Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հյուսիս-Հարավ միջանցքի և Չաբահարի նավահանգստի ծրագրերը

«Հայաստանը խորապես շահագրգռված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի և Չաբահարի նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակներում երկխոսության և համագործակցության խթանմամբ»,- հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-ին Նյու Դելիում, ուր ժամանել է պաշտոնական այցով: (Չաբահարի նավահանգիստը Իրանի հարավում գտնվող առևտրային հանգույց է, որը արդիականացվել է Հնդկաստանի ներդրումներով և նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի առևտուրը Կենտրոնական Ասիայի, Կովկասի և այլ երկրների հետ)։
Մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակներում Միրզոյանը ելույթով հանդես է եկել նաև Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA):
Իր ելույթում Միրզոյանը ուշադրություն է հատկացրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին: «Մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացումը կարևոր պայման է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կառուցվածքային սահմանափակումների հասցեագրման և համաշխարհային շուկայի ինտեգրման խթանման համար»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձևաչափին:
Նա նաև տեղեկացրել է, որ արդեն նախաձեռնվել է այս մեխանիզմը և սկսվել են գործնական քննարկումներ այս հարցի շուրջ:
Արարատ Միրզոյանը նշել է համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ: «Բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունն առանձնանում են որպես համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ կողմերն ակտիվորեն աշխատում են Երևանի և Դելիի միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ:
Միրզոյանը հայտնել է, որ 2024-ին Հայաստանը միացել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնած Միջազգային արևային դաշինքին, ինչը նոր հեռանկարներ է բացում համագործակցության համար: Նա նաև նշել է, որ 2023-ին երկու երկրները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել թվային փոխակերպման ոլորտում:
«Նյու Դելիում կայացած այս այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել փաստաթուղթ բժշկական արտադրանքի կարգավորման ոլորտում համագործակցության մասին»,- հավելել է նախարարը:
Միրզոյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերին, ներկայացրել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները:
«Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում՝ վերանորոգված և նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի և էլեկտրահաղորդման գծերի միջոցով», - բացատրել է նա: Նա մեջբերել է Մահաթմա Գանդիի խոսքերը. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:
Միրզոյանը համեմատություն է անցկացրել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքականության միջև: «Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը, եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» հետ», - նշել է նա:
Միջոցառմանը մասնակցել են Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, փորձագիտական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին:
«Ամփոփելով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ և հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով և պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով», - ամփոփել է Արարատ Միրզոյանը:
Civilnet










