Հայաստանի խորհրդարանը մարտի 5-ին 64 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հայաստանի օրհներգում փոփոխություն նախատեսող օրինագիծը։
Այս նախագիծը խորհրդարան են բերել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Փոփոխությանը կողմ քվեարկեց հենց իշխող ուժը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը։
Նախագծով առաջարկվում է փոխել օրհներգը՝ այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևյալ քառատնով.
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Օրհներգի գործող տարբերակում վերջին քառատողն այսպես է հնչում.
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»:
Նախագծի հեղինակները նշել են նաև, որ միջազգային պաշտոնական մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը հնչում է տարբեր կատարումներով։ Այդ պատճառով օրենքի փոփոխությամբ կսահմանվի միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ։
Ընդդիմադիր պատգամավորները դեմ են եղել այս փոփոխությանը։ Նրանց կարծիքով՝ զարգացած շատ երկրներ առաջնորդվում են ավանդույթները պահպանելու սկզբունքով. չնայած ժամանակների փոփոխությանը՝ օրհներգները մնում են նույնը։
Գևորգ Թոսունյան
Civilnet











