակառուցվածքները չեն բավարարի այդ ամբողջ հոսքը սպասարկելու համար: Սա նաև տարածաշրջանային համագործակցության ենթակառուցվածքային նոր նախագծերի մասին մտածելու շատ մեծ հնարավորություն է տալիս:
Հայ-իրանական հարաբերությունների մասին
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա: Եվ սա թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում: Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական երկխոսության մակարդակում, և՛ տնտեսական գործակցության մակարդակում:
Իհարկե, կան նաև խնդիրներ, խոչընդոտներ, որոնց չլինելու դեպքում գուցե թե այդ հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին, բայց նաև կարծում եմ, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի բավականին լավ տեմպ ունենալ: Պիտի ասեմ նաև, որ մեր առևտրաշրջանառության աճը համարժեք է մեր տնտեսական աճին, որը բավականին բարձր է: Այս առումով՝ կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք հարաբերությունների այն մակարդակից, որն ունենք և աշխատենք, իհարկե, ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները։
Հայաստանի և Իրանի շահերի մասին
Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք… Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից:
Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների ազդեցությունն Իրանի վրա
Լրագրողն իր հարցադրման մեջ ներկայացրել է այն մտահոգությունը, որ ՀՀ իշխանությունն արևմտամետ է, ինչը կարող է ազդել Իրանի հետ հարաբերությունների վրա։ Այս մտահոգությանն ի պատասխան վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բալանսավորման արտաքին քաղաքականություն է որդեգրել, որը բացառում է ; «մետության» որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։
«Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է և ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է:
Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2000 թվականից, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով, շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է»,- ասել է վարչապետը:
Լրագրողի հարցին, որո՞նք են լինելու Հայաստանի գործողություններ, եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։
«Մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է»,- ասել է վարչապետը։
ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի մասին
Իրանական պետական հեռուստաընկերության լրագրողը մեջբերելով ԱՄՆ-ի հետ Իրանի դառը փորձը, հետաքրքրվել է, թե որքան հույս ունի Հայաստանը, որ Նահանգների հետ կնքած ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կկիրառվի: Ի պատասխան, Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ համաձայնությունը կյանքի կկոչվի։
«Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը:
Civilnet











