Գլխավոր Լրահոս

Կրիպտոն Հայաստանում. կարգավորե՞լ ոլորտը, թե՞ ոչ. քննարկում

Կրիպտոն Հայաստանում. կարգավորե՞լ ոլորտը, թե՞ ոչ. քննարկում

Ինչպե՞ս կարգավորել կրիպտոարժույթների շուկան Հայաստանում՝ չխեղդելով նորարարությունը և միաժամանակ կառավարելով ռիսկերը: Ի՞նչ է նախատեսում Կենտրոնական բանկի նոր օրենսդրական նախաձեռնությունը և ինչո՞ւ է այն արժանացել ոլորտի ներկայացուցիչների քննադատությանը: Հայաստանում կրիպտո ոլորտի զարգացման, դրա հեռանկարների և ռիսկերի մասին ՍիվիլՆեթը լսել է բնագավառի ներկայացուցիչների մտահոգությունները և Կենտրոնական բանկի պատասխանները: 

«Օրենքն ավելի գրավիչ կդարձնի կրիպտո ոլորտը»

Հայաստանի կառավարությունը փետրվարի 27-ին հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթների շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգային դաշտի ստեղծմանը։

Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ այս նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի կանխատեսելի միջավայր՝ ոլորտում գործող ձեռնարկատերերի համար հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով։ 

Ոլորտի ընկերությունների մի մասը դժգոհություն է հայտնել կարգավորող նորմերի ընդունման վերաբերյալ, մինչդեռ ֆինանսների նախարարությունը պնդում է, որ այս օրենքն ավելի գրավիչ կդարձնի Հայաստանը միջազգային դերակատարների համար։ Օգտատերերը հնարավորություն կստանան օգտվել մասնագիտական ծառայություններից և անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել ֆինանսական հաշտարարի հետ՝ իրենց իրավունքների պաշտպանության նպատակով։

Նոր օրենսդրական նախաձեռնությամբ Կենտրոնական բանկը հասանելիություն կստանա այս ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը։ Բանկը կարող է արձագանքել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր ռիսկերին, ինչպես նաև այդ հարցերի շուրջ համագործակցել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ։

ՀՀ Կենտրոնական բանկի հավաստմամբ, օրինագիծը մշակելիս դրա հեղինակները հիմնականում առաջնորդվել են Եվրոպական Միության երկրների կողմից ընդունված MiCA (Markets in Crypto Assets) նորմերով։ Ըստ այդմ, նշում են ԿԲ-ից, կարգավորման տակ է ընկնում ոլորտի ֆինանսական, ոչ թե տեխնոլոգիական բաղադրիչը: 

Համայնքը բարձրաձայնում է կրիպտոյի «ամենածանր կարգավորումների» մասին

Հայաստանի Կենտրոնական բանկի մշակած նոր օրենսդրությունը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել կրիպտո ոլորտի ներկայացուցիչների շրջանում։

ՍիվիլՆեթին տված հարցազրույցում «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը պնդում է, որ Հայաստանում ներդրվում են «կրիպտոյի ամենածանր կարգավորումները», ինչը հանգեցնելու է ոլորտի «փաստացի վերացման»։

«Կարելի է ասել, որ Կենտրոնական բանկը 2018 թվականից սկսած խիստ ճնշումների է ենթարկել ոլորտն այն առումով, որ բանկերին, տնտեսվարողներին և հանրությանը խորհուրդ է տվել զերծ մնալ կրիպտոարժույթներից, ինչի հետևանքով բանկային համակարգը մինչ այս պահը, արդեն շուրջ յոթ տարի կլինի, չի սպասարկում այս ոլորտը։ Այսինքն՝ ընկերությունները, որոնք գործում են օրենքի շրջանակներում, արգելված չեն Հայաստանում, գրանցված են հարկայինում, չեն կարող ունենալ բանկային հաշիվ, չեն կարող տարրական ֆինանսական գործիքներից օգտվել և այդ պատճառով չեն կարող նաև ընդլայնվել»,- նշել է Ավետիսյանը՝ հավելելով, որ նաև այդ պատճառով միջազգային ընկերությունները ներկայացված չեն Հայաստանում։

Ըստ «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադրի՝ իրենց առաջարկվում է մտնել այնպիսի լիցենզավորման դաշտ, որը խիստ նման է բանկային ոլորտի կարգավորումներին։ Նրա խոսքով, պահանջների ցանկում է նաև ունենալ կանոնադրական կապիտալ, գրասենյակային տարածք, աուդիտ, ինչը շատ ռեսուրսատար և ծախսատար է։

Կենտրոնական բանկի նպատակն է ստեղծել «հասկանալի դաշտ»

Այս պնդումներին արձագանքում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ընդգծելով, որ ԿԲ-ն բանկերին չի արգելել հաշիվներ բացել կրիպտո ընկերությունների համար: Նուրբեկյանը նշում է, որ իրենք բանկերին պարզապես զգուշացրել են, որ ոլորտը բարձր ռիսկեր է պարունակում, իսկ հաշիվներ բացելու վերաբերյալ որոշումը կայացրել է յուրաքանչյուր բանկ։

«Այդ գրության հիման վրա որոշ բանկեր որոշել են չբացել հաշիվներ, բայց նաև որոշ բանկեր որոշել են բացել հաշիվներ և եղել են բավականին մեծ բանկային համակարգով շարժեր, ինչը մենք տեսնում ենք», - նկատում է ԿԲ նախագահի տեղակալը։

Նուրբեկյանը շեշտում է՝ «ամենալավ բանը», որ իրենք կարող են անել ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման համար, հասկանալի դաշտ ստեղծելն է՝ միաժամանակ չթույլատրելով կասկածելի «խաղացողներին» մուտք գործել Հայաստան։

Կրիպտոն Հայաստանում՝ փոխանակման կետերից անդին

Հայաստանում կրիպտո ոլորտի գուծունեությունը, ըստ «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանի, հիմնականում սահմանափակվում է փոխանակման կետի գործառույթով:

«Կրիպտոարժույթի գնման կամ կանխիկացման գործընթացը շատ պարզ է: Դուք այցելում եք փոխանակման կետերից մեկը, կատարում եք փոխանցում՝ ուղարկելով կրիպտոարժույթ և տեղում ստանալով կանխիկ գումար կամ հակառակը՝ տրամադրում եք կանխիկ գումար և ստանում համապատասխան կրիպտոարժույթ: Այս ամենը գործում է գրեթե նույն կերպ, ինչպես ավանդական արտարժույթի փոխանակման կետերը», - բացատրում է Ավետիսյանը՝ զարմանք հայտնելով, թե ինչու է ԿԲ-ն ցանկանում բանկային ոլորտին բնորոշ կարգավորումներ ներդնել:

Կենտրոնական բանկում այլ կարծիքի են, քանի որ տարբերություն են տեսնում անվանդական և կրիպտո գործարքներ իրականացնող փոխանակման կետերի միջև: «Փոխանակման կետերում կանխիկը փոխանակվում է կանխիկի հետ, իսկ կրիպտոյի դեպքում կանխիկը փոխարկվում է անկանխիկի: Այս տարբերությունն էականորեն փոխում է կարգավորման պահանջները», - նշում է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված ֆինանսական ծառայություններն ունեն երկակի բնույթ. մի կողմից՝ առաջարկում են նորարարական, արագ և հարմարավետ լուծումներ սպառողներին, մյուս կողմից՝ պարունակում են որոշակի ռիսկեր:

«Կենտրոնական բանկը ոչ թե ձգտում է կարգավորել տեխնոլոգիան, այլ դրա հիման վրա մատուցվող ֆինանսական ծառայությունները՝ հանրային շահի պաշտպանության նկատառումներից ելնելով: Մեր խնդիրն է հավասարակշռել ոլորտի զարգացումը և քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ովքեր վաղը պետք է ներդրումներ կատարեն այս ոլորտում», - ընդգծում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

Էդուարդ Ավետիսյանը չի ընդունում փողերի լվացման կամ այլ ռիսկերի վերաբերյալ կրիպտո ոլորտին ուղղված քննադատություններին: 

«Այդ թվում KPMG-ի (միջազգային աուդիտորական և խորհրդատվական կորպորացիա) իրականացրած վերլուծությունները ցույց են տալիս, որ կրիպտոարժույթների գործարքների ընդամենը 0,25%-ն է առնչվում ապօրինի գումարներին: Մինչդեռ համաշխարհային ՀՆԱ-ի 2-5%-ը շրջանառվում է փողերի լվացման նպատակով ավանդական ֆինանսական համակարգերի միջոցով: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ոչ թե կրիպտոարժույթները, այլ բանկային համակարգն է անհրաժեշտ արգելել», - նշել է նա:

Ի պատասխան՝ Նուրբեկյանը հիշեցնում է FTX-ի օրինակը, որը համարվում էր կրիպտոարժույթների ամենանորարարական բորսաներից մեկը, սակայն ի վերջո այնտեղ բացահայտվեց խոշոր խարդախություն, որն էական վնաս հասցրեց ամբողջ ոլորտի հեղինակությանը:

Շուկայի ծավալը՝ որոշիչ գործոն

Խոսելով ներդրումային միջավայրի վրա օրենսդրական կարգավորումների ազդեցության մասին՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը որպես գլխավոր գործոն մատնացույց է անում շուկայի ծավալը. «Երբ խոսում ենք Հայաստանում կրիպտո ընկերությունների ներկայության մասին, պետք է հասկանանք, որ գլխավոր խնդիրը կարգավորումների խստությունը չէ, այլ շուկայի իրական ծավալները»։

Ըստ նրա՝ այն ընկերությունները, որոնք փնտրում են կայուն և կանխատեսելի իրավական դաշտ, կարող են հետաքրքրված լինել Հայաստանով, սակայն նրանց վերջնական որոշումը կախված կլինի ոչ թե օրենսդրական շրջանակից, այլ տեղական շուկայի ծավալից և ընդլայնման հնարավորություններից:

Արշալույս Մղդեսյան և Գեղեցիկ Ոսկանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում