Լիա Ավագյան
Մենք ի՞նչ կապ ունենք այդ Բուսաբանական այգու ծառերի հետ, ծառահատումների հետ․ Երևան քաղաքի ավագանու մարտի 18-ի նիստում հարցադրում արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Բուսաբանական այգում տեղի ունեցած ծառահատումներին։
Ավինյանը ծառահատումներին անդրադարձավ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանի ելույթից հետո․ «Հարգելի իշխանավորներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես կանաչապատումից չխոսեք, մինչեւ տեսնենք՝ իրավապահ մարմինները ինչ են անում, ոնց են անում, վերջերս Բուսաբանականի ծառահատումներն էլ վկա»։
Պատասխանելով Թորոսյանին՝ քաղաքապետը հերքեց քաղաքապետարանի կապը այգում կատարվողի հետ. «Մենք ի՞նչ կապ ունենք այդ Բուսաբանական այգու ծառերի հետ, ծառահատումների հետ»։
Մարտի 15-ին բլոգեր Էդուարդ Հայրումյանն ահազանգեց Բուսաբանական այգում հաստափոր կաղնիների հատման մասին՝ կցելով լուսանկարներ։ Ըստ բլոգերի՝ վերջին ամիսներին հատվել է ավելի քան երկու տասնյակ կանաչ կաղնու ծառ։
Տարածված տեսանյութից և լուսանկարներից հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, որից հետո՝ մարտի 17-ին, Բուսաբանական այգին հայտարարություն տարածեց. «Երևանի Բուսաբանական այգու ծառահատումների հետ ներկայիս տնօրեն Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի, և իր օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել»։
«Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի 2025թ. մարտի 17-ի 15-Լ հրամանի՝ մասնագիտական հանձնախմբի մասնակցությամբ՝ Ժիրայր Վարդանյան, Նորիկ Շատոյան, Աշոտ Բոգդանյան, Նաիրա Պողոսյան, Արթուր Պետրոսյան, Մերինե Սարգսյան 2025թ. մարտի 17-ին Երևանի Բուսաբանական այգու դենդրոհավաքածուների հողամասում իրականացրել են կաղնու ծառուղու դիտարկում, ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ ծառուղու երկարությամբ առկա էին մոտ 30 հատ հատված կոճղեր, ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է, որ մեկ տասնյակից ավելի քանակությամբ կոճղերն ունեն մի քանի տարիների հատման վաղեմություն։ Մոտ 20 հատ կոճղեր հատվել են 2024 թ-ի աշնանը։ Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն»,- ասված է հայտարարությունում։
Պարզաբանում է ՀՈԱԿ-ը
Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մարտի 18-ի ճեպազրույցում անդրադարձավ ծառերի հատման շուրջ աղմուկին, ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ է կատարվել Բուսաբանական այգում և ավելացրեց, որ ծառերի հատել-չհատելը չի գտնվում ՀՈԱԿ-ի լիազորությունների ներքո․ «Բուսաբանության ինստիտուտը գտնվում է ազգային ակադեմիայի կառույցի ենթակայության տակ և ՀՀ-ի բուսաբանության ոլորտի համար առաջին ինստիտուտն է։ Տեղյակ էլ չեմ, չեմ կարող ավելի մանրամասնել, եթե միգուցե գիշերը, միգուցե չգիտեմ՝ երբ, մի քաղաքացի որոշել է կտրել, դա դատապարտելի է, բայց եթե խորհուրդը որոշում է կայացրել հատելու, ապա ես կասկածի տակ չեմ դնում նրանց մասնագիտական գիտելիքները»։
ՍիվիլՆեթը կապվեց այգու գլխավոր գյուղատնտես Նորիկ Շատոյանի հետ։ Վերջինս կտրականապես հրաժարվեց մեկնաբանություն տալ։
ՍիվիլՆեթը կապ հաստատեց նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն, որտեղից նույնպես մեկնաբանություն չտվեցին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։
Civilnet











