Գլխավոր Լրահոս

Հայաստանի առևտուրը կրճատվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի, աճել` Չինաստանի և ԵՄ-ի հետ

Հայաստանի առևտուրը կրճատվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի, աճել` Չինաստանի և ԵՄ-ի հետ

Հայաստանի արտաքին առևտուրն այս տարվա հունվարին շեշտակի կրճատվել է Ռուսաստանի և ԱՄԷ-ի, ավելացել` Չինաստանի և Եվրամիության հետ:

Համաձայն Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025-ի հունվարին կազմել է 1,37 մլրդ դոլար կամ 40%-ով պակաս 2024-ի նույն ամսվա ցուցանիշից:

Ինչպես նախորդ տարի, առևտրաշրջանառության հիմնական մասը բաժին է ընկնում չորս առանցքային գործընկերների՝ Ռուսաստանին, ԱՄԷ-ին, Չինաստանին և Եվրամիությանը: Նրանց գումարային մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 68,1%-ը, որն ընդգծում է այդ չորսի գերակշռող դերը Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերություններում:

Ընթացիկ տարվա հունվարին զգալի է եղել արտահանման անկումը, որը կազմել է 482 մլն դոլար կամ 49,2%-ով նվազ, քան 2024-ի հունվարի ցուցանիշը: Ներմուծումը նույնպես տեսանելի անկում է գրանցել` կազմելով 895 մլն դոլար, որը 43,5%-ով քիչ է 2024-ի առաջին ամսվա ծավալից:

Ռուսաստան. առևտրի կտրուկ անկում

Ըստ Վիճակագրական կոմիտեի` Ռուսաստանը պահպանում է առաջատար դիրքերը Հայաստանի հետ առևտրի ծավալներով: Ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 478 մլն դոլար, որը 53,8%-ով քիչ է նախորդ տարվա հունվարի ցուցանիշից:

Ընդ որում, Ռուսաստան արտահանումը նվազել է 46,1%-ով՝ անցյալ տարվա հունվարի 260 մլն դոլարից նվազելով մինչև 166 մլն դոլարի, մինչդեռ Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է ավելի շատ` 61,3%-ով՝ 2024-ի հունվարի 746 մլն դոլարից հասնելով 288 մլն դոլարի: 

Հաշվետու ժամանակաշրջանում նվազել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռն արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ անցյալ տարվա 43,9%-ից մինչև 33,1%:

Չինաստան. փոխվել է առևտրի կառուցվածքը

Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը, որի հետ առևտրաշրջանառությունն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է չնչին 0,2%-ով՝ հասնելով մոտ 200 մլն դոլարի: 

Չնայած Չինաստանի հետ առևտրի ցուցանիշի պահպանմանը՝ փոխվել է դրա կառուցվածքը: Հայաստանից Չինաստան արտահանումը կրճատվել է շուրջ 60%-ով կազմելով 38 մլն դոլար, այն դեպքում, երբ 2024-ի հունվարին այդ թիվը եղել է 94,3 մլն դոլար: Չինաստանից Հայաստան ներմուծումն ավելացել է 54%-ով՝ անցյալ տարվա հունվարի 104,8 մլն դոլարից հասնելով 161,4 մլն դոլարի: 

Այս ընթացքում աճել է նաև Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում` նախորդ տարվա հունվարի 8,7%-ից հասնելով 14,5%-ի:

Եվրամիության հետ աճող առևտուրը

Հայաստանի հետ առևտրի ծավալներով երրորդ տեղը զբաղեցնում է Եվրամիությունը, որի հետ ապրանքաշրջանառությունը հունվարին կազմել է ավելի քան 154 մլն դոլար՝ նախորդ հունվարի 140 մլն դոլարի դիմաց: 

Այդ ընթացքում գրեթե կրկնակի աճել է Եվրամիության մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում 2024-ի հունվարի 6,1%-ից հասնելով 11,2%-ի: 

Եվրամիության հետ առևտրում աճել է թե՛ արտահանումը՝ անցած հունվարի 33,5 մլն դոլարից հասնելով 36,3 մլն դոլարի (աճը 8,4%), թե՛ ներմուծումը՝ 107 մլն դոլարից հասնելով 118 մլն դոլարի (աճը 10,4%):

Վերաարտահանման կրճատումը

ԱՄԷ-ն, որի հետ առևտուրն անցյալ տարի ռեկորդային ծավալների էր հասել հիմնականում պայմանավորված ՌԴ-ից ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանմամբ, շեշտակի նվազեցրել է առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ: 

ԱՄԷ-ի հետ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին ամսում նախորդ տարվա հունվարի 338 մլն դոլարից նվազել է 59%-ով` կազմելով 139 մլն դոլար: Արդյունքում 4,7%-ով կրճատվել է նաև Էմիրությունների մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում` նախորդ տարվա հունվարի 14,8%-ից հասնելով 10,1%-ի:

Հաշվետու ժամանակաշրջանում 60,7%-ով նվազել է Հայաստանից ԱՄԷ արտահանումը` նախորդ տարվա 335 մլն դոլարից հասնելով 131 մլն դոլարի: Մինչդեռ ԱՄԷ-ից ներմուծումը կազմել է ընդամենը 7,1 մլն դոլար, թեպետ բացարձակ թվով գրեթե կրկնակի գերազանցել է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը` 3,6 մլն դոլար:

Հատկանշական է, որ ՌԴ-ից Հայաստան ներմուծման և ԱՄԷ արտահանման անկման չափը գրեթե նույնական է` շուրջ 60%, որն ի ցույց է դնում այս ցուցանիշի կախվածությունը վերաարտահանման գործոնից: Այն սկսել էր թուլանալ դեռ անցյալ տարվա վերջին ամիսներին:

Մաքսային տվյալների համաձայն՝ Հայաստան ոսկի հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից (95,9%) և արտահանվում ԱՄԷ (84,2%): Ադամանդները գլխավորապես ստացվում են Հնդկաստանից (45,2%), Ռուսաստանից (21,4%) և Հոնգկոնգից (19,7%) և արտահանվում են ԱՄԷ (82,7%):

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում