Գևորգ Թոսունյան
Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում, մարտի 30-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ։ ՍիվիլՆեթը վերլուծել է քաղաքապետի թեկնածուների հայտարարագրերն ու պարզել՝ ով է նրանցից ամենահարուստը։
Մարտուն Գրիգորյան՝ ամենահարուստ թեկնածուն
Գյումրիում քաղաքապետի թեկնածուներից ամենահարուստը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն է։ Նա ունի 190 մլն դրամ և 20 հազար դոլար։ Գրիգորյանը նաև հայտարարագրել է բնակելի տուն, հողամասեր Գյումրիում և բնակարաններ Երևանում։
Կարեն Սիմոնյան՝ «Մայր Հայաստանի» գործարարը
Գրիգորյանին զիջում է «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանը։ 39-ամյա գործարարն իր միջոցներից միայն մեկ միլիոն դրամն է անկանխիկ պահում, մնացածը՝ կանխիկ։ Ընդհանուր առմամբ, նա ունի 150 մլն դրամ, 15 հազար դոլար, 8 հազար եվրո, 980 հազար ռուբլի։ Սիմոնյանը 50-100 տոկոս բաժնեմաս ունի «Կումայրի գրուպում», «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ում և «Էկոնովա» ՍՊԸ-ում։ Նա ունի նաև 6 միավոր անշարժ գույք Գյումրիում՝ արտադրամասեր, բնակարան, պահեստ ու կաթսայատուն, ինչպես նաև վարում է 2015-ի BMW։
Ռուբեն Մխիթարյան՝ երրորդը ցանկում
«Իմ հզոր համայնք»-ից Ռուբեն Մխիթարյանն ունի 41 մլն դրամ և 67 հազար դոլար։ Նրա եկամուտները ձևավորվել են իրեն պատկանող «Վառուվի» ՍՊԸ-ից․ հաշվետու տարում ստացել է ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ և 43 միլիոն դրամ շահաբաժին։ Մխիթարյանը նաև առանձնատուն ունի Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։
Սարիկ Մինասյան․ ՔՊ թեկնածուի ունեցվածքը
«Քաղաքացիական պայմանագրից» Սարիկ Մինասյանն ունի 19 մլն դրամ, 3,500 եվրո և 6,000 դոլար։ Նրա եկամուտները ձևավորվել են Միասնական սոցիալական ծառայությունում աշխատավարձից՝ տարեկան շուրջ 5 մլն դրամ։ Մինասյանը ստացել է նաև ավելի քան 3 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկ և ունի մեկ բնակարան Գյումրիում՝ համատեղ սեփականության իրավունքով։
Վարդան Ղուկասյանի ոսկեղենն ու մեքենան
Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի դրամական միջոցները կազմում են 4 մլն դրամ, 6,000 եվրո և 3,500 դոլար։ Նա ունի ոսկյա ժամացույցներ, ադամանդե մատանիներ ու ոսկյա ապարանջաններ։ Ղուկասյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Ալեքսպոլ» ՍՊԸ-ում, ստացել է 530 հազար դրամ թոշակ։ Ունի հողամաս, երկու բնակելի տուն և առևտրի համալիր Գյումրիում, վարում է 2005-ի արտադրության BMW։
Լևոն Բարսեղյանի հավաքածուները
Եվրադաշինքից Լևոն Բարսեղյանն ունի 29 մլն դրամ, 4,200 եվրո, ավելի քան 3,500 դոլար և 58 ֆիլիպինյան պեսո։ Նրա եկամուտներն են․ ԱՁ-ից՝ շուրջ 10 մլն դրամ, «Ժուռնալիստների ասպարեզ» ակումբից՝ 4,5 մլն դրամ, YouTube-ից՝ 2,000 դոլար, ինչպես նաև 4 մլն դրամ նվիրատվություններ։ Բարսեղյանն ունի Գյումրիում բնակելի տուն, հողամասեր, Լոռու մարզի Վահագնի գյուղում հողատարածքներ։ Նա հայտարարագրել է 22 մլն դրամի գծանկարների հավաքածու, 18 մլն դրամի գրքերի հավաքածու և 9 ու 8 մլն դրամի հնաոճ իրերի ու մետաղադրամների հավաքածուներ։
Մյուս թեկնածուների ունեցվածքը
Իր քարոզարշավը Գյումրիի ֆայտոնով մեկնարկած Արտյոմ Թումանյանի հայտարարագիրը նույնպես առանձնանում է։ Նա ունի 10 մլն դրամ դրամական միջոցներ։ Իսկ եկամուտները տարվա ընթացքում կուտակվել են նվիրատվություններից և ավանդային գումարներից։
«Ապրելու երկիր» կուսակցությունից Կարեն Մալխասյանն ունի 5 մլն դրամ, եկամուտներ չունի, Գյումրիում ունի մեկ տուն։ «Դեմոկրատական այլընտրանքից» Արտյոմ Ղարաղազարյանն ունի ընդամենը 210 հազար դրամ, բայց վարում է տարբեր մակնիշի վեց մեքենա։
Civilnet











