«Գերիներին կարող եք ազատել միայն Դուք». ԱՄՆ-ի ազդեցիկ քրիստոնյա առաջնորդները՝ Թրամփին

Շուրջ երկու տասնյակ ամերիկացի քրիստոնյա առաջնորդներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել և ազատել 24 քրիստոնյա գերիներին։ Վերջիններիս թվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն արդեն 23 օր է՝ հացադուլ է պահում և գտնվում է առողջական ծանր վիճակում։ ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը կարծում է, որ նամակը բազմաշերտ է, իսկ այն ստորագրած անձինք՝ ԱՄՆ-ում կրոնական իրավունքների ազդեցիկ պաշտպաններ։ Թրամփին ուղղված նամակը թարգմանաբար ներկայացվում է ստորև։
«Հարգելի պարոն նախագահ,
Շնորհակալ ենք քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածյալ քրիստոնյաներին ցուցաբերած Ձեր աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր և վճռական ուղերձ էր նրանց, ովքեր փորձում են խաթարել Հայաստանի անվտանգությունը և ոչնչացնել նրա՝ որպես Քրիստոսի ավետարանն առաջինն ընդունած երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությունը։
Դուք հստակ շեշտեցիք, որ, ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որը մշտապես հրաժարվել է պաշտպանել քրիստոնյաների իրավունքներն ամբողջ աշխարհում, Դուք կպաշտապնեք ճնշված քրիստոնյաների իրավունքները աշխարհի յուրաքանչյուր անկյունում։
Որպես ամերիկացի քրիստոնյա առաջնորդներ՝ դիմում ենք Ձեզ մի հարցով, որը կարող է լուծել միայն Ձեր որակներով օժտված առաջնորդը՝ մեկը, որին հարգում և որից վախենում են այլ երկրների ղեկավարները։
Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտման ենթարկեց ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի՝ վտարելով նրանց իրենց նախնիների հողից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու էթնիկ զտումը կամ պատժելու այդ հանցագործության հեղինակներին։
Այդ ժամանակից ի վեր նույն ռեժիմը որպես պատանդ է պահում 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի նորադարձ քրիստոնյայի, որոնք, հավաստի տեղեկությունների համաձայն, ենթարկվում են պարբերական խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ միակ կազմակերպությունը, որն ուներ հասանելիություն և կարող էր հետևել գերիների վիճակին, վերջին օրերին պարտադրվել է լքել երկիրը։
Պարոն նախագահ, մենք հավատացած ենք, որ Դուք միակ մարդն եք, որը կարող է փրկել այս քրիստոնյա գերիներին։ Մի քանի ամիս առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց իսրայելցի գերիներին՝ վախենալով Ձեր վարչակազմից։
Ձեր հանձնառությունը Կովկասում, Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում խաղաղության ապահովմանը հանձնառություն է կայունությանն ու «Ամերիկան՝ առաջին տեղում» Ձեր քաղաքականությանը։
Հարգանքով՝
Դոկտոր Ալվեդա Քինգ, նախագահ, Ամերիկյան երազանքի կենտրոն
Պատվավոր Միշել Բախման, դեկան, Ռոբերթսոնի պետական կառավարման դպրոցը
Սոհրաբ Ահմարի, ԱՄՆ խմբագիր, UnHerd
Ռոդ Դրեհեր, լրագրող և հեղինակ
Թրոյ Միլլեր, նախագահ և գլխավոր տնօրեն, Ազգային կրոնական հեռարձակողների միություն
Դեսպան Սեմ Բրաունբեք, համանախագահ, IRF գագաթնաժողով
Շոն Ֆոյխթ, միսիոներ, երաժիշտ, ակտիվիստ, հեղինակ և բանախոս
Վիլյամ Վուլֆ, գործադիր տնօրեն, Բապտիստական առաջնորդության կենտրոն
Բոբ Վանդեր Պլաց, նախագահ և գլխավոր տնօրեն, The FAMiLY Leader
Դեդե Լաուգեսեն, գործադիր տնօրեն, «Պաշտպանել հալածված քրիստոնյաներին» կազմակերպություն
Սյուզան Բոկ Գրիշման, գործադիր տնօրեն, Mercury One, Inc. և The Nazarene Fund
Դեսպան Ալբերտո Ֆերնանդես, փոխնախագահ, Մերձավոր Արևելքի Մեդիահետազոտական ինստիտուտ
Դոկտոր Ջիմ Գառլոու, գլխավոր գործադիր տնօրեն, Well Versed
Հոգևորական Ռոզմարի Շինդլեր Գառլոու, գլխավոր գործադիր տնօրեն, Schindler’s Ark
Դոկտոր Դեյվիդ Քարրի, USCIRF հանձնաժողովի անդամ
Նադին Մաենցա, նախագահ, IRF քարտուղարություն
Դենիզ Բուբեք, խորհրդի անդամ, Save Armenia
Դոկտոր Փոլ Մարեյ, միջազգային փոխնախագահ, Գլոբալ խաղաղության հիմնադրամ»։
«Ազդեցիկ դեմքեր, որոնց թվում Վենսի մենթորներն են»
ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը, մեկնաբանելով այս նամակի նշանակությունը, նշում է, որ այն բազմաշերտ է։
«Առաջինն այն տոնայնությունն է, որով նկարագրվում է Բաքվի ռեժիմը, ինչպես նաև փաստը, որ ռեժիմի գործողությունները համեմատվում են ՀԱՄԱՍ-ի հետ։ Ստորագրյալներից գրեթե բոլորը ԱՄՆ-ում Իսրայելի զորեղ աջակիցներ են։
Երկրորդ ուշագրավ հանգամանքը ստորագրյալների ազդեցիկ դիրքն է. նրանց շարքում են ԱՄՆ-ի հայտնի քրիստոնյա աջերից շատերը՝ նախագահ Թրամփի հիմնական ընտրազանգվածի ներկայացուցիչները։ Իրականում, այս անձանցից երկուսը՝ Սոհրաբ Ահմարին և Ռոդ Դրեհերը, ԱՄՆ-ի ներկայիս փոխնախագահ ՋեյԴի Վենսի անձնական մենթորներն են», - ասում է Հակոբյանը։
Գերիների մասին
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է 23 հայ պատանդների գոյությունը, որոնց մեծ մասը գերվել է 2020-ի պատերազմից հետո։ Քրիստոնյա առաջնորդների նշած «նորադարձ քրիստոնյան» ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովն է՝ Պրահայի Կառլովի համալսարանի դոկտորանտ, որին Բաքուն ձերբակալել է պետական դավաճանության մեղադրանքով։
Ստելլա Մեհրաբեկյան
Civilnet










