Հէկի հիմնարկեքն արվեց, մնաց կառուցելը

Հինգ տարի ձգձգված քննարկումներից հետո երեկ տեղի ունեցավ Մեղրիի հէկի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Նախորդ տարիներին հնչող հայտարարությունների համաձայն՝ Մեղրիի հէկը պետք է արդեն շահագործման հանձնված լիներ: Սակայն ինչպես այս, այնպես էլ հայ-իրանական մի շարք այլ ծրագրեր, այդ թվում՝ Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարը, Հայաստան-Իրան երկաթգիծը շարունակում են մնալ թղթի վրա: Թղթի վրա է մնում նաև Հայաստան-Իրան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի ծրագիրը, որի հիմնարկեքը, ի դեպ, տեղի ունեցավ 2010թ. հոկտեմբերի 14-ին, և շինարարությունը պետք է իրականացվեր 18 ամսվա ընթացքում:
Հայաստանի և Իրանի միջև պայմանավորվածության համաձայն՝ Մեղրիի հէկի կառուցման ֆինանսական ծախսերը պետք է կատարի իրանական կողմը, որի դիմաց հայկական կողմը պետք է վճարի հետագայում ստացվելիք էլեկտրաէներգիայի տեսքով: Իրանի նկատմամբ միջազգային, հատկապես տնտեսական ճնշումները, իրանական արժույթի արժեզրկումը և տնտեսության ընդհանուր անորոշությունները հաշվի առնելով՝ իրատեսական չէ, որ առաջիկայում Արաքսի վրա որևէ լուրջ աշխատանքներ սկսվեն:
Մեղրիի հէկի երեկվա հիմնարկեքը ավելի շուտ Սերժ Սարգսյանի նախընտրական շոուի մասն էր, երբ ամբողջ արարողությունը կազմակերպված էր ընդամենը նախընտրական նպատակներով՝ լրատվամիջոցներով գովազդելու համար: Նախընտրական շոու լինելու մասին խոսում է նաև այն փաստը, որ Իրանից եկած ամենաբարձրաստիճան պաշտոնյան այդ երկրի էներգետիկայի նախարարն էր, այն դեպքում, երբ հայկական կողմից Մեղրի էր գնացել անձամբ հանրապետության նախագահը:
Civilnet










