Գյումրիի ընտրություններին հնդիկների և ջավախահայերի զանգվածային գրանցումների լուրերն անհիմն են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վերջին շրջանում սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվում են պնդումներ, թե Գյումրիի մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքում մեծ թվով հնդիկներ և ջավախահայեր են գրանցվում՝ ընտրություններին մասնակցելու համար։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է հրապարակված ընտրողների ցանկերը և բացահայտել, որ այս պնդումներն անհիմն են։
Ովքե՞ր և ի՞նչ են պնդում
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը մարտի 11-ին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է, թե Գյումրիում «մեծ քանակության հնդիկներ, ջավախահայեր են գրանցվում» ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Նրա խոսքով՝ «տարածվող լուրերի համաձայն» արդեն 3,000 ընտրող գրանցված է Գյումրիում, հիմնականում Ջավախքից։
Նույն օրը «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե «տեղեկություններ են հասնում», որ Գյումրի են մեկնում հնդիկներ՝ ընտրություններին մասնակցելու համար։

Ուշագրավ է, որ այս պնդումները հիմնված են «շրջանառվող լուրերի», «տեղեկություններ են հասնում» տիպի անհստակ և ոչ ստուգելի աղբյուրների վրա։ Փաստական տվյալներ կամ ապացույցներ հրապարակումներում չեն ներկայացվում։
Ներքին գործերի նախարարությունը դեռ փետրվարին հերքել է պնդումները
Տարածված նույնատիպ պնդումների մասով փետրվարի 25-ին արձագանքել էր Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)՝ հերքելով մեդիա տիրույթում շրջանառվող տեղեկությունները։
ՆԳՆ-ն իր պարզաբանման մեջ հստակեցրել է, որ Գյումրիի ընտրություններում քվեարկելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 112,160 անձ, որոնց թվում են նաև 921 ժամանակավոր պաշտպանություն ստացած և 2,206 օտարերկրյա քաղաքացիներ։
ՆԳՆ-ն պարզաբանել է, որ համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ՏԻՄ ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին ընտրելու իրավունք ձեռք է բերում միայն բնակչության պետական ռեգիստրում Գյումրի համայնքում 6 ամսվա հաշվառում ունենալու դեպքում, իսկ օտարերկրացիները՝ միայն մեկ տարվա հաշվառում ունենալու պարագայում։

Սա նշանակում է, որ անգամ եթե ընտրությունների նախաշեմին մարդիկ հաշվառվեին Գյումրիում, նրանք չէին կարող մասնակցել մարտի 30-ի ընտրություններին։
Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հնդիկների մասին պնդումներն անհիմն են
#CivilNetCheck-ը հավաքագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում հրապարակված Գյումրիի ՏԻՄ ընտրությունների շուրջ 112,000 ընտրողի ցանկերը։ Դրանցում հայտնաբերվել է ընդամենը չորս անուն, որոնք կարող են պատկանել Հնդկաստանի քաղաքացիների կամ հնդկական ծագում ունեցող անձանց։
Սա վկայում է այն մասին, որ Գյումրիի ընտրացուցակներում «մեծ թվով հնդիկների» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Ինչ վերաբերում է ջավախահայերի մասին պնդումներին, պետք է նշել, որ եթե նրանք չունեն ՀՀ քաղաքացիություն, ապա նույնպես պետք է առնվազն մեկ տարի հաշվառված լինեն Գյումրիում՝ ընտրություններին մասնակցելու համար։ #CivilNetCheck-ը չի կարող ընտրական ցուցակներով ստուգել ջավախահայերի ճշգրիտ թիվը, քանի որ դրանցում չի նշվում ընտրողի նախկին հասցեն կամ քաղաքացիությունը։
Ինչպես նշեցինք սակայն Գյումրիի առաջիկա ընտրությունները ոչ թե հերթական են, այլ արտահերթ։
2024-ի հոկտեմբերին Գյումրիի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքն ամբողջ կազմով մանդատները վայր դրեց։ Դեկտեմբերին կառավարության որոշմամբ նշանակվեց ավագանու արտահերթ ընտրություն։
Եթե անգամ այդ ժամանակից սկսած ջավախահայերը կամ հնդիկները գրանցվեին Գյումրիում, նրանք մարտի 30-ին նշանակված արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ունենա, քանի որ ըստ օրենքի՝ պահանջվում է առնվազն վեց ամսվա, իսկ օտարերկրացիների դեպքում՝ մեկ տարվա հաշվառում։
Այսպիսով, Գյումրիի ՏԻՄ ընտրությունների համատեքստում հնդիկների և ջավախահայերի ենթադրյալ զանգվածային մասնակցության մասին պնդումները չեն հաստատվում փաստերով։ Քաղաքագետ Համբարյանի և Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Բաբայանի պնդումներն անհիմն են։
Թեմա
CivilNetCheck
Civilnet










