Մարտի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Այս առիթով մի շարք երկրներ հայտարարություններ են արել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Ֆրանսիա
Ֆրանասիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում գրել է․
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այլևս չկան խոչընդոտներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում տևական խաղաղության համար»։
I welcome the announcement of the conclusion of negotiations between Armenia and Azerbaijan.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) March 13, 2025
There are now no remaining obstacles to the signing of a peace treaty between Armenia and Azerbaijan, which should pave the way for a lasting peace in the South Caucasus.
Գերմանիա
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը բանակցությունների ավարտն անվանել է «հուսադրող»։
«Այն, որ տասնամյակների թշնամանքից և պատերազմից հետո երկարատև խաղաղությունը կարող է շոշափելի լինել, կարևոր է տարածաշրջանի համար և դրանից դուրս»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ «երկարատև բանակցություններից հետո Հայաստանը խիզախ զիջումներով ճանապարհի վերջին քայլը հնարավոր է դարձնում, ճանապարհի, որի ընթացքում մենք ուղեկից ենք եղել»։
Die Meldung über die Einigung von #Armenien und #Aserbaidschan auf ein #Friedensabkommen stimmt hoffnungsvoll. Dass nach Jahrzehnten der Feindseligkeit und des Krieges nachhaltiger Frieden nun greifbar werden kann, ist wichtig für die Region und darüber hinaus. 1/2
— Außenministerin Annalena Baerbock (@ABaerbock) March 13, 2025
Եվրամիություն
Եվրամիությունը ևս ողջունել է Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ճանապարհը հարթելու համար:
«Մենք ողջունում ենք երկու կողմերից վերջին մի քանի տարիներին այս ուղղությամբ կատարած հաստատակամ աշխատանքը՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթել տեքստի վերջնականացման համար։ Այս հայտարարությունները որոշիչ են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության ճանապարհին։ Կարևոր է այս ազդակը պահպանելը և գործընթացի սահուն ավարտն ապահովելը՝ երկու կողմից հեռատես և փոխզիջումային մոտեցումների հիման վրա։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է հավելյալ աջակցություն տրամադրել, եթե կողմերը դրա համար դիմեն»,- ասված է հայտարարության մեջ։
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարությունից ևս ողջունել են ձեռք բերված համաձայնությունը՝ այն համարելով անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար։
«ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ վեճերը երկխոսության միջոցով լուծելուն երկու կողմերի հանձնառության շնորհիվ շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության հաստատմանը»,- նշված է հայտարարության մեջ։
Վրաստան
Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը պատմական քայլ է համարել։ Այս մասին գրառում է հրապարակվել Վրաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը խաղաղության պայմանագրի 17 հոդվածների շուրջ։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության տեսանկյունից»,- նշված է գրառման մեջ։
Չինաստան
Չինաստանի կառավարությունը նույնպես ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական զարգացումները։
«Չինաստանն անկեղծ հույս է տածում, որ երկրները կկարողանան լուծել տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով՝ իրենց ներդրումն ունենալով տարածաշրջանի երկարատև խաղաղության և բարգավաճման մեջ», - նշված է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Պետքարտուղարության հայտարարությունը՝ ստորև։
«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակներ շարունակվող հակամարտության էջը՝ համաձայն նախագահ Թրամփի՝ ավելի խաղաղ աշխարհի տեսլականի։ Այժմ ժամանակն է ստանձնել խաղաղության, պայմանագիր ստորագրելու և վավերացնելու, ինչպես նաև Հարավային Կովկասի ժողովուրդների բարօրության համար նոր դարաշրջան բացելու հանձնառություն»,- ասված է հայտարարությունում։
ՀԱՊԿ
ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։
«Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսինե Վարդանյան
Civilnet











