Հանրապետությունում և Երևանում օդի որակի չափիչ սարքերի քանակը այնքան էլ շատ չէ, որ իրական պատկերը հստակ լինի։ Այդ մասին Ազգային ժողովում մարտի 5-ին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևանի օդի աղտոտվածության խնդրին։
«Անկեղծ ասած՝ դա այնքան էլ այդպես չէ, որքան մենք այսօր տեսնում ենք հրապարակային գնահատականներում, որովհետև ըստ գործող ստանդարտի, որպեսզի միջինացված պատկերի իրական գնահատական լինի, անհրաժեշտ է, որ սենսորներ դրված լինեն նաև այն վայրերում, որտեղ չկա շինարարություն կամ որևէ վնասակար գործունեություն»,– ասաց Գրիգորյանը։
Այս առումով կառավարությունը նախատեսում է լուծել երկու հիմնական խնդիր։
«Նախ՝ տեսչական մարմինների գործառույթի կատարելագործումն է, որպեսզի այն իրոք նպատակին հասնի, և երկրորդը՝ տեխնիկական հագեցվածության հարցն է, որը նույնպես պետք է լուծվի։ Դա պետք է արվի ճիշտ քարտեզագրմամբ, որպեսզի ի վերջո միջինացված պատկերը լինի ճշգրիտ, և գնահատականները՝ օբյեկտիվ»,– ամփոփեց Գրիգորյանը։
Ըստ փոխվարչապետի՝ որոշ վայրերում օդի աղտոտվածություն կա, սակայն ընդհանուր պատկերն ուսումնասիրելիս ծայրահեղ խնդիր չի նկատվում։
«Բայց ես վստահ եմ, որ տեխնիկական հագեցվածության պարագայում մենք, նախ, կունենանք օնլայն տեղեկատվություն, որպեսզի մարդիկ յուրաքանչյուր պահի իմանան, թե ինչ է կատարվում, և երկրորդ՝ կարողանանք հանգիստ լինել, որ այս պահի դրությամբ ընդհանուր պատկերը որևէ լուրջ վտանգ չի պարունակում»։
Դիտեք նաև՝
Civilnet











