ԿԲ նախագահը խոսել է ռուբլու և եվրոյի արժևորման պատճառների մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը ռուբլու և եվրոյի արժևորումը բացատրում է ռուս-ուկրաինական հակամարտության հավանական կարգավորմամբ և ամերիկյան ակտիվների նկատմամբ առկա որոշակի տատանողականությամբ:
«Ռուսական ռուբլու ամրապնդման հիմնական գործոններից մեկը դրական շուկայական սենտիմենտն է, որը կապված է ուկրաինական ճգնաժամի հնարավոր շուտափույթ լուծման հետ», - ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մարտի 18-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ շուկայի խաղացողների մոտ «այդ սենտիմենտը դոմինանտ է»: Սա, ըստ ԿԲ նախագահի, պայմանավորված է ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև հեռախոսազրույցով. «Որոշակի ակնկալիքներ են ձևավորվել, ինչը դրական է անդրադառնում ռուսական ակտիվների արժեքի վրա»։
Խոսելով արտարժույթի շուկայի վարքագծի մասին՝ Գալստյանը նաև անդրադարձել է եվրոյի դինամիկային (այն դանդաղ, բայց ևս արժևորվում է)՝ նշելով, որ այն «հիմնականում պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ ունեցած որոշակի տատանողականությամբ»։
ԿԲ նախագահի կարծիքով՝ շուկայի մասնակիցները դեռևս փորձում են հասկանալ ԱՄՆ վարչակազմի հետագա քայլերը սակագնային (տարիֆային) քաղաքականության և տնտեսական հարաբերությունների ոլորտում։
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ ֆինանսական շուկայում արձանագրվել է դրամի էական արժեզրկում ռուսական ռուբլու համեմատությամբ։ Մասնավորապես, հունվարից մինչև մարտի 18-ը փոխարժեքը աճել է գրեթե 28%-ով՝ 3,7 դրամից հասնելով 4,74 դրամի՝ մեկ ռուբլու դիմաց։ Եվրոն տարսեկզբից արժևորվել է 3,4%-ով:
Civilnet










